ԵՎ Ի՞ՆՉ է ՏՎԵԼ

Apr 14, 2012 15:07

Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,-
Հավիտյան նորոգ իր հնությունը,
Իր ջրվեժների անքնությունը
Եվ հոգնահոլով իր կրկնությունը...

Իր քարափների համբերությունը,

Իր խղճի առաջ իր գերությունը,
Իր անդունդների տարողությունը,
Սեփական վերքերն ապաքինելու
Կարողությունը...
Իր սևահողի խոնավությունը,
Մասրենու փշոտ խոնարհությունը...
Ինքնաբաշխումի ուրախությունը,
Ինքնամերժումի խիզախությունը,
Ինքնության պատիվն ու թանկությունը,
Ինքն իր մեծությամբ չպարծենալու
Երջանկությունը...

Համո Սահյան

Ազգային գաղափարախօսութիւն, Հայ գրականութիւն, Ինքնաճանաչողութիւն, աշխարհ, մարդիկ, հայեր, Համո Սահյան

Previous post Next post
Up