Mar 21, 2012 18:44
Խոզ1: - Դու հրա՜շք ես իմ խոզուկ: Քայլուածքդ կը գերեր նոյնիսկ հունական աստուածներին,- ցեխաջրի մէջ նստած բացականչեց առաջին խոզը:
Խոզ2: - Օ դու իմ խոզ, որ ունես ճարտար լեզու, դու քո այդ գրագիտութեամբ փայլում ես ինչպէս վառ աստղ: Ա՜ստղ ես դու, արարուած համայն կենդանութեանը լուսավորելու համար,- խռխռացնելով արձագանքեց երկրորդ խոզը եւ վազեց կանգնեց բարձր թմբի վրա, որ աճել էր գոմաղբից:
Խոզ3: - Ճի՜շտ որ,- քնաթաթախ ծանր արձագանքեց միւս խոզը,- ամէն երեկոյ ես ընթերցում եմ քո բանաստեղծութիւնները, ստեղծագործութիւնները և զմայլւում քո բառագիտութեամբ: Կեանքի ռիթմը, շարժումը ամբողջութեամբ առկայ է քո քնարարականում:
Շոյուած էր առաջին խոզը: Թափ տուեց իրեն ցեխաջրի մէջ ու արտասանեց իր գրուածքներից մի քանիսը իր խոզ ընկերների համար:
Իսկ ահա ընկերները մէկը թմբի վրայ կանգնած, միւսը պառկած, զմայլուած հետեւում էին ցեխաջրի մէջ վեհ կանգնած խոզի արտասանութեանը:
Առանձնապէս կարելի էր հետեւել թմբի վրայ կանգնած խոզուկին, նրա հայացքը: Նա հեռուն էր առել իր աչքերը եւ ուշի ուշով լսում էր իր սիրելի ընկերոջ խռխռոցը:
-Ի՞նչ ես մտածում խոզուկ,- յանկարծ ընդհատեց խոզն իր խռխռոցն ու դիմեց իր թմբի վրայ կանգնած ընկերոջը:
- Օ՜, շարունակիր իմ բարեկամ,- ասաց խոզուկը, շարունակելով հեռավոր հորիզոնները զննել:
- Ո՜չ, քո հայացքը մի նոր ստեղծագործութեան աղբիւր է, ես պիտի իմանամ քո մտքերը:
Քնաթաթախ խոզն արդէն լայն բացել էր աչքերը ու ճգնում էր ոտքի կանգնել:
- Այո, այո․․․ իսկապէս: Ասա իմ խոզուկ:
- Բարձրացեք այս թմբի վրայ, իմ բարեկամներ:
Խոզերը բարձրացան: Եւ կանգնելով գոմաղբի վրայ, ստեղծագործ խոզը բացականչեց․
- Այս տեսարանն իսկապէս բոցաշունչ է, իսկապէս ստեղծագործելու մեծ աղբիւր:
Թմբիրի վրայից երեւում էին հարեւան խոզանոցները, իսկ դրանց հետեւում մեծ մեծ ծառեր էին:
Եւ այսպէս, ապրում են խոզերը խոզանոցում, որոնց բնոյթն այնպիսինն է, որ երբէք չեն կարող գլուխը վեր բարձրացնել ու տեսնել աստղազարդ երկինքը:
աշխարհ,
մարդիկ