ԶԱՆԳԵԶՈՒՐ

Dec 22, 2011 02:04


Սերո Խանզադյանին
Ինձ կանչում է երկիրն այն անձրևոտ,
Ուր մի գիշերվա մեջ՝ մարդահասակ
Մի եղեգ է աճում անձավի մոտ:

Ինձ կանչում է երկիրն այն արևոտ,

Ուր քարակույտերի հոտն է ննջում
Խոշոր եղջերավոր ժայռերի մոտ:

Ինձ կանչում է երկիրն այն բարձրաձերձ,
Ուր որոտի պահին չես իմանում
Ա՞մպ է ոտքերիդ տակ, թե փլվող քերծ:

Ինձ կանչում է երկիրն այն խորախոր,
Ուր թե երեկ քար ես նետել անդունդ,
Արձագանքը պիտի լսես այսօր:

Ինձ այն հողն է կանչում, ուր նույն պահին,
Երբ որ ձորերի մեջ բալն է հասնում,
Ձնծաղիկն է բացվում ձորագլխին:

Ինձ կանչում է երկիրն այն խիստ ու մեղմ,
Որ կարող ես հանգիստ՝ ու տարվա չորս
Եղանակը տեսնել մի ժամվա մեջ:

Ինձ կանչում է երկիրն այն գեղանի,
Ուր մարդը մեղմ է, խիստ, բարձր է ու խոր
Բնաշխարհի նման իր հայրենի:

1954 թ., Համո Սահյան

Կտավը՝ Գուրոս, Տանձատափ գիւղը:



նկարներ, Հայ գրականութիւն, Ինքնաճանաչողութիւն, բանաստեղծութիւն, Ազգային գաղափարախօսութիւն, Զանգեզուր, Համո Սահյան, Սերո Խանզադյան

Previous post Next post
Up