Բաց նամակ

Jul 21, 2011 16:36


Բաց նամակ հայ հասարակությանը Հայրենիքում և սփյուռքում - ՀՀ և ԼՂՀ իշխանություններին, կուսակցություններին և հ/ք կազմակերպություններին, հ/կ-ներին, ԶԼՄ-ներին, ազատամարտիկներին, գիտնականներին և բոլորին, բոլորին, բոլորին

Վերջին ժամանակաշրջանում հայկական միջավայրում աշխուժացել է օտարների, այդ թվում` հայ ազգի թշնամի թուրքական պետության շահերին ծառայող հայանուն արարածների գործունեությունը: Նրանք հանդես են գալիս անընդունելի և դատապարտելի գնահատականներով, մասնավորաբար 1970-80-ականներին սփյուռքում ծավալված և 1980-ականների վերջից առ այսօր Արցախում ընթացող հայկական ազգային ազատագրական պայքարի նկատմամբ: ՙՊատմաբանի՚, ՙքաղաքագետի՚, ՙփորձագետի՚ ևն.ի պիտակի տակ, այս անձինք հնչեցնում են տեսակետներ, թե Արցախյան ազատագրական շարժումն ու գոյամարտը անջատողական բնույթ ունեին և ունեն, թե ԱՍԱԼԱ-ի պայքարը ոչ թե զինյալ ազատագրական պայքար էր, այլ` արյունարբու ահաբեկչություն: Ավելին, նմանների լկտիությունը հասել է այն մակարդակին, որ համարձակվում են ՀՀ իշխանություններին խորհուրդ տալ, նույնիսկ նրանցից պահանջել քննադատել և դատապարտել ԱՍԱԼԱ-ի ՙահաբեկչությունը՚:

Նման տեսակետներ վերջերս արտահայտել է Երևանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը թուրքական ՙՀյուրրիյեթ՚ օրաթերթին տված հարցազրույցում: Սույն պարոնը չի էլ թաքցրել իր սերտ գործակցությունը Թուրքիայի իշխանությունների, մասնավորաբար այդ երկրի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի և Թուրքիայի հետախուզության կառույցի` ՄԻԹ-ի ղեկավար Հաքան Ֆիդանի հետ, ում - շեշտենք` հայության ու Հայաստանի վերացումը նպատակադրած պետության հետախուզության պետին - Կիրակոսյանը որակել է ՙերիտասարդ և դինամիկ անձնավորություն՚… (Ռիչարդ Կիրակոսյանին առնչված նյութը):

Ներքոստորագրյալներս խստագույնս դատապարտում ենք Ռիչարդ Կիրակոսյանի հակահայ-թուրքական հայտարարությունները, նրա վարքագիծը գնահատում դավաճանություն, և կոչ ենք անում հայ հասարակությանը` դատապարտել սույն պարոնի վարքագիծը, իսկ ՀՀ իշխանություններից պահանջում ենք հստակ դիրքորոշում ցույց տալ սույն պարոնի բացահայտ թուրքանպաստ գործունեության համար: ՀՀ, ԼՂՀ, Ջավախքի, Արևմտահայաստանի և առհասարակ հայոց հայրենիքում և սփյուռքում ապրող մեր հասարակությունը, քաղաքական և հասարակական կազմակերպությունները, կրոնական, գիտական ևն. կառույցները և պատվախնդիր հայորդիները հրավիրում ենք իրենց դատապարտության ձայնը բարձրացնելու հայկական միջավայրում հօգուտ օտարների - առաջին հերթին` հայության թշնամի թուրքական պետության - գործակալություն իրականացնողների նկատմամբ, նրանց հայտարարել անբաղձալի անձ, մեկուսացնել հայկական միջավայրից ու անարգանքի սյան գամել:

Մեր իրավացի պահանջին ՀՀ իշխանությունների անտարբերության (ինչը նշանակում է նմանների անթաքույց քաջալերանք) դեպքում, հայությունը ստիպված է լինելու դիմել համապատասխան քայլերի` հայոց ազգային արժանապատվությունը պաշտպանելու և ՀՀ ու ԼՂՀ պետական անվտանգությունը ապահովելու համար:

Այս կոչին կարող են միանալ բոլոր անհատներն ու կազմակերպությունները
ՙՈւխտ Արարատի՚ , Հայրենասիրական հասարակական նախաձեռնություն

20.07.2011 թ.

ԱՍԱԼԱ, Ինքնաճանաչողութիւն, տհայեր, աշխարհ, մարդիկ, Ազգային գաղափարախօսութիւն, անաստուածներ, Ուխտ Արարատի, հայեր

Previous post Next post
Up