Ամերիկացիներին մաղթում եմ անկեղծ լինել սեփական սահմանադրության առաջ

Mar 06, 2010 20:59


ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հետ զրույցում “Ուխտ Արարատի”, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնության նախագահ Տիգրան Փաշաբեզյանը ներկայացրեց իր դիտարկումները 2010-ի մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման վերաբերյալ:
Տիգրան Փաշաբեզյանի կարծիքով, նախ պետք է հստակեցնել մեր մարտավարությունը, ապա առաջնորդվելով դրանով ձեռնամուխ լինել խնդիրների լուծմանը: Այս առումով ժամանակն է ըմբռնել երկու կարևոր հանգամանք.

-Առաջին. Հայոց ցեղասպանությունը քաղաքական շահարկումների և առևտրի առարկա չէ: Այդպիսի մոտեցումը հարցի նկատմամբ անբարոյականություն է, չասելու համար` լրջագույն հանցագործություն, որովհետև կարող է դիտվել որպես նոր ցեղասպանության քարոզչություն:
Երկրորդ. Հայոց ցեղասպանության ու Հայկական հարցի լուծումը ոչ թե քաղաքականության, այլ իրավունքի ոլորտում է: Այս երկու խնդիրները պետք է հստակ գիտակցել, քանի որ միայն այդ դեպքում կարող ենք ունենալ այն հարցերի պատասխանները, թե ո՞ր երկիրը, ինչո՞ւ և ե՞րբ է ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարող է տալ հոգեկան բավարարվածություն, իրականում սակայն, դա չի լուծում խնդիրը: Կարճ ժամանակով կարող է խաթարվել, օրինակ, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, բայց դա չի նշանակում, թե կարող է փոփոխություն կրել ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական դաշինքի ծրագրերը: Այսօր հարաբերությունները կարող են վատանալ, վաղը` բարելավվել: Ի դեպ, նույնն է կատարվում է նաև իսրայելա-թուրքական հարաբերություններում. կարող են վիճել, մեկ-մեկու վիրավորել, անարգել, բայց, ըստ էության, Իսրայել-Թուրքիա ռազմավարական համագործակցության առումով ևս դրանով ոչինչ չի փոխվի:

-Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից:
-Հայոց ցեղասպանությունը ճանաչել-չճանաչելու հարցն ավելի շատ իրենց խնդիրն է ու դա իրենց համար է կարևոր, որովհետև դա հանցագործություն է մարդկության դեմ, որը իրենք պետք է որ դատապարտեին: Հետևաբար, ժողովրդավարության միջնաբերդ համարվող երկիրը վաղուց պետք է ճանաչած ու դատապարտած լիներ Հայոց ցեղասպանության փաստը: Այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ամոթալիորեն ուշացել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, նույն ինքը` Իսրայելը: Նրանք բոլորը մարդկության առաջ ամոթալիորեն ուշացել են: Ու եթե նրանք այսօր ճանաչեն, ապա դրանով իրենց պարտքը կատարած կլինեն մարդկության հանդեպ: Չեն ճանաչի, դա հայերիս համար մեծ նշանակություն չի ունենա, քանի որ, ինչպես շեշտեցի խոսքիս սկզբում, կարևորը իրավական լուծումն է. Հայոց ցեղասպանության դատապարտումը միջազգային դատարանում, հետևանքների վերացումը, վնասի հատուցումը, ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի իրականացումը: Ինչը նշանակում է, որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու է նաև Արևմտյան Հայաստանի և բռնազավթած հայկական այլ տարածքների 90-ամյա օկուպացիայի համար: Սրանք են այն խնդիրները, որոնց կարգավորման ուղղությամբ լուրջ անելիքներ ունենք:

ՀՀ-ի համար նոր մարտավարություն մշակելու ուղղությամբ, վերջին հինգ տարիներին` 2005-ից սկսած, բավական մեծ աշխատանք է կատարել □Ուխտ Արարատի□ հասարակական նախաձեռնությունը, իրավամբ համարելով, որ հաջողության հասնելու համար հավասարազոր կարևորություն ունեն և ռազմի դաշտում, և քաղաքականության մեջ, և իրավունքի ոլորտում ձեռք բերված հաջողություններն ու հաղթանակները: Վերջինները ամրագրում են վերջնական հաջողությունն ու հաղթանակը:

-Չե՞ք կիսում այն կարծիքը, թե ԱՄՆ Կոնգրեսում ցեղասպանության բանաձևի ընդունումը կարող է նպաստել խնդրի իրավական հարթություն տեղափոխելուն: Այսինքն, այդ դեպքում խոսակցությունը կտեղափոխվի առավելապես գործնական հարթություն:
-Խնդիրը գործնական հարթություն տեղափոխելու համար կա ընդամենը երեք ճանապարհ:
Առաջին, Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն, ինքն է ձեռնարկում այդ քայլը:
Երկրորդ, սփյուռքահայությունը, որպես ցեղասպանության և բռնագաղթի ենթարկված հավաքականություն, հստակեցնում է իր հնարավորություններն ու միջոցները` դիմելու ՄԱԿ-ին և ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին:
Երրորդ. Հայոց ցեղասպանության հայցադիմումը դատարան է ներկայացնում ՄԱԿ-ի անդամ որևէ երկիր, որովհետև ինչպես նշված է ՄԱԿ-ի “Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա պատժի մասին” Կոնվենցիայի 1-ին հոդվածում. “Պայմանավորվող կողմերը հաuտատում են, որ ցեղաuպանությունը, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըuտ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել եւ պատժել այն կատարելու համար”: Այսինքն, ՄԱԿ-ի անդամ որևէ երկիր ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է դա անելու և Հայոց ցեղասպանության հայցը տանելու դատարան: Եթե Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն այդ քայլին չի գնում, ուրեմն պետք է փնտրել-գտնել մի երկիր, որը այդ հայցը կներկայացնի դատարան: Ի վերջո, սա դատարանի որոշման համաձայն լուծելիք խնդիր է, այլ ոչ թե պատմաբանների ու ենթահանձնաժողովների որոշելիք: Եթե մենք կարողանանք օգտագործել այս երեք ճանապարհներից որևէ մեկը, ապա մնացած խնդիրները կդառնան երկրորդական:

Տեսեք թե այսօր ինչ վիճակում են Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները. Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը, մերոնք շարունակում են ճանաչում ակնկալել: Ու՞ր են հասնելու այսպես: Հասկանալի չէ՞, որ ստեղծվել է փակուղի: Եվ քաղաքական գործընթացներն էլ հայտնվել են ու կհայտնվեն փակուղում:

Խոսքիս ավարտին դարձյալ ուզում եմ կրկնել այն միտքը, որ ցանկացած երկիր, որը ճանաչում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, իրականում իր ժողովրդի ու մարդկության առաջ իր բարոյական, իրավական, քաղաքական, ժողովրդավարական խնդիրներն է լուծում: Այն ինչ կատարվելու է այսօր ԱՄՆ Սենատում ու Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում, առաջին հերթին, ինչպես ասացի, վերաբերում է հենց իրենց ժողովուրդներին, իրենց քաղաքական վերնախավի պատմական պատասխանատվությանը, իրենց սերունդներին ու իրենց երկրների վարկանիշին:
Այնպես որ, ամերիկացիներին ուզում եմ մաղթել սեփական ժողովրդի ու Անկախության Հռչակագրի, Սահմանադրության, մարդու իրավունքների ու ժողովրդավարության սեփական ընկալումների հանդեպ լինել անկեղծ ու Հայոց ցեղասպանության ճանաչմամբ ու դատապարտմամբ լուծել բարոյականության խնդիր, որն ինքնին քաղաքական վարկանիշի լրջագույն խնդիր է: Եվ չսպասել, որ դրա համար շնորհակալություն կհայտնենք, չէ որ հարց ունենք տալու. իսկ ինչո՞ւ այս անցնող տարիների ընթացքում քայլեր չէիք ձեռնարկում այդ ուղղությամբ, այն դեպքում, երբ ցեղասպանության պատժի մասին Կոնվենցիան գործում էր 1946 թվականից սկսած: Չէ՞ որ մարդկության դեմ կատարված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Ինչո՞ւ էիք ձգձգում և ինչո՞ւ էիք այդ հարցը դարձրել քաղաքական շահարկումների առարկա: Մենք այս կե՞րպ ընկալենք Ձեր ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, թե՞ կգա օրը, երբ կասենք, որ ամերիկյան ժողովրդավարությունը` ԱՄՆ Անկախության Հռչակագրի ոգուն հարազատ ժողովրդավարություն է և դրան մենք վստահում ու հավատում ենք:
04.03.2010
http://armar.am/2010/03/04/ամերիկացիներին-ուզում-եմ-մաղթել-անկե/

ցեղասպանություն, Տիգրան Փաշաբեզյան, Ուխտ Արարատի, Հայ Թուրքական հարաբերություններ

Previous post Next post
Up