Կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ին… թեև ԱՍԱԼԱ-ին միշտ են հիշելու - (մաս չորրորդ)

Feb 01, 2011 16:03

Մաս 1
Մաս 2
Մաս 3

4. Թուրքերի և նրանց դաշնակիցների, այս դեպքում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների մասին

Հոդվածների չորրորդ մասը չէինք ծրագրում պատրաստել, բայց նկատի առնելով Ադրբեջանից շարունակ հնչող այլատյացության ու պատերազմի քարոզչությունը և 1921-ի Մոսկվայի Ռուս-թուրքական բարեկամության պայմանագրի 100-ամյակը, որի մասին հիշել են Սերգեյ Լավրովն ու Ահմեդ Դավութօղլուն (1), որոշեցինք անդրադառնալ նաև Ադրբեջանի իրականացրած հանցագործություններին:

Նախորդ հոդվածում արդեն նշել ենք, որ Ադրբեջանի իրականացրած հանցագործությունները Թուրքիայի ձեռագրի ու ծրագրի պատճենահանված տարբերակներն են, այսինքն` Ադրբեջանում, ինչպես Թուրքայում. Ադրբեջանը ադրբեջանցիներին, մյուս ժողովուրդների համար կամ բռնի ձուլում, կամ էթնիկ զտումներ, ցեղասպանություն, բռնագաղթ: Ավելացնենք միայն, որ այստեղ ևս սեփական ակնկալիքներին զուգահեռ, խիստ կարևոր և վճռական նշանակություն են ստանում արևմտաեվրոպական արտաքին ուժերի թելադրանքները:
Այդ իսկ պատճառով, անցյալի հանցագործությունների մասին խոսելուց առաջ անդրադառնանք Ադրբեջանի և նրա հովանավորների կողմից առաջիկայում իրականացման դրվելիք ծրագրերին:
Դրանք հիմնականում երեքն են.
ա) Արցախի և Հայաստանի դեմ նախապատրաստվող նոր ագրեսիայի ծրագրերը, որտեղ կրկին ներգրավված են լինելու վարձկանները, թուրք հրահանգիչներն ու մասնագետները, Թուրքիայից Ադրբեջան անցած քրդերը, այդ թվում և Նախիջևանի տարածքում հաստատվածները:
բ) Իրանի հյուսիսային շրջաններում բնակվող ադրբեջանցիներին աջակցելու ծրագրերը` Իրանը ներսից ապակայունացնելու և մասնատելու արևմտյան ծրագրերին համապատասխան:
գ) Ադրբեջանում Էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակելու ծրագրերը երկրի հյուսիսային շրջանների բնակիչներին` ուդիներին, ավարներին, լեզգիներին… ցեղասպանության ու բռնագաղթի ենթարկելու միջոցով:

Նույն հերթականությամբ ներկայացնենք.
ա) Ըստ «Շուշի» հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանի դիտարկումների` «Ադրբեջանի ընդդիմադիր թերթերը շատ են գրում քրդերի տեղափոխման մասին. 60.000 քուրդ բնակեցվել են ԼՂՀ-ի մերձակա շրջաններում, 20.000` Բաքվի շրջակայքում» (2):
Նշենք, որ սա ադրբեջանական քաղաքական վերնախավի ծրագրի մեկ ուղղությունն է: Երկրորդ ուղղությունը քրդերի վերաբնակեցումն է Նախիջևանում: Երկու դեպքում էլ նրանց փորձելու են օգտագործել ԼՂՀ-ի և ՀՀ-ի դեմ նախատեսված ագրեսիաների ժամանակ: Երրորդ ուղղությունը իրանականն է, երբ նույն Նախիջևանի և Բաքվի շրջակայքի քրդերին փորձելու են օգտագործել Իրանի դեմ արևմուտքի ծրագրած լայնամասշտաբ ագրեսիայի դեպքում: Արևմտյան փորձագետներն ու քաղաքական վերլուծաբանները բոլոր այդ ծրագրերը քողարկելու նպատակով` իրենց պատրաստած նյութերում քննարկման առարկա են դարձնում Ղարաբաղյան հակամարտության խնդիրները, այնտեղ ներառելով քրդականը, այդ թվում` իբր, քրդական ռազմական ճամբարների գոյությունը ԼՂՀ-ում և այլ հորինված պատմություններ, ստահոդ տեղեկատվություն, կեղծիքներ (3):
Այսքանից հետո կարժէ զարմանալ, որ թուրքալեզու պետությունների ղեկավարների հերթական 9-րդ գագաթնաժողովի աշխատանքները կազմակերպվել էր հենց Նախիջևանում` 2009-ին: Համաժողովի ժամանակ, հավանաբար ոգևորված եղբայր պետությունների Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի նախագահների ու Թուրքմենստանի վարչապետի ներկայությունից, Իլհամ Ալիևը ասել է` «Ժամանակին Ադրբեջանի պատմական, բնիկ տարածքի` Զանգեզուրի շրջանի անջատումը նրանից ու դրա միացումը Հայաստանին, աշխարհագրական առումով մասնատեց մեծ թյուրքական աշխարհը: Այսպիսով, թյուրքական աշխարհի` որպես միասնական ընտանիքի գործունեությունը, դադարեցվեց տասնամյակներով» (4):
Շատ հետաքրքիր է, որևէ մեկը երբևէ հետաքրքրվել է, թե քանի անգամ են ինքնորոշվել թուրքալեզու ժողովուրդները: Գիտենք, որ վերջին փորձը Կոսովոյում էր:
Ավելորդ չէ հիշեցնել, թե Նախիջևանի «խնամալությունը» Ադրբեջանին հանձնելու արդյունքը եղավ այն, որ այստեղ ևս պանթուրքիզմի հանցագործ ծրագրերի ու նկրտումների համաձայն` Ադրբեջանի քաղաքական վերնախավն իրականացրեց հայ բնակչության էթնիկ զտումներ, բնիկների բռնի տեղահանություն, հայկական մշակութային ու ճարտարապետական, քաղաքակրթական դարավոր արժեքների ոչնչացում:

բ) Ադրբեջանը, որոշ զգուշավորությամբ հանդերձ, շատ ակտիվ ներգրավված է Իրանը ապակայունացնելու, ներսից պայթեցնելու, Իրանի հյուսիսում ապրող ադրբեջանցիներին այդ ծրագրերում ներգրավելու արևմտյան ծրագրերում: Ադրբեջանում ներկայումս նախապատրաստվում է Իրանի ադրբեջանցիների արդեն 4-րդ համագումարը (5):
Թե ինչ վտանգավոր խաղի մեջ է ներգրավված Ադրբեջանի քաղաքական վերնախավը, հաստատ ինքն էլ չի պատկերացնում: Իրականում, եթե մի քիչ ավելի ուշադիր լիներ Միջին Արևելքին` Իրանին ու Ադրբեջանին, վերաբերող արևմտյան հրապարակումներին ու քարտեզներին, նկատած կլիներ, որ ըստ այդ ծրագրերի` ապագայի նոր Ադրբեջանում քաղաքական դերակատարությունը փոխանցվելու է հենց Իրանի հյուսիսում ապրող ադրբեջանցիներին: Եվ դա բնական է, արևմուտքը նախընտրում է նոր ծրագրերում, նոր քաղաքական խաղացողների հետ գործ ունենալ: Այդպիսով, հին վերնախավը` ալիևների կլանը, կանցնի վերջապես պատմության գիրկը տեղը զիջելով գերտերությունների կամակատար, նորաթուխ ու անփորձ մի նոր կլանի:

գ) Ադրբեջանում մարդկության դեմ ուղղված ներկայի հանցագործ ծրագրերից է Ադրբեջանի հյուսիսում ապրող ժողովուրդների դեմ նախապատրաստվող էթնիկ զտումների ու ցեղասպանության հանցագործ ծրագրերը: Ըստ «Դաղստանավտոճանապարհներ»-ի ընկերության նախկին ղեկավար Մագոմեդռասուլ Օմարովի` Ռուսաստանն ու Ադրբեջանը կապող Սամուր գետի վրա գտնվող ճանապարհային կամուրջը ադրբեջանական կողմը կարող է ցանկացած պահի փակել: Թղթակցի այն հարցին, թե` «Կամուրջն, արդյո՞ք Ադրբեջանին է պատկանում», Օմարովը պատասխանել է. «Այդպես է ստացվում… Այդ կամուրջը «Ռուսավտոճանապարհներ»-ի բալանսում չկա»: Թերթն իր կողմից ավելացնում է, որ սահմանային Սամուր գետի վրայով իրականացվում է ոչ միայն առևտրաշրջանառությունը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, այլև կապը Ռուսաստանում ապրող դաղստանցիների և Ադրբեջանի հյուսիսում բնակվող 300.000 էթնիկ դաղստանցիների միջև (6):
Ակնհայտ է, որ առաջիկայում Ադրբեջանը ծրագրում է իրականացնել երկրում ապրող այլ ազգությունների բռնի ձուլման (7), էթնիկ զտումների, ցեղասպանության քաղաքականության հերթական ալիքը, այս անգամ թիրախ ընտրելով Ադրբեջանի հյուսիսում ապրող ժողովուրդներին` ուդիներին, ավարներին, լեզգիներին…
Այս ամենը շատ է հիշեցնում 2008-ի վրացական կողմի «Մաքուր դաշտ» գործողության սցենարը, որով ծրագրվում էր արագընթաց ռազմերթով իրականացնել օսերի կոտորածն ու բռնագաղթը, իսկ հետո փակել հետդարձի ճանապարհը պայթեցնելով Հարավային և Հյուսիսային Օսիաները իրար կապող ճանապարհային թունելը: Այս դեպքում Ադրբեջանն է ծրագրում արագընթաց ռազմերթով իրականացնել երկրի հյուսիսի ժողովուրդների կոտորածն ու բռնագաղթը և պայթեցնելով Սամուր գետի կամուրջը, փակել հետդարձի… ճանապարհը (8):

Այժմ շատ ամփոփ, պարզապես թվարկենք թուրքերի և նրանց դաշնակիցների ծրագրերին մաս կազմող Ադրբեջանի մարդկության դեմ ուղղված հանցագործությունները առնվազն վերջին 100 տարիների ընթացքում: Ավելի մեծ ժամանակային շառավղող դա անել չենք էլ կարող, քանի որ Ադրբեջան արհեստական անվանումով, արհեստական պետությունը Թուրքիան և նրա դաշնակիցները ընդամենը 92 տարի առաջ ստեղծեցին, որպես իրենց տարածաշրջանային ծրագրերն իրականացնող հանցագործ գործիք` Իրանի, Ռուսաստանի և Հայաստանի արանքում:
-1905-07 թթ. եռանդուն մասնակցություն Ցարական Ռուսաստանի իշխանությունների կողմից Կովկասում հայերի դեմ հրահրված խժդժություններին, հայերի սպանություններ, նրանց ունեցվածքի հափշտակում:
-1918 թ., թուրքերի կողմից մասնակցություն Բաքվի հայերի ջարդերին, նրանց ունեցվածքի հափշտակում:
-1918-21 թթ., զինված հարձակումներ ու բռնություններ Ղարաբաղի, Նախիջևանի, Զանգեզուրի հայ բնակչության նկատմամբ, ագրեսիա` Հայաստանի Հանրապետության նկատմամբ, տարածքային անհիմն պահանջների ներկայացում, անկայունության հրահրում տարածաշրջանում:
-1920 թ., Շուշի քաղաքի հայ բնակչության կոտորած, քաղաքի հրդեհում, քաղաքի հայերի ունեցվածքի հափշտակում:
-1921 թ., Մոսկվայի ապօրինի պայմանագրի ստորագրում, Նախիջևանի երկրամասի 90-ամյա օկուպացում` խնամակալության անվան ներքո:
-1921-1988 թթ., Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 67-ամյա օկուպացիա և շահագործում, հանցագործություններ Արցախի բնիկ հայության նկատմամբ:
-1930-ական թթ. մինչև մեր օրերը, Ադրբեջանում, Նախիջևանում և ԼՂՀ-ում ապրող ժողովուրդների` հայերի, ուդիների, թալիշների, թաթերի, ավարների, լեզգիների բռնի ձուլում, նրանցից շատերի նկատմամբ ցեղասպանական գործողությունների իրականացում:
-1960-ական թթ. մինչև մեր օրերը, տարածաշրջանի ժողովուրդների, այդ թվում, մասնավորապես, հայերի պատմության և մշակույթի կեղծարարություն, քաղաքակրթական և պատմական, ճարտարապետական արժեքների ոչնչացում կամ յուրացում:
-1988 թ., Արցախի հայության ազատ ապրելու և ազատորեն զարգանալու կամքի և իրավունքի արտահայտության ճնշում բռնամիջոցներով, իրականացված հայերի զանգվածային սպանություններով, ահաբեկումներով, բանտարկություններով:
1988 թ., Սպիտակի երկրաշարժի վերականգնողական աշխատանքների համար նախատեսված շինանյութի, ինչպես նաև աղետի գոտու համար ժողովված մարդասիրական օգնության ամոթալի կողոպուտ ու թալան:
-1988-1990 թթ., Ադրբեջանի քաղաքացի հայ բնակչության ցեղասպանության և բռնագաղթի իրականացում, ունեցվածքի հափշտակում:
1991-1994 թթ., լայնածավալ ագրեսիա ԼՂՀ-ի, ինչպես նաև ՀՀ-ի սահմանամերձ շրջանների նկատմամբ:
-2010 թ., Ջուղայի աշխարհում նմանը չունեցող հայկական ինքնատիպ 4000 խաչքարերի միանգամայն բարբարոսական ոչնչացում:
-1988-2011 թթ., ԼՂՀ-ի, ՀՀ-ի շրջափակում, ազատ զարգանալու հնարավորության իրավունքի խոչընդոտում, արգելափակում:
-1988-2011 թթ., միջազգային ընտանիքի թողտվությամբ, թույլտվությամբ և հաճախ նաև քաջալերանքով ու օժանդակությամբ սպառազինությունների թույլատրելիության բոլոր սահմանումների խախտում, տարածաշրջանային անկայունության հրահրում: Հատկապես նոր սերնդի մոտ այլատյացության, ռասիզմի սերմանում, ազգամիջյան կույր ատելության բորբոքում ու հրահրում, նոր պատերազմների ու ցեղասպանության քարոզչություն և նախապատրաստություն:

Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների շարանը այնքան երկար է, որ թվում է անվերջ կարելի թվարկել: Բայց խնայենք ընթերցողին և ավարտելուց առաջ նկատենք. այնուհանդերձ այնքան մեծ չէ, որ միջազգային և ներպետական իրավական ատյանները չկարողանան դատապարտել: Ճիշտ է, շատ բան կախված է նրանից, թե որ ճանապարհով կընթանա մարդկությունը և միջազգային ընտանիք կոչվածը. կարգ ու կանոնի, թե` քաոսի: Բայց միևնույնն է, աշխարհում այն արժեքներն են կայուն և մնայուն, որոնց կարիքը ունի մարդկությունը: Մոլախոտը արագ է աճում ու տարածվում, բայց նույնքան արագ էլ կրակի է մատնվում:

Ծանոթագրություն
1. Լավրովը Թուրքիայում հիշել է, որ լրանում է Ռուսաստան-Թուրքիա համաձայնագրի 90-ամյակը: Նա մասնավորապես ասել է. «Մեր հիմնական խնդիրը գործակցության խմբի երկրորդ նիստի նախապատրաստումն է, որը կկայանա այս տարվա գարնանը` Մոսկվայում: Ուզում եմ ընդգծել, որ սա բոլորովին նոր մեխանիզմ է, որը արտացոլում է ռուս-թուրքական ռազմավարական գործակցության ներկա մակարդակը, ինչն իրականացվում է ամենատարբեր ոլորտներում: Խմբի երկրորդ նիստը լինելու է յուրահատուկ, քանի որ հենց այս գարնանը լրանում է Ռուսաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Թուրքիայի միջև կնքված ,բարեկամության և եղբայրությանե մասին համաձայնագրի 90-րդ տարեդարձը: Այնպես որ, մեր հարաբերությունների հիմքում ընկած են վաղեմի ավանդույթները և միմյանց հետաքրքրություններն ու շահերը հարգելու փոխըմռնումը»: («Ազգ» օրաթերթ, # 9, 21-01-2011)
2. Պատմում է արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը. «2000-ին մի խումբ շահումյանցիների հետ գնացել էի Մռավի լեռնաշղթայի Շահումյանի մերձակա տարածք, մեզ հետ գյուլիստանցիներ էլ կային, որոնք ամեն տարի ուխտի են գնում Սուրբ Աստվածածին Անապատ` Գյուլիստանը հեռվից տեսնելու: Այնտեղ մեր ուղղությամբ կրակոցներ եղան.. Վերադառնալով` սկսեցի հետաքրքրվել, թե ովքեր կարող էին լինել: Փնտրտուքիս ընթացում միջազգային մամուլում ադրբեջանական ընդդիմության թերթերը ուշադրությունս գրավեցին. ադրբեջանցի քաղաքական մեկնաբաններն անդրադառնում են քրդական հարցին, բողոքում այն ծրագրի դեմ, որ ձեռնարկել ու իրագործում են թուրքական և ադրբեջանական իշխանությունները… Երկար ուսումնասիրությունից հետո եկա այն համոզման, որ ադրբեջանցիները Դիարբեքիրից ու Մուշից քուրդ գրոհայիններին` իրենց ընտանիքներով բնակեցրել են Շահումյանի և ԼՂՀ-ի հարակից բռնազավթած շրջաններում: Մամուլում մանրամասնորեն նկարագրվում է, թե ինչպես են քրդերը ավտոբուսներով գալիս իրենց դրոշներով, զուռնա դհոլով, երգ ու պարով… Նրանց շարքերում` նաև ավտոմատավոր զինյալներ»: Տես, Ջեմմա Բաղդադյանի հարցազրույցը Բակուր Կարապետյանի հետ, «Քրդերի բնակեցում Ադրբեջանում. ո՞վ է անում, ի՞նչ նպատակով...», «Ուխտ Արարատի», թիվ 1 (17), մարտ - ապրիլ, 2009, էջ 27:
3. Արևմտյան փորձագետներից Ստեֆան Բլանկն օրինակ` գրում է. «Այսօր միջազգային փորձագետները մտահոգություն ունեն, թե քրդական հարցը կարող է դառնալ լարվածության և հնարավոր է՝ նոր հակամարտության աղբյուրներից մեկն Անդրկովկասում: Ինչպես հաղորդում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները, քուրդ զինյալները, մասնավորապես՝ Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) գրոհայինները, ստանալով Երևանում հայկական կառավարության գաղտնի աջակցությունը, սկսել են բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի՝ Հայաստանի կողմից գրավյալ առանձին շրջաններում։ Ըստ առկա տվյալների՝ քրդերից շատերը վերաբնակեցվում են ռազմավարական նշանակություն ունեցող, ներկայումս Հայաստանի կողմից գրավված, իսկ նախկինում Ադրբեջանի կազմի մեջ մտնող Լաչինի միջանցքում։ Լաչինի շրջանի վերահսկողությունը դարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական «փորձաքարերից» մեկը»։ (ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի դասախոս Ստեֆան Բլանկ, «Քրդական հարցը և Լեռնային Ղարաբաղը», Eurasianet, http://www.warandpeace.ru/ru/analysis/view/23757)
4. Տես, (armenianow.com, 09.10.2009): Տես, հոդվածին կից չորս նյութերը, այդ թվում` «Ալիևը կոչ է անում թյուրքական աշխարհի միավորմանը և Զանգեզուրի (Սյունիքի) վերադարձին»:
5. Ադրբեջանն Իրանի պետականության դեմ հերթական քայլերն է ձեռնարկում: Հունվարի 28-ին ողջ օրվա ընթացքում, Բաքվի մի շարք լրատվամիջոցներ լայնորեն գովազդում էին այդ ակցիան: Խոսքն, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանի ազգային վերածննդի շարժման 4-րդ համագումարի մասին է, որը կողմ է ադրբեջանցիներով բնակեցված իրանական նահանգների՝ Իրանի Իսլամական Հանրապետության կազմից դուրս բերելուն և դրանք ներկայիս Ադրբեջանին միացնելուն: Սակայն ադրբեջանցի սադրիչների ուժը հերիքում է միայն ինտերնետում «համագումար» անցկացնելուն: (News.am, 28. 01. 2011)
6. Экс-глава “Дагестанавтодора”: Азербайджан может закрыть границу с Россией в любой момент. Автомобильный мост, соединяющий Россию и Азербайджан, может быть закрыт азербайджанской стороной в любой момент. Об этом в интервью махачкалинской газете “Новое дело” заявил Магомедрасул Омаров, покинувший в декабре пост гендиректора ГУ “Дагестанавтодор”. (http://regnum.ru/news, 27.12.2010)
7. Джафаров признал, что в Азербайджане происходит насильственная ассимиляция коренных народов. “Каждый, кто считает себя азербайджанцем, должен будет поменять свою фамилию”. Об этом, в интервью информационному агентству “1ньюз.аз”, заявил председатель комитета по культуре парламента Азербайджана Низами Джафаров. (Antituran.com, 30.01.2011)
8. Այս իմաստով 2010-ի սեպտեմբերի 3-ին Դմիտրի Մեդվեդևի և Իլհամի Ալիևի Բաքվում ստորագրած պայմանագիրը Ռուսաստան-Ադրբեջան սահմանի վերաբերյալ` խիստ վաղաժամ է թվում, քանզի Ադրբեջանի քաղաքական վերնախավը դեռ ավարտին չի հասցրել տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների, այդ թվում և սեփական ժողովրդի դեմ ուղղված հանցագործ և վտանգավոր ռազմաքաղաքական արկածախնդրությունները:

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
01.02.2011



ԱՍԱԼԱ, Ինքնաճանաչողութիւն, աշխարհ, պատերազմ, Եվրոպա, մարդիկ, Ադրբեջան, Հայ Թուրքական հարաբերություններ, Եվրոմիություն, Ղարաբաղեան հակամարտութիւն, Ազգային գաղափարախօսութիւն, անաստուածներ, վտանգ, ԱՄՆ, ՀԱՀԳԲ

Previous post Next post
Up