Մի չոբան իր էրկու ոչխարը տանում ա բազար, որ ծախի, ամա ուշ ա տեղ հասնում՝ մուշտարի չի ճարում։
Քոռ ու փոշման ուզում ա ետ դառնա, մին էլ մի դալալ ա մոտկանում էս ոչխարների դմակն ա ձեռների միջին ծանր ու թեթև անում, կողերն ա ճմռում՝ մթամ ուզում ա առնի, դեսից-դենից լկռահաչի տալի, վերջը, թե.
- Ի՞նչ արժի քու ոչխարը։
Ոչխարի գինն էլ էդ վախտը շատ-շատ՝ իրեք-չորս մանեթ ա լինում։ Ամա չոբանը տեսնում ա, որ սա քամի փչող ա, բան առնող չի, գլխիցը ռադ անելու համար ասում ա.
- Էս ոչխարի գինը հազար մանեթ ա։
- Քու չոբան հալովը ինձ վրա ծիծաղում ե՞ս,- ասում ա դալալը,- դե հմի ծիծաղի։
Ասում ա ու մի սիլլա տալիս չոբանին։
Չոբանը ոչխարները թողած, բռնում ա էդ դալալի յախիցը, քարշ տալիս բերում քյոխվի մոտ։
- Ինչ գանգատ ունես,- հարցնում ա քյոխվեն։
Չոբանը պատմում ա, թե էսենց, էսենց բան, էս մարդը, ես անմեղ, անտեղի ինձ սիլլա ա տվել։
- Դուզ ա ասո՞ւմ էս քնձռոտ չոբանը,- հարցնում ա քյոխվեն։
- Հրամանք ես,- ասում ա դալալը ու քյոխվին աչքով անում։ Քյոխվեն հասկանում ա դալալի աչքով անելը՝ յանի դու քունը կստանաս։
Մթամ շատ ա չարանում դալալի վրա, ոտը գետնովն ա տալիս.
- Էդ արարքիդ համար,- ասում ա,- էս չոբանին, շտրաֆ պետք ա տաս. քսան կապեկ։ Էս րոպեին հանի,- ասում ա,- տուր։
- Հրամանք ես,- ասում ա դալալը,- ձեռիս չկա, գնամ տուն, բերեմ։
- Բան չկա,- ասում ա քյոխվեն,- սա կսպասի, գնա բեր։
Չոբանը հասկանում ա, որ իրան ձեռ են առնում։ Դալալի գնալուց հետո հարցնում ա.
- Պարոն քյոխվա,- ասում ա,- ուրեմս, մարդի էրեսին սիլլա խփելը քսան կոպեկ արժի՞։
- Հա, էդպես ա օրենքը,- պատասխանում ա քյոխվեն։
- Մեռնեմ օրենքին,- ասում ա չոբանը, մի սիլլա տալիս քյոխվին, դալալը քսան կոպեկը որ բերի,- ասում ա,- քեզ թող լինի։ Ես վռազ եմ, գնացի։
Մինչի քյոխվեն՝ ուշքի ա գալի, չոբանը փախչում, գնում ա։
* * *
Ախ, ո՞ւր էր թե կաշառակեր դատավորը միշտ իրա փայ սիլլեն ուտեր։
Աղբիւրը: