Aug 12, 2010 14:15
Այլասիրություն- անշահախնդիր հոգատարություն ուրիշի բարօրության մասին, ուրիշների համար անձնական շահերը զոհաբերելու պատրաստակամություն: Եսասիրության հակադարձ կենսական դիրքորոշումն է , որի հոգեբանական հիմքերից մեկը հուզական ապրումակցումն է /էմպաթիան/:
Էմպաթիա- անձի ընդունակությունը` հասկանալու ուրիշի հոգեվիճակները և ապրումակցվելու նրա հետ: Է. հատկապես հստակորեն է դրսևորվում մարդկանց անմիջական փոխհարաբերություններում: Այն հաղորդակցման անհրաժեշտ բաղադրիչն է և առանց է. չկա մարդկանց լիարժեք շփում: Օնտոգենեզում է. անցնում է զարգացման երկար ուղի և հատկապես մեծ չափով պայմանավորված է անձի բարոյական զարգացման և հասունացման մակարդակով:
Աֆորիզմ 1 - Սիրեք ձեզ ուրիշների մեջ, քանզի ձեր կյանքը ուրիշների մեջ է և առանց ուրիշների այն ոչինչ է:
Լերու
Եսասիրություն- անձի սոցիալական դիրքորոշում և բնավորության գիծ, որի ազդեցության տակ նա իր և ուրիշների շահերի միջև ընտրություն կատարել պահանջող բոլոր իրադրություններում իր շահերի օգտին վճիռ կայացնելու հակում է հանդես բերում, գերապատվությունը տալիս է իր շահերին: Անձի նորմալ զարգացումն ու սոցիալ-հոգեբանական հասունացումը, ինչպես նաև հասարակության առողջ առաջընթացը պահանջում են, որպեսզի ներդաշնակություն հաստատվի անձի և հասարակության շահերի միջև: Ծայրահեղ ու վտանգավոր դրսևորումները կանխելու համար դեռևս վաղ մանկության տարիքից մարդու մեջ պետք է զարգացնել հակադիր դիրքորոշումը` այլասիրությունը:
Աֆորիզմ 2 - Եսասիրությունը անհատակ անոթ է, կարող եք նրա մեջ լցնել բոլոր մեծ լճերը, միևնույն է, այն չի լցվի:
Հոլմզ
Ինքնասիրություն- անձի սերն ու հարգանքը իր` որպես լիարժեք մարդկային անհատի և անհատականության նկատմամբ: Ինքնասիրությունը սոցիալ -հոգեբանական դրական կազմավորում է և առաջին հերթին դրսևորվում է այն բանում, որ զարգացած ի. ունեցող մարդը. ա/ հարգում է նաև ուրիշներին և ընդհանրապես մարդկանց, բ/ իրեն արգելում է կատարել այնպիսի արարքներ, որոնք արժանի են սոցիալական պարսավանքի:
Ի. հենվում է ընդհանուր դրական ինքնագնահատականի վրա:
Աֆորիզմ 3 - Ինքնասիրությունը հնարավոր է խոցել, սպանել նրան անկարելի է:
Ցիցերոն
աֆորիզմ +,
Հոգեբանական բառարան