Իմ նամակը Ձմեռ Պապիկին:))

Dec 30, 2011 21:16





Բարև Ձմեռ Պապիկ ջան: Այն ինչ գրել եմ իմ նամակում, գուցե քեզանից բացի շատերը կկարդան: Դրա համար էլ, թող այն լինի «բաց նամակ»:

Գալիք տարվա համար քեզանից հինգ նվեր եմ խնդրելու իր ենթանվերներով, բայց մինչ այդ ուզում եմ շնորհակալություն հայտնել 2011թ-ի նվերներիդ համար: Դու անգամ այնպիսի նվերներ էիր արել` ինչի մասին ես չէի խնդրել, երբեմն ավելի լավ գիտես ինչ է ինձ պետք: Շնորհակալ եմ այն բոլոր ձեռքբերումներիս համար, որ ունեցա այդ մեկ տարվա ընթացքում: Ձմեռ Պապ ջան, քեզ համար նորություն չէ, որ ես մի քիչ էգոիստ եմ և ինձ երջանիկ զգալու համար չեմ բավարարվի միայն անձնական նվերներով, դրա համար էլ այս տարվա նվերների ցուցակը միայն ինձ համար չեմ կազմել: Իմ բարի ու առատաձեռն Ձմեռ Պապիկ, դու գիտես, որ ես աշխատում եմ մանկատանը ու գիտես, թե երբեմն որքան դժվար է լինում ինձ համար, խնդրում եմ ինձ ուժ և համբերություն տուր, որ բալիկներիս հնարավորինս շատ սեր և հոգատարություն կարողանամ տալ: Նրանց անունից քեզ մի բան եմ ուզում ասել. շատ եմ խնդրում եկող տարի նրանց ծնողներ նվիրի: Սա մեկ, մնաց չորս նվեր:

Խնդրում եմ, որ մեր բարեգործական հասարակական կազմակերպություն` Զանգակատուն, հովանավոր ուղարկես, որ ցերեկային կենտրոնը չփակվի և մենք շարունակենք օգնել դժվար իրավիճակներում հայտնված մարդկանց:

Երրորդը խաղաղություն եմ ուզում. իսկական, որ պայմանական չլինի: Խնդրում եմ, որ որպես նվեր պաշտպանես մեր զինվորների կյանքերը սահմանի վրա և ամբողջ ծառայության ընթացքում: Խնդրում եմ բոլոր մարդկանց արդարություն նվիրես, խիղճ, բարություն ու ազատություն. անգամ նրանց` ովքեր ունեն, դա երբեք շատ չի լինում: Եվ վերջինը` հինգերորդը, ուզում եմ այնպես անես, որ առօրյա հոգսերի ու զբաղվածության մեջ` մարդկանց Ապրելու ժամանակ էլ մնա:

Հույսով կսպասեմ այս նվերներին, Ձմեռ Պապ ջան: Ուրախ Ամանոր և Սուրբ Ծնունդ բոլորիս:

Հ.Գ- Այլ նամակներ կարող եք կարդալ այստեղ

լավատեսություն, Ամանոր, ես, բարև, իմ լուսաբանումները, Երեխաներ, մանկատուն, նախատոնական, երազանք, Զանգակատուն, ամփոփում

Previous post Next post
Up