Էս մարդկանց հնարավոր է օգնել

Dec 12, 2011 12:37

Բաքվում ենթարկվեցինք ֆիզիկական Ցեղասպանության, այստեղ` հոգեբանական

Լուցկու տուփում ապրող ընտանիք.
Ճանապարհին հանդիպում եմ հարևաններից մեկին, պարզվում է` փախստականներով բնակեցված այդ շենքում, պարոն Կ-ն իրեն համարում է միակ լավ ապրողը.տղան աշխատում է, վիճակն էլ վատ չէ…
Մութ միջանցք: Թվում է` այս թունելի վերջում լույս չկա… Մտնում եմ սենյակ: Չգիտեմ` ուր նստեմ: Երեխաներ են հայտնվում-կորում, երեխաներ` քրքված շորերով, առանց տաբատ, ներվային ու մրսած: Լիանան շորերն է հավաքում. որոշել է մարդաչափ սենյակը կարգի բերել, բայց դե որը որտեղ դնի..տախտակի վրա դարսված շորեր, տախտակի վրա քնող, դաս անող, հաց ուտող երեխաներ…
Տիկին Էմման աղջիկների հետ բնակվում էր Բաքվում: 1989 թվականին ադրբեջանիցները հարձակվում են. ծեծում տիկին Էմմային ու մորը: Էմմայի աղջիկները ադրբեջանցիների ծանր ձեռքից «պրծնում» են. ադրբեջանցի հարևանները թաքցնում են հայ երեխաներին:«Բաքվում ենթարկվեցինք ֆիզիկական ցեղասպանության, այստեղ` հոգեբանական»:
Սկզբում բնակվում էին «Դվին» հյուրանոցում:1993 թվականին հյուրանոցը վաճառվում է, տեղափոխվում են «Պրագա» հյուրանոց: Լիանան ամուսնանում է: Ամուսինը զոհվում է Չեչնիայում: «Քանի անգամ դիմել ենք փախստականների կոմիտե` Եգանյանին, մի փոքր տեղ ստանալու համար …ախր էսպես չի կարելի.ոչ տղամարդ ունենք, ոչ օգնող ձեռք…»: Հանրակացարանի տնօրենին էլ է դիմել խնդրանքով, որ մի սենյակը` երկուսի դիմաց հանձնի: «Խնդրեմ, խնդրեմ, Լիանա ջան… սենյակը գումար արժե»,- ասել է տնօրենը: 16 քառակուսի մետրում բնակվում է Լիանան իր երեք երեխաների հետ: Մեծ աղջիկը երբեմն հարևանի տանն է գիշերում:
«Ուր ասես չենք դիմել… թաղապետարանի աշխատողներից մեկն ասել է` դժվար է պահելը, հանձնեք մանկատուն… հանգիստ կշնչեք»,- նեղսրտած պատմում է Լիանան:
Լիանան և իր երեք երեխաները ապրում են 30.000 դրամ նպաստով: «Էդ 30.000 դրամը գնում է սննդի և հոսանքի վրա: Շորի մասին էլ խոսք չկա»…:
Տպավորություն էր` հայտնվել եմ այլ քաղաքակրթությունում. ներսուրդուրս անող աղջիկ երեխաներ, առանց տաբատի, գոռում են, ինչ-որ բան են ուզում, ինչ-որ բանից են դժգոհ….Տիկին Էմման` տատիկը, բացատրում է.«Ախր առավոտից բան չեն կերել, ո՞վ չէր կատաղի»…: Լիանան չի աշխատում, որովհետև ողնաշարի հետ կապված խնդիրներ ունի.պոչուկի վրա 37 կար: Կար դնելուց հետո` երրորդ օրը, սկսվել է արյան վարակում: «Շտապ օգնությունը էնպես տեղափոխեց` ոնց որ պարկով կարտոֆիլ լինեի …հետո ոչ թողեցին վերելակ նստեմ, ոչ սայլակ տվեցին… ոտքով եմ բարձրացել»: Ոչ մի ձև հավատս չի գալիս, որ 21-րդ դարում, երբ բոլորը հավասարություն, մարդասիրություն են քարոզում, երբ ամեն երկրորդը խոսում է մարդու իրավունքներից, նման վերաբերմունք գոյություն ունի… Երբ Լիաննան այլ հիվանդանոց է գնացել բժշկական զննումների` բժիշկներից մեկն ասել է.«Աղջիկ ջան, էս կոշկակարի գործ ա…»: Վիրահատությունից հետո վիրահատող բժիշկը նույնիսկ չի կանչել վիրակապության.
-5 ամիս անկողնում պառկել եմ.քառասունքանի աստիճան շոգ: Վերքս ծաղկի պես բացվել էր…
Վիրահատությունից հետո բժիշկն ասել է.
-70.000 դրամ փող պետք է տաք
Լիաննան ասել է` սոցիալապես անապահով է, միջոցներ չունի, չի կարող…
-Չէիր կարող` չգայիր..
Չէիր կարող` մեռնեիր..
Այժմ Լիանան դրամպանակում ունի 280 դրամ: Ի՞նչ կարող է անել այդ գումարով:
Տիկին Էմման` Լիանայի մայրը, իր մյուս աղջկա՝ Նանայի, 7 թոռների հետ ապրում է մեկ այլ սենյակում: Նորից տուփ-սենյակ, իրար վրա «շարված» երեխաներ, սենյակում, պարանից կախ, երեխաների շորեր..Մեծ տղա թոռը երբեմն ինտերնետում է լուսացնում:Առավոտյան գալիս է տուն,տեղավորվում տախտակին, քունն առնում …
«Ես չգիտեմ` ինչ անեմ…կամ պետք է կախվեմ, կամ պետք է սպանեմ այս երեխաներին, թե չէ դանդաղ մեռնում են»…
Տիկին Էմմայի ընտանիքը անլույս օրեր է ապրել ու քանի որ առնետներ կային` մոմը միացրած էին քնում..Մի օր էլ վառված մոմը կպնում է ստվարաթղթե տուփին, տունը հրդեհվում է. հրշեջները փրկում են խորանարդ-սենյակը:
Անկողնուն հացի մի կտոր է դրած.
-Սա էլ էրեխեքի էսօրվա հացը..առաջին անգամ են օրվա մեջ ուտում..
Նայում եմ մի կտոր հացին և չեմ պատկերացնում, թե ինչ հրաշքով է բոլորին բաժին հասնելու…
Երեխաները ամաչում են դպրոց գնալ, որովհետև շոր չունեն,կոշիկ չունեն… եղածն էլ ծակ է: «Ծաղրի առարկա են դառնում…ո՞նց գնան դպրոց»…,- ասում է տատը:
Շուտով տոները մոտենում են: Այս մեծ ընտանիքը պատրաստվում է առնետների հետ դիամվորել Նոր Տարին..«եթե հաջողվի`կարտոֆիլ կտապակենք»..
-Երեխաները հավատո՞ւմ են Ձմեռ Պապին…
-Բա էսքանը տեսնելուց հետո հրաշքի կհավատա՞ն…
Մի կերպ դուրս եկա լաբիրինթոսային միջանցքից: Թունելի վերջում իմ իմացած աշխարհի լույսն էր..Տիկին Էմմայի թոռնուհին`Արմինեն, ուղեկցում է.
-Բա ցո՞ւրտ չի առանց վերարկու..
-Դե չունեմ..դպրոց էլ էս կոշիկներով եմ գնում:
Եվ դա հենց այն օրը, երբ երկար լռությունից հետո ձյունը ծածկելու է քաղաքը…

Google+



help

Previous post Next post
Up