Originally published at
Koreolan. You can comment here or
there.
Երեկ երեկոյան տանը տարբեր երգեր էինք հիշում, հիմնականում ֆիդայական-հայրենասիրական. “Գնդակ որոտաց նոյեմբեր ամսում …”, “Հազար իննհարյուր յոթ թվականին, Չքնաղ մայիսի քսան և յոթին, …”, “Իբրև արծիվ սավառնում ես …”, “Ձայն տուր ով ֆիդա …” և այլն, և այլն, և այլն: Երգեր Անդրանիկի, Դրոյի, Արաբոյի, Գևորգ Չաուշի, Աղբյուր Սերոբի, Մախլուտոյի մասին: Հայ ազատագրական պայքարի պատմությունն ինձ առաջին անգամ այս երգերն են պատմել: Այս երգերն են, որ ստիպել են հետաքրքրվել այս անուններով, ստիպել են կարդալ և ավելին իմանալ նրանց մասին: Այս երգերն էին, որ ինձ համար բացեցին “Անդրանիկ”, “Ռանչպարների կանչ”, “Խոսեցեք Հայաստանի լեռներ”, “Ինձ բահ տվեք” և ուրիշ շատ ու շատ գրքեր: Ով գիտի, միգուցե այդ գրքերից շատերն էլ գրվել են հենց այդ երգերի շնորհիվ: Առաջին անգամ այս երգերից եմ իմացել Մուշ, Վան, Սասուն, Զեյթուն, Առաքելոց Վանք բառերը, երբ դեռ նույնիսկ չգիտեի թե ինչ բան է քարտեզը: Այս երգերն են, որ սիրել են տվել այդ քաղաքները, որոնք աչքովս էլ չեմ տեսել, նրանք են ինձ ասել, որ դրանք իմն են:
Հետո հիշեցի մեր նորօրյա ազատամարտը: Այդ ազատամարտի մասին ինձ արդեն պատմում էր հեռուստացույցը: Պատմում էր ու անցնում, իսկ պատերազմի ավարտից հետո հեռուստացույցն էլ դադարեց: Արդյունքում մնաց միայն գիտակցությունը, որ պատերազմ է եղել: Անուններ, դեպքեր - այդ ամենը չէր մնում, որովհետև չէր երգվում: Այն ժամանակ այդ ազատամարտին ու նրա հերոսներին նվիրված երգեր դեռ չկային գրված: Ու ցավալի է, որ այսօր էլ չեն երգվում: Չգիտեմ, գրվել են, թե ոչ, բայց չեն երգվում: Մի երգ եմ լսել Գետաշենի անկման մասին, մի երգ Ավոյի, մեկ-երկու երգ պատերազմի մասին ու վերջ: Հա, մեկ էլ Վազգեն Սարգսյանին նվիրված պետպատվեր երգը, բայց դա էլ ազատամարտի հետ քիչ կապ ունի: Կա՞ արդյոք Շուշիի ազատագրմանը նվիրված երգ, Քարինտակի պաշտպանությանը նվիրված երգ, Բերձորի համար պայքարին նվիրված երգ, Աղդամը լռեցնելուն նվիրված երգ: Կա՞ն արդյոք ստեփանակերտցիների, մարտակերտցիների, մարտունեցիների, հադրութցիների տոկունության ու քաջության մասին երգեր: Կա՞ն երգեր նվիրված մեր նորօրյա հերոսներին Լեոնիդին Ազգալդյանին, Աշոտ Ղուլյանին, Մովսես Գորգիսյանին և մյուսներին : Եթե կան էլ, ապա մնում են բոլորին անհայտ, չերգված ու մոռացության դատապարտված: Եթե չկան, ապա մեր ազգը ծանր հիվանդ է: Արցախյան ազատամարտի Խաչիկ Դաշտենցն էլ դեռ չկա: Ու հիմա որտեղի՞ց այսօրվա երեխաները լսեն այդ ազատամարտի պատմությունը: Նահանջ առանց երգի ու արդեն ոչ թե Սփյուռքում, այլ Հայաստանում ու բառի բուն իմաստով: