Originally published at
Koreolan. You can comment here or
there.
Հայաստանի ցանկացած բնակիչ գիտի, որ զանազան չուլ ու փալասի և կենցաղային տեխնիկայի խանութներում տարին 365 օր զեղչ է: Թե ինչու է այդպես, քչերը գիտեն, բայց երևի շատերն են այդ հարցն իրենց տվել: Սովորաբար վերջում գալիս են այն եզրակացության, թե դա գովազդի համար է, կամ էլ եթե զեղչը կլոր տարին չէ, այլ ասենք տարին 4 ամիս, ապա. “դե կամաց-կամաց բարձրացնում են, հետո զեղչում ու գալիս իրա իսկական գնին, մարդիք էլ գնում են միամիտ-միամիտ առնում”:
Իսկ իրականում դա փող լվանալու միջոց է, որի անունը պայմանականորեն կարելի է դնել “անննննախադեպ զեղչեր”:
Ենթադրենք, թե մենք տարել զենք ենք ծախել ու ունենք 70.000 դրամ կեղտոտ փող, որը պետք է լվանալ: Ի՞նչպես դա անել: Ուրեմն գնում ենք մի 30.000 դրամի չուլ ու փալաս ենք դրսից բերում ու մաքսատանն ասում, թե 100.000 դրամի է: Քանի որ գինը մի բան էլ թանկացրած ենք ասում և հետևաբար մաքսավճարը մի բան էլ ավել ենք վճարելու, ապա մաքսատանը մեծ հաճույքով բոլոր գրանցումներն անում, իրենց մաքսավճարը վերցնում ու մի կողմ են քաշվում: Հետո բերում ենք մեր խանութում դնում, վրան կպցնում ենք “Գինը 100.000 դրամ” ու անմիջապես կողքին գրում “Զեղչ 70%”: Չնայած այդ “զեղչ 70%” պիտակին` բոլոր փաստաթղթերով դա 100.000-ոց չուլ ու փալաս է ու հետևաբար այդ ապրանքի վաճառքի դեպքում հարկ վճարվելու է 100.000 և ոչ թե 30.000 դրամի համար: Արդյունքում ապրանքը վաճառելուց հետո, մենք ստացված 30.000 դրամին վրա բերում ավելացնում ենք էն մեր զենքի վաճառքից ստացած 70.000 դրամը, այդ ամբողջ 100.000-ից հարկերը խելոք մուծում ենք ու գնում ենք տուն քնելու: Բոլորը չաղ ու բախտավոր են. մենք` քանի որ հաջողությամբ լվացել ենք անօրինական 70.000 դրամը, մեր գնորդը` քանի որ համզված է, որ 100.000 շոր է առել 30.000 դրամով, մաքսավորներն ու հարկային տեսուչները` քանի որ մաքսային ու հարկային մուտքեր են ապահովել: Որպես հետևանք, ոչ ոք սրա դեմ չի սկսելու պայքարել, վերջ ի վերջո սա էլ է բյուջե լցնելու ձև ու համ էլ ստվերային տնտեսությունում պտտվող գումարները թեև միջնորդավորված, բայց բերվում են բյուջե: Սենց բաներ:
Հ .Գ.
Փողոցում անցնելուց ուշադրություն դարձրեք զեղչերով խանութներին ու մտովի պատկերացրեք, թե ինչ գումարներ են լվացվում: