ԽՍՀՄ Հայրենական պատերազմում (այսուհետ ես այս տերմինն եմ կիրառելու) Հայկական ԽՍՀ ու հայ ժողովրդի դեմոգրաֆիկ կորուստների մասին տարբեր թվեր կան։ Խորհրդային/ռուսական պատմագրության մեջ ընդունված է, որ ամբողջ ԽՍՀՄ-ից զոհվել է մոտ 83,000 հայ։ Իր հերթին հայկական աղբյուրներում նշվում են մինչև 600000 զորակոչված ու մինչև 300,000 զոհված թվերը։
Հիմա փորձենք Հայկական ԽՍՀ, ինչպես նաև ԽՍՀՄ մյուս հանրապետություններում հայության դեմոգրաֆիկ կորուստները գնահատել՝ ելնելով 1939 ու 1959 թվականների համամիութենական հանրաքվեների տվյալներից։ Իհարկե, դա կլինի շատ կոպիտ գնահատական, քանի որ հաշվի չեն առնվի մի շարք այլ դեմոգրաֆիկ պրոցեսներ.
1. 1948թ. հայրենադարձությունն ու դրան հաջորդած բռնությունները, ինչպես նաև ռեաբիլիտացիան;
2. 1945-1959թթ. մահացության աստիճանը;
3. ԽՍՀՄ ներքին միգրացիոն պրոցեսները։
Բացի այդ, այստեղ խոսքը կլինի բացառապես մարտական կորուստների գնահատմանը։ Մասնավորապես ես չեմ անդրադառնա օկուպացված տարածքներում հայ քաղաքացիական բնակչության կորուստներին, ինչպես նաև կյանքի որակի անկման պատճառով թիկունքում մահացության աճին։
Անճշտություններ մտցնող մեկ այլ հանգամանք է զորակոչի տարիքը, որը պատերազմի ընթացքում անընդհատ փոխվել է, իսկ երբեմն էլ չի պահպանվել։ Այսպես օրինակ՝ հայտնի են դեպքեր, երբ գործող բանակում հայտնվել են անգամ 16 տարեկաններ, իսկ օրինակ պատերազմի վերջում 18 տարեկաններին ռազմաճակատ արդեն շատ քիչ էին ուղարկում։ Սակայն այդպես շատ ճշգրիտ հաշվելը կպահանջի զգալի ժամանակ, այնպես որ ես որ հաշվարկներում որպես եկալետ կըդնունեմ այն հանգամանքը, որ հիմնականում զորակորվում էին 18-55 տարեկան արական սեռի քաղաքացիները։
Կանանց նույնպես մասամբ զորակոչում էին, բայց այդ հանգամանքը նույնպես հաշվի չեմ առնի։
Եվ վերջապես, Հայկական ԽՍՀ դեմոգրաֆիկ կորուստները հաշվելիս պիտի նկատի ունենալ, որ այդ կորուստների մեջ բոլորը չէին հայեր. կային նաև ադրբեջանցիներ ու այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Ես կհամարեմ, որ և զորակոչը, և պատերազմում կորուստները եղել են համամասնորեն։
Այս բոլոր սահմանափակումներով հանդերձ որոշակի վերին գնահատական կստանանք, թեպետ և այդ գնահատականը կլինի կոպիտ ու պիտանի կլինի զուտ մասշտաբները պատկերացնելու համար։
1941-1945թթ. 18-55 տարեկան եղած քաղաքացիները ծնվել են 1886-1927թթ.։
1939թ. Հայկական ԽՍՀ բնակչությունը կազմում էր 1,282,338 մարդ, այդ թվում՝ 648,614 տղամարդ և 633,724 կին։ Ըստ ազգության՝ 1,061,997 հայ (~82.82%), 130,896 ադրբեջանցի (~10.21%)։
1939թ. դրությամբ Հայաստանում բնակվում էին 1886-1927թթ. ծնված արական սեռի 343,346 քաղաքացի, որոնցից համամասնորեն հայ էին մոտ 284,359 հոգի, իսկ ադրբեջանցի՝ մոտ 35,056 հոգի։
Այսպիսով, Հայկական ԽՍՀ-ից չէր կարող զորակոչվել 300,000 հայ նույնիսկ 18-55 տարեկան անխտիր բոլոր տղամարդկանց բանակ տանելու դեպքում։ Իսկ անխտիր բոլորին բանակ չեն էլ տարել։
Նույն 1939թ. մարդահամարի տվյալներով ԽՍՀՄ մյուս հանրապետություններում բնակվում էր 1,090,863 հայ, այսինքն՝ գրեթե նույնքան, որքան Հայկական ԽՍՀ-ում։ Տարիքային կազմը նույնպես պիտի որ էապես տարբեր չլիներ։
Հիմա գանք 1959թ. մարդահամարի տվյալներին։
1959թ. դրությամբ Հայաստանում բնակվում էին 1886-1927թթ. ծնված արական սեռի 218,764 քաղաքացի։ Այսինքն՝ 20 տարում 1886-1927թթ. ծնված տղամարդկանցից 124,582 հոգի մահացել էին։ Համամասնորեն դրանցից 103,179-ը հայ էին, իսկ 12,720-ը՝ ադրբեջանցի։
Սակայն համամասնությունը հաշվել կարող ենք նաև հիմք ընդունելով 1959թ. դրությամբ եղած էթնիկ պատկերը, իսկ այն հետևյալն էր.
Հայկական ԽՍՀ ընդհանուր բնակչությունը 1,763,048 մարդ, որից 842,406 տղամարդ, 920,642 կին և որից 1,551,610(88.01%) հայ ու 107,748(6.11%) ադրբեջանցի։
Եթե այս համամասնությամբ նայենք, ապա կունենաք, որ 124,582 մահացածներից 109,645-ն էին հայ, իսկ 7,612-ն ադրբեջանցի։
Այսպիսով, կարող ենք ասել, որ 1939-1959թթ. ընթացքում մահացել է (ինչպես և նշել էի, ԽՍՀՄ-ում ներքին միգրացիան հաշվի չեմ առնում) Հայկական ԽՍՀ-ում բնակվող ու 1886-1927թթ. ծնված (այսինքն՝ ամենայն հավանականությամբ պատերազմի զորակոչված) 103,179-109,645 հայ տղամարդ։
Ինքնին հասկանալի է, որ այդ ~100-110 հազարը բոլորը չէ, որ մահացել են պատերազմում։ Պատերազմի ընթացքում, պատերազմին նախորդած տարիներին և պատերազմին հաջորդած տարիներին մարդիկ կարող էին մահանալ բնական մահով, հիվանդություններից, դժբախտ պատահարներից, հանցագործություններից ևն։ Եթե նույնիսկ պատկերացնենք, որ նշված տարիքային խմբերի տղամարդկանց համար տարեկան «բնական» մահացությունը 1 մահ է 1,000 հոգու հաշվով, ապա 20 տարվա ընթացքում դա տալիս է ավելի քան 20,000 ոչ մարտական մահ։ Այս հարցով հստակ վիճակագրություն հավանաբար կլինի ցանցում, բայց չեմ փնտրել։
Այսպիսով, քիչ է հավանական, որ Հայկական ԽՍՀ-ից հայ ժողովրդի դեմոգրաֆիկ կորուստները պատերազմի ընթացքում գերազանցած լինեն 70,000-80,000-ը։
ԽՍՀՄ մյուս հանրապետություններից հայերի կորուստների քանակը գնահատելն ավելի բարդ է։ Դրա համար անհրաժեշտ է նմանատիպ հաշվարկներ կատարել յուրաքանչյուր հանրապետության համար ու համամասնորեն որոշել հայերի կորուստները, սակայն առաջին մոտարկմամբ կարող ենք համարել, որ դրանք մոտավորապես հավասար են եղել կամ մի փոքր գերազանցել են Հայկական ԽՍՀ-ից կորուստները (հաշվի առնելով, որ Ուկրաինայի ու Ռուսաստանի հայությունն ավելի շատ կորուստներ պիտի ունենար մարտական գործողությունների թատերաբեմին մոտ լինելու պատճառով)։
Արդյունքում որպես մոտավոր և կոպիտ գնահատական (ընդ որում՝ վերին գնահատական) կարող ենք նշել մոտ 140,000-160,000 զոհ ամբողջ ԽՍՀՄ-ից։
Այս հաշվարկների ճշտությունն, իհարկե, կարելի է դեռ մեծացնել, ուղղակի դրա համար լրացուցիչ ժամանակ և հետազոտություն է պետք։ Մասնավորապես Հայկական ԽՍՀ-ում մահացության աստիճանը հնարավորություն կտա պարզել, թե մոտավորապես քանի՞ մարդ է մահացել ոչ պատերազմի մեղքով։ ԽՍՀՄ մյուս հանրապետությունների համար արված հաշվարկները հնարավորություն կտան ավելի ստույգ ասել, թե քանի հայ է զոհվել այդ հանրապետություններից ևն։
Ամեն դեպքում, անգամ այս կոպիտ հաշվարկներից ակնհայտ է, որ 300,000 զոհի մասին տվյալներն առասպել են և անհնար են քանի դեռ թվաբանության օրենքները չեն փոխվել։ 83,000 զոհի մասին խորհրդային պաշտոնական թվերը, թեև կարելի է կասկածելի ու նվազեցված համարել, բայց թվաբանության օրենքնեին դրանք գոնե չեն հակասում։ Այնպես որ այդ թիվը կարող ենք ընդունել որպես հայ ժողովրդի դեմոգրաֆիկ կորուստների ստորին գնահատական։
Արդյունքում ունենում ենք 83,000-160,000 գնահատական ամբողջ ԽՍՀՄ-ից։
http://www.koreolan.org/blog/archives/4936