Եթե մի պահ մտովի տեղափոխվենք ասենք 2000 տարի դեպի առաջ, ի՞նչ կգրեն այն ժամանակվա հայ դիլետանտ-պատմաբանները մեր ժամանակների մասին։
Նրանց գրքերում, առնվազն, չի լինի հայոց ցեղասպանությունը։ Ֆոլկ-պատմությունը միայն հեռավոր անցյալի փառքի մասին պիտի լինի։ Կարծում եմ, որ այդ պատմությունում Օսմանյան Թուրքիան անպայման պիտի նույնացվի Հայաստանի հետ։
Ինչպե՞ս դա հնարավոր կլինի հիմնավորել։ Եկեք մտածենք. Թուրքիա - սա ակնհայտորեն պիտի մեկնաբանել որպես թուր արմատով տեղանուն, իսկ ք-ն էլ, բնականաբար, հոգնակիակերտ է։ Այս ստուգաբանությունը կհաստատվի նաև Օսմանյան կայսրության սիմվոլ դարձած յաթաղանով - դա էլ է չէ՞ թուր։ Բա դրոշի վրայի լուսինը - յաթաղանանման, այն է` թրանման։ Այսինքն` Թուրքիա - թրերի երկիր։
Ինչ վերաբերում է Օսմանյան բաղադրիչին, ապա -յան մասնիկը դե, ակնհայտ է. Արտաշեսյան, Ռուբինյան, Օսմանյան։ Այ Օսմանն ավելի բարդ է թվում։ Բառը պիտի բաժանել երկու բաղադրիչի. Օս+ման։ Մանը, դա նույն ԱրիՄանի մանն է ու նույն ինքը անգլերենի man-ը, այսինքն` տղամարդ, արի, արիացի։ Օսի մասով էլ. Աճառյանի բառարանում գտա օսր = դարբինի սալ, զնդան բառը։ Այն, ճիշտ է, Աճառյանի մոտ փոխառություն է թուրքերենից, բայց դե հիմա մարդը սխալվել է։ Օսրմանն էլ այդ դեպքում կստացվի կամ դարբին կամ միգուցե երկաթյա կամ զինագործ մարդիկ (զնդան=>երկաթ/զինագործ անցումը լրիվ խելքին մոտ է)։
Ու տեսեք ինչ է ստացվում Օսրմանյան Թուրքիան դա նշանակում է կամ դարբինների թրեր կամ զինագործների թրեր։ Էդ վերջինը լավա հնչում։ Այսինքն` 2000 տարի հետոյի դիլետանտների թեթև ձեռքով էսօրվա հայերս կդառնանք աշխարհահռչակ զինագործներ։ Դզումա, չէ՞։
Օսմանյան բառի մեկ այլ ստուգաբանություն էլ է հնարավոր։ Այդ ստուգաբանությունում բառասկզբի օս-ը պիտի նույնացնել Հայաստան բառի մեջ եղած ԱՍ-ի հետ։ Դե օ-ա, յուրաքանչյուր քյավառցի գիտի, որ սա նույն բանն է։ Իր հերթին այդ ԱՍ-ը տեղի ցուցիչ է ու նույն ՍԱ-ն է։
Այսինքն` Հայ+աս+տան նշանակում է պարզապես սա հայերի տունն է։
Օսմանյան/Ասմանյանն էլ ստացվում է սա տղամարդիկ են (չմոռանանք, որ ռուսերենում հենց ԱՍմանսկայա էլ արտասանվում է)։
Այս մի ստուգաբանությամբ ստացվում է, որ Օսմանյան Թուրքիան նշանակում է սա տղամարդկանց թրեր են, այսինքն` Հայաստանը թրերով ու առհասարակ` լավ զինված տղամարդկանց երկիր է։
Բա ինչքա՜ն բեղումնալից կլինեն Բյուզանդիա->Օսմանյան Թուրքիա անցման պատմությունները։ Էն էլ, էն էլ հայկական են, այսինքն` գործ ունենք քաղաքացիական պատերազմի հետ, որտեղ հայկական մի կլանը հաղթել է մյուսին։
Mirrored from
Կորեոլան.