Անկախության, սովետի ու Միկոյանի մասին

May 21, 2014 13:52


Միկոյանի արձանի տեղադրման շուրջ կռիվ-կռիվները, չգիտես ինչու վեր են ածվում սովետը գովերգողների ու սովետը փնովողների հակամարտության։ Չէ, այսինքն` գիտես, թե ինչու, բայց մեկա, սովետի ինչացու լինելը Միկոյանի արձան տեղադրելու նպատակահարմարության հարցի հետ կապ չունի։

Մյուս հարցը, որ պարբերաբար բարձրացվում է, այն է, թե «ի՞նչ տվեց ձեզ էդ անկախությունը»։ Ուշագրավ է, որ շատերը այդ հարցը հենց երկրորդ դեմքով են բարձրացնում, բայց դա վերջիվերջո այդքան էլ էական չէ։ Հիմա այս և հարակից հարցերի մասին նվաստիս կարծիքը։

Սկսեմ սովետից։ Սովետի մասին խոսելիս պիտի փաստել մի քանի բան.
1. ԽՍՀՄ-ը կայսրություն էր։
2. ԽՍՀՄ-ը ռուս ժողովրդի կայսրությունն էր։
3. ԽՍՀՄ-ն ինքն իր ներսում գաղութատիրական կառուցվածք չուներ։ Դա մասնավորապես արտացոլվում էր այն փաստում, որ Խորհրդային Միությունում չկային առաջին, երկրորդ, երրորդ ևն սորտի ազգություններ, ինչպիսիք կան այսօրվա Ռուսաստանում։ Եվ վերջին հաշվով դասակարգային զտումների շրջանը հանած, ԽՍՀՄ-ում մարդիկ հիմնականում իսկապես հավասար էին։ Խոսքը ժողովրդավարության մասին չի, խոսքը մարդկանց հավասար լինելու մասին է։ Օրինակ` որևէ հայ երբեք Մոսկվայում սովետի ժամանակ իրեն երկրորդ սորտի քաղաքացի չի զգացել։

Իհարկե, որոշ հանրապետություններում դա այդքան էլ այդպես չէր, օրինակ` Ադրբեջանական ԽՍՀ-ի հակահայ նպատակուղղված քաղաքականությունը հայտնի փաստ է, բայց տվյալ դեպքում մենք խոսում ենք կենտրոնի դրվածքի մասին։

Հիմա հաջորդ հարցի մասին, այն է՝ հայ ժողովրդի կյանքում սովետի թողած հետքի մասին։ Ընդհանուր հանրագումարով այդ հետքը պիտի գնահատել միանշանակ դրական։ Դա ցեղասպանության կատաստրոֆայից ուշքի գալու հնարավորություն էր, այդ շրջանը աչքի ընկավ տնտեսական, մշակույթային, սպորտային, գիտական և այլ բնագավառների աննախադեպ զարգացումով։ Սովետի բոլոր թերությունները չմոռանալով հանդերձ, այս փաստերը ժխտելը կամ անտեղյակության հետևանք է, կամ կույր սովետատյացության/ռուսատյացության։

Հիմա անկախության մասին։

Վերոգրյալով հանդերձ, ԽՍՀՄ-ում մենք անկախ չէինք։ Ու քանի որ օգտագործվեց անկախ բառը, տեղին է պարզել, թե յարաբ էդ ինչ է էդ անկախությունը։ Որովհետև, որքան էլ որ տարօրինակ է, այդ բառի իմաստը շատերը չեն հասկանում։ Ոմանց թվում է, որ անկախությունը կուշտ փոր ունենալն է, ուրիշներին էլ թվում է, որ անկախությունը բացարձակ իմաստով պետք է հասկանալ, այսինքն՝ ամեն ինչից անկախ։

Հասկանալի է, որ կուշտ փորն ու անկախությունը կապ չունեն։ Եվ անկախ, և ոչ անկախ վիճակում կարելի է լինել և կուշտ, և սոված։ Դրա օրինակներ ինքան ուզեք։

Ինչ վերաբերում է անկախությանը բացարձակ իմաստով, ապա այդպիսի բան չկա ու չի կարող լինել։ Յուրքանչյուր պետություն այս կամ այն չափով կախված է այլ պետություններից ու դրանց հետ իր հարաբերություններից։ Ավելին, պետությունը կախված է նաև այնպիսի բաներից, ինչպիսին են աշխարհագրությունը, կլիման, ժողովրդագրությունը ևն, ևն։ Եվ հետևաբար անկախություն ասելով պետք է հասկանալ ոչ թե բացարձակ անկախությունը, ինչն անիմաստ է, այլ` հատկանիշների ինչ-որ բազմություն, որոնց բավարարվելու դեպքում պետությունը կհամարենք անկախ, այլապես` ոչ անկախ։

Հատկանիշների այդ բազմության մասին ահագին մտածելուց հետո, ես նույն ԽՍՀՄ փորձի հիման վրա առանձնացրի մի քանի այդպիսի հատկանիշ, որոնց բացակայությունը բնորոշում էր Հայկական ԽՍՀ անկախ չլինելը.
1. Միջազգային իրավունքի սուբյեկտ լինելը։ Սա անկախության ֆորմալ հատկանիշ է, բայց կարծում եմ, որ կարևոր թեկուզ զուտ ստատուսի առումով։

2. Պետության տարածքում մարդուն պատժելու արտապետական կառույցների բացակայությունը։ Այլ բառերով ասած` պետության տարածքում պատժելու բացառիկ իրավունքն այդ պետության դատական-իրավական համակարգինն է, ընդ որում` այդ համակարգը պիտի բացառի սեփական քաղաքացու հանձնումը որևէ արտապետական դատական կառույցի։ Հայկական ԽՍՀ-ում սրա բացակայության օրինակներ էին ստալինյան ռեպրեսիաներից սկսած, մինչև Զատիկյանենց դատը։ Ընդ որում` կապ չունի, թե որքանով էին կայացված դատավճիռներն արդար։ Կապ ունի այն, որ Հայաստանի քաղաքացուն/բնակչին դատում էր ոչ թե Հայաստանը, այլ` կայսրությունը։ Ու վճիռն էլ «հանուն Հայաստանի» չէր, այլ` «հանուն ԽՍՀՄ»-ի։

Ի դեպ, այս կոնտեքստում հիշեցի, որ մի քանի տարի առաջ մի խումբ մարդիկ Ռոբերտ Քոչարյանին ուզում էին Հաագա հանձնեն։ Այդպես մտածող բոլոր մարդիկ հակաանկախական են, եթե նույնիսկ չեն էլ գիտակցում դա։ Հայաստանի որևէ քաղաքացի կամ Հայաստանի պաշտպանության տակ ընդունված որևէ այլ մարդ երբեք չպիտի հանձնվի միջազգային ինչ-որ թափթփուկների դատին։

3. Պետության քաղաքացիների պարտադիր զինծառայությունը պիտի լինի բացառապես սեփական զինված ուժերում, իսկ զորակոչի պրոցեսի կազմակերպումն էլ բացառապես պետության մենաշնորհը պիտի լինի։ Այլ բառերով ասած`որևէ արտապետական կառույց չպիտի կարողանա որոշել, թե ահա այս, այս ու այս քաղաքացիներին ես տանում եմ էսինչ տեղը ծառայելու։

4. Պետությունը պիտի ունենա իր շահերի վերաբերյալ որոշումներ կայացնելու բացառիկ իրավունք ու հնարավորություն։ ԽՍՀՄ-ում սրա բացակայության օրինակ են տարածքային կորուստները, որ մենք ունեցանք, երբ մեզ չէր վերապահված մեր տարածքների ճակատագիրը տնօրինելու իրավունքը։ Որոշում ընդունող կենտրոնն էր, իսկ մեր խնդիրն ադրբեջանցիներից ավելի լավ լոբբինգ անելն էր։

Ահա այս 4 հատկությունն է, որոնք ես համարում եմ անկախության հիմնական բնութագրեր։ Ու եթե խոսում ենք անկախության ամրապնդման մասին, պիտի նկատի ունենանք այս 4 հատկությունների բավարարումը։ Հա, ու սա հաստատ ինչ-որ դարակազմիկ գյուտ չի, էդ քաղաքագիտության առաջին դասարանի դասագրքերում սենց բաներ երևի գրված կլինեն։

Այս կետերից պարզ է նաև դառնում, «ի՞նչ տվեց անկախությունը» հարցի պատասխանը։ Տվեց օրինակ այն, որ հիմա Մոսկվան չի որոշում, թե Հայաստանի էսինչ քաղաքացուն ուր պիտի աքսորել։ Մի անգամ էլ նկատենք, որ տնտեսական-սոցիալական մակարդակը (կուշտ փոր) անկախության հատկանիշ չէ։ Այն անկախության ոչ անհրաժեշտ, ոչ էլ բավարար պայման է, բայց, բնականաբար, օրինակ` ուժեղ տնտեսությունը կարող է ամրացնել անկախությունը։ Ընդ որում` նկատենք, որ ինքնին տնտեսություն ու անկախություն երևույթներն անհամեմատելի են ու «ո՞րն է ավելի լավ, ուժեղ տնտեսությո՞ւնը, թե անկախությունը» հարցը նույնքան անիմաստ է, որքան «ո՞րն է ավելի լավ, բազմո՞ցը, թե գրասեղանը» հարցը։

Եվ վերջապես, գանք Միկոյանի մասին հարցին։ Կարծիքը, թե Միկոյանի շնորհիվ էր, որ Հայաստանը այդպես թափով զարգանում էր, անհիմն է։ Հայաստանը թափով զարգանում էր նաև Բրեժնևի օրոք, երբ Միկոյանն անցել էր թոշակի։ Իսկ Հայաստանը զարգանում էր, որովհետև ԽՍՀՄ-ում նույնիսկ Ստալինի ժամանակներից սկսած ձգտում էին հնարավորինս նույն մակարդակի բերել բոլորին։ Այս մոտեցումն ուղղակիորեն բխում էր կայսրության գաղափարախոսությունից։

Այնպես որ, Միկոյանի վաստակը Հայաստանի նկատմամբ չէ, այլ` կայսրության։ Ի դեպ, դա ճիշտ է նաև ԽՍՀՄ ռազմական, քաղաքական բոլոր մյուս հայ գործիչների մասով։ Օրինակ` Արտեմ Միկոյանի վաստակը նույնպես կայսրության առջև էր. նրա նախագծած ինքնաթիռները կայսրության շահերի պաշտպանությանն էին ծառայում։ Նույնը վերաբերում է նաև Բաղրամյանին, Բաբաջանյանին ու մյուսներին։ Սա չեմ ասում, որպես վատ կամ պախարակելի բան այդ մարդկանց համար. սա ուղղակի փաստ է, որն արձանագրում ենք ու որը պիտի գիտակցենք։

Հիմա, վերադառնալով արձանի հարցին։ Նախ ասեմ, որ գնդակահարությունների թիվ ավելացնելու մասին փաստարկը, թեև զգայական է, բայց ես դա էական չեմ համարում։ Օրինակ` Գեորգի Ժուկովը հայտնի է, որպես սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ քիմիկան զենք կիրառած առաջին անձ,բայց դա չի նշանակում, թե Ժուկովի պատվին Ռուսաստանում չպիտի լինեն արձաններ։ Պիտի լինեն, կան ու վայթեմ նույնիսկ Տամբովի շրջանում էլ լինեն, որտեղի բնակիչներից շատերի նախնիներին Ժուկովը քլոր էր հյուրասիրել։

Արձանի մասով էականն այն է, որ Միկոյանը Հայաստանի հետ առհասարակ կապ չունի ու չի էլ ընկալվում որպես Հայաստանի հետ կապված մարդ։ Միկոյանին մենք չենք ընկալում որպես Հայոց պատմության մաս։

Իսկ Բաղրամյանին, Բաբաջանյանին մենք ընկալում ենք որպես մեր ռազմական պատմության, մշակույթի ու ավանդույթի մաս։ Ու դա նաև արդարացված է, որովհետև մեր այսօրվա բանակը խորհրդային բանակի հիմքի վրա է կառուցվել և որոշակի ժառանգական կապ կա ու Բաղրամյանը, Բաբաջանյանը նաև այդ կապի սիմվոլիկ մարմնավորումն են։

Իսկ ինչի՞ սիմվոլ է Միկոյանը։ Հայաստանի համար՝ ոչ մի բանի։

Միկոյանի արձանի կանգնեցումը միայն երկու դեպքում կարող էր իմաստ ունենալ.
1. Իր ծննդավայրում։
2. Իր նախաձեռնությամբ կառուցված ինչ-որ գործարանի կամ շինության հարևանությամբ/բակում (եթե այդպիսիք կան)։




Mirrored from Կորեոլան.

Անաստաս Միկոյան, սովորեք հետս գյոռս չեմ տանելու, Հայաստան

Previous post Next post
Up