Originally published at
Կորեոլան. You can comment here or
there.
«Սիրիահայ ընտանիքի» ոդիսականի մասին հերթական
հոդվածն է։ Կարծես թե արդեն ասվել էր, որ իրականում ասորի են եղել, ոչ թե հայ, որ նպատակը Հայաստանով 3-րդ երկիր գնալն էր և այլն։ Դա մի կողմ ” փաստերը չստուգելու հիվանդությունը հատուկ է մեր շատ ԶԼՄ-ների,լրագրողների, հրապարակախոսների և այլն։
Էլ ի՞նչ կա այս հոդվածում չստուգված փաստերից բացի։
1. Հենց առաջին պարբերությունը տրամաբանական սխալ է պարունակում. «Պետությո՞ւնն է ծառայում է քաղաքացիներին, թե՞ հակառակը` մարդիկ են ծառայում պետությանը» հարցադրմանը (որ ինքնին անիմաստ հարցադրում է) չգիտես ինչու մեկնաբանը պատասխանում է, որ «Հայաստանը տարածք է, որտեղ մարդիկ ապրում են, որպեսզի իշխանությունը բարգավաճի»։
Ակնհայտ է,որ սա հնչած հարցի պատասխանը չէ։
Քիչ անց` մեկ այլ տրամաբանական սխալ էլ կա։ Սկսելով ՀՀ-ՀՀ քաղաքացի հարաբերությունների մասին հարցից, հեղինակը գալիս հասնում է այդ «սիրիահայ ընտանիքին», ովքեր ՀՀ քաղաքացիներ չեն եղել։ Եթե ոչ թե «սիրիահայ ընտանիք» ներկայանային, այլ ասենք «էկվադորցի փախստականներ», հեղինակը նորի՞ց դժգոհ կլիներ։
Едим дальше:
2. «բառի բուն իմաստով, պատանդ վերցվել օդանավակայանի հատուկ գոտում» ” մի՞թե փրկագին էին պահանջել։ «ՀԺ» սկզբնական նյութում հիշատակվում է ինչ-որ 1400 եվրոյի պատմություն, միգուցե դրա՞ մասին է խոսքը։ Բայց ընթերցողը միգուցե «ՀԺ» չի կարդում, իսկ առանց դրա նույնիսկ ենթադրություն չես կարող անել, թե ինչի մասին կարող է լինել խոսքը։ Սրա նման էլի դրվագներ կան, որոնք մասին ինչ-ինչ ենթադրություններ կամ պատկերացում կարելի է կազմել միայն «ՀԺ» սկզբնական նյութին ծանոթ լինելու դեպքում, բայց դրանք արդեն այնքան էլ կարևոր չեն։ Հիմա անցնենք ամենահամով մասին.
3. «Այսինքն` մարդկային կյանքը ստորադասվել է ինչ-որ փաստաթղթերի, օրենքների և անհեթեթ այլ ձևականությունների, և դա հիմք է հանդիսացել, որպեսզի մեր ազգային իշխանությունները հայ կանանց ու երեխաներին արտաքսեն Թուրքիա:»
Փաստորեն, ըստ հեղինակի` ՀՀ օրենքները ինչ-որ անհեթեթ ձևականություններ են միայն։ Որոնք կարելի է բանի տեղ դնել կամ չդնել։ Նայած, թե ում խելքին ոնց փչի։ Ես չգտա «հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ» տիպի գրություն, ուստի ենթադրում եմ, որ խմբագրությունում համամիտ են։
Այս ֆոնին լրիվ անհասկանալի է հեղինակի բացասական վերաբերմունքը «առանց փաստաթղթերի զանազան քրեական հեղինակությունների, գողական աշխարհի ներկայացուցիչների սահմանը հատելու» երևույթի նկատմամբ (որի առկայությունը հաստատող որևէ փաստ, բնականաբար, չի բերվել)։ Սա էլ է օրենքի խախտում, նա էլ։ Թե՞ այստեղ էականը երեխաների առկայությունն է։ Այդ դեպքում կարելի՞ է ենթադրել, որ եթե որևէ գողական մի երեխայի (օրինակ` էկվադորցի փախստականի) ձեռքը բռնած անօրինական հատի ՀՀ սահմանը, հոդվածագիրն այլևս չի սրտնեղի։
________________________________________________________
Իրականում, ինչպե՞ս էր պետք լուսաբանել այս իրադարձությունը։ Ներկայացնել, որ այսպիսի մի ընտանիքի մուտքը, այսպիսի պատճառներով արգելվել է։ Այնուհետև` պետք էր անդրադառնալ, որ ըստ «ՀԺ»-ի, օդանավակայանում այդ մարդկանց իրավունքները ոտնահարավել են (կոնկրետ նշելով, թե ինչի մասին է խոսքը)։ Դրանից հետո պետք էր ճշտել և տալ պատկան մարմինների մեկնաբանությունները իրավունքների խախտման մասին տեղեկությունների վերաբերյալ։ Եվ վերջ։
Իհարկե, հնարավոր է, որ հոդվածագիրը այս պատմության մեջ նաև քննադատելի բան է տեսնում։ Այդ դեպքում պիտի հաշվի առնել հետևյալը.
ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ օրենքի պահանջների կատարումը չի կարող քննադատվել։ Կարող է քննադատվել օրենքը, բայց ոչ երբեք գործող օրենքի կատարումը։ Եթե հոդվածագիրը գտնում է, որ օրենքն անհեթեթ է, ապա թող կետ առ կետը նշի, թե ինչը պետք է փոխել։ Թող իր այդ առաջարկներն ուղարկի ԱԺ խմբակցություններին և այլն։ Հետագայում էլ հանրությանը թող տեղեկացնի խմբակցությունների արձագանքի մասին։
ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ օրենքի խախտումը չի կարող արդարացվել մեկ այլ խախտմամբ։
Հ.Գ.
Ճիշտն ասած` «168 ժամի» մասին երբեք լավ կարծիք չեմ ունեցել ու տվյալ դեպքում թեև ձգտել եմ հնարավորինս ֆիլտրել իմ սուբյեկտիվ վերաբերմունքի ազդեցությունը, բայց չեմ բացառում, որ քննադատությունս օբյեկտիվության առումով լիարժեք չէ։ Դա արդեն յուրաքանչյուրը թող ինքը որոշի։