Originally published at
Կորեոլան. You can comment here or
there.
Զգուշացում. գրառման մեջ կա հայհոյանք, ով չի ցանկանում կարդալ՝ չմտնի։ Գրառումը չպատճենել։
Հայտնի փաստ է, որ հայրենի Կառավարությունը ուսուցչին քիչ է վճարում, գիտնականին քիչ է վճարում օր ու գիշեր չի քնում ու մտածում է, թե ինչպես երկիրը երկիր սարքի, տնտեսությունը հզորացնի և վերջապես հայ ազգը բազմացնի։ Հիշյալ նպատակներին հասնելու համար Կառավարությունն օրինակ ասֆալտ է փռում, որ երկիրը երկրի տեսք ունենա, հսկիչ դրամարկղային մեքենաներ է դնում, որ ստվերային տնտեսություն չլինի և վերջապես քունում է ժողովրդին, որ բազմանա։ Ճիշտ է, այս ամենն առայժմ դրական արդյունք չի տալիս, բայց Կառավարությունը չի հուսահատվում և էլ ավելի եռանդուն է աշխատում. օրինակ՝ եթե անցյալում ասֆալտը փռվում էր 4-5 տարին մեկ, այսինքն՝ ընտրությունից ընտրություն, իսկ էլ ավելի հին, սովետական անցյալում՝ մի տաս տարին մեկ, ապա այժմ այդ գործն արվում է ամեն տարի։ Եթե նախկինում փողոցների մայթերին 100 դրամով մեքենա կանգնացնողները չունեին հաշվիչ դրամարկղային մեքենաներ, ապա այժմ նրանցից յուրաքանչյուրի վզին դրված է վզից կախված է այդպիսի մի մեքենա և նրանք դուրս են եկել ստվերից (ինչի հետևանքով, ի դեպ, արևի տակ լավ սևացել են)։ Եվ վերջապես որևէ կասկած չկա, որ Կառավարությունը սկսել է քունել ժողովրդին շատ ավելի հաճախ (դա կհաստատի ուզածդ սոցհարցումը)։
Եվ ահա, որպես հիշյալ բոլոր նպատակների իրագործման հերթական քայլ, Կառավարությունը (հա լավ, Ազգային ժողովը, սակայն ի՞նչ տարբերություն) անցած տարվա նոյեմբերի 30-ին բարեհաճեց ընդունել մի օրենք, որը կոչված էր այդ նպատակների իրագործման համար օգտագործել նաև արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Օրենքն ուժի մեջ է մտել ուղիղ մեկուկես ամիս առաջ, հունիսի 1-ին։
Հայրենի լրատվամիջոցները, բնականաբար, չէին նկատել ոչ օրենքի ընդունումը, ոչ էլ նրա ուժի մեջ մտնելը. հավանաբար ստվերում չլինելու պատճառով արևը գլխներին էր խփել։ Բայց, ինչպես ասում էին դեռ հին Ուրարտուում, լավ է ուշ, քան ավելի ուշ։ Եվ ահա, երբ ԶԼՄ-ները վերջապես զարթնեցին և դուրս եկան էշի ականջից, սկսեցին կասկածել, որ այն իրականում չի նպաստի երկիր դառնալուն, տնտեսություն զարգացնելուն և բազմանալուն ու դեռ մի բան էլ հակառակը։ Սակայն ոչ մեկի մտքով չանցավ ազգիս նորմալ բացատրել, թե վերջիվերջո այդ ինչ նոր բան է մոգոնել Կառավարությունն իր բարօրության համար (այսինքն՝ ազգի բարօրության, ոչ թե Կառավարության)։ Բացը ստիպված պիտի ես լրացնեմ։ Մինչև նոր փոփոխությունը այն ուներ հետևյալ տեսքտ.
Հոդված 195.1. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու կանոնները խախտելը
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացու մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին չտեղեկացնելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչեւ նվազագույն աշխատավարձի չափով:
Ինքնին հասկանալի է, որ եթե պետական չինովնիկին հնարավորություն է տրված փող կլպել կամ բանավոր զգուշացնել, ապա նա կընտրի առաջին տարբերակը։ Այսինքն՝ նախազգուշացում տալու հնարավորությունը ֆիկտիվ մի բան է, որը ոչ մեկին պետք չի։ Սա հասկանալով, Կառավարությունը որոշեց այդ ավելորդ հատվածը հանել օրենքից ու ձեռքի հետ էլ բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար ավելացնել տուգանքի չափը, և ներկայումս օրենքն ունի հետևյալ տեսքը …
Հոդված 195.1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը խախտելը
1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այդ մասին օրենսդրությամբ սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
Այսինքն՝ եթե հիմա տուգանքը 3000 դրամ է (չգիտեմ, թե այդ ինչպես է նվազագույն աշխատավարձի 3-ապատիկը դարձել 3000 դրամ, բայց հասկացող մարդիկ ասում են, որ տենցա), ապա առաջ 500-1000 դրամ էր։ Ինչպես տեսնում եք, Կառավարությունն իսկապես հետևողական է երկիրը երկիր դարձնելու, տնտեսությունը զարգացնելու և ազգը բազմացնելու գործում։
Ասեմ նաև, որ սույն փոփոխությունը դժգոհության ալիք է բարձրացրել ըՍփյուռքին մեջ, ավելի կոնկրետ՝ Խոխլանդիայում (ինչը թարգմանաբար նշանակում է խոխեքի երկիր), որտեղ 20 տարուց ավել բնակվող մի ինչ-որ ՀՀ քաղաքացի հայտարարել էր, թե դե որ Կառավարությունը տենց չի գնահատում այն փաստը, որ ինքը Ուկրաինա տեղ ապրելով հանդերձ, հանուն այդ Կառավարության և անձամբ ինձ պահպանել է իր ազգային ինքնությունը ՀՀ քաղաքացիությունը, ինքը կվերցնի ու մեզի հակառակ կհրաժարվի այդ քաղաքացիությունից։ Նման ձևով հայրենի Կառավարությանն օգնել չցանկացողների մասին իմ վերաբերմունքն արդեն արտահայտել եմ ֆեյսբուքում. «խեռիս, թե չհրաժարվեն»։
Հ.Գ.
Հիմա կասեք, թե յանիմ խի՞ ես էս անկապ պոստը գրել։ Է լավ եմ արել, գրել եմ, համ էլ թող ես էլ քֆուրով պոստ ունենամ։
Հ.Հ.Գ.
Եթե լուրջ՝
1. Ինչ վերաբերում է օրենքին, ապա վստահ եմ, որ այն իրականացնելու որևէ մեխանիզմ չկա։ Այդ ինչպե՞ս են ստուգելու, թե ես Բուռունդիայում ՀՀ հյուպատոսին էլեկտրոնային նամակով տեղեկացրել եմ, թե չէ։ Ըստ այդմ՝ օրենքի այդ հոդվածն ինչպես եղել է թղթի վրա (դեռևս չի հայտնաբերվել արտերկրում ապրող ՀՀ գոնե մի քաղաքացի, ով զգուշացվել կամ տուգանվել է տեղյակ չպահելու համար), այնպես էլ կմնա։
2. Ես հարգում եմ մարդու՝ քամակը տեղից չշարժելու և գոնե սովորական կամ էլեկտրոնային նամակով իր գտնվելու վայրի մասին տեղյակ չպահելու իրավունքը, բայց նաև կարծում եմ, որ 3000 դրամն այդ իրավունքի համար ամենևին էլ թանկ գին չէ (հատկապես, որ հասկանալի չէ, թե ով և ինչպես է պարզելու ով է հյուպատոսին/դեսպանին տեղյակ պահել, ով չի պահել)։ Ի դեպ, եթե օտարերկրյա քաղաքացիների համար Խոխլանդիայի կառավարությունն ամսեկան 3000 դրամին համարժեք գումար գանձելու որոշում ընդուներ, իսկ չմուծելու դեպքում վտարեր երկրից, ապա քաղաքացիությունից հրաժարվելու պատրաստ բոլոր ՀՀ քաղաքացիները մի մարդու նման օր առաջ կտանեին, կմուծեին գումարը ու դեռ մի բան էլ իրենք իրենցից գոհ կլինեին, թե ինչքան խելացի եղան, որ չթողեցին ամսվա վերջ, այլ տարան հենց սկզբից մուծեցին։