Originally published at
Կորեոլան. You can comment here or
there.
(Ֆելիետոնի փոխարեն)
Զարմանք բան է մեր բախտն, ախպեր,
Հայ գործիչին ինչ էլ անես,
Լավ տեղ կըտաս, պատիվ թե սեր,
Վերջը պետք է դու փոշմանես.
Ահա, ես ձեզ համրեմ մի-մի,
Մեղքն, ասացեք, ո՞ւմն է հիմի…
Չէ, մեզանում, աստված վկա,
Արժանավոր մի մարդ չըկա։
Պոետն, ասին, տաղանդ ունի,
Մենք էլ դրինք գործակատար,
Բայց տեր աստված հեռու տանի-
Հաշիվն այնպես խառնեց իրար,
Այնպես անկարգ, ցրված եղավ,
Որ խազեյնի զահլեն փախավ…
Չէ, մեզանում, աստված վկա,
Մի շնորհքով… պոետ չըկա։
Դերասանին շատ գովեցին,
Այնքան ասին- գլուխ տարան,
Մենք էլ տարանք… բանկի միջին
Մի հեշտ պաշտոն տվինք իրան,
Մի հեշտ պաշտոն, բայց տես այն էլ
Կարենո՞ւմ է գլուխ հանել…
Չէ, մեզանում, աստված վկա,
Մի հատ կարգին… արտիստ չըկա։
Վիպասանին քանքար ասին,
Մենք էլ արինք… աստվածաբան,
Բայց մի հարցրեք նրա մասին,
Թե ի՞նչ կասի սովրող տղան-
Չէ իմանում պատմել իրավ,
Թե Քրիստոսն ինչպես հարյավ…
Չէ, մեզանում, աստված վկա,
Կարգին… մի վեպ գրող չըկա։
Հայրենասեր և հոգեխոս
Քարոզիչ էր մեծ ու բարի,
Մենք էլ արինք… պոլիտիկոս,
Ասինք՝ թող մեզ կառավարի.
Բայց գործերը այնպես տարավ,
Որ աշխարքը լեզու առավ…
Չէ, մեզանում, աստված վկա,
Մի հասկացող… գլուխ չըկա։
Վերջը, խոսքս կտրում եմ կարճ,
Ով որ մեր մեջ ձայն է հանում,
Մենք քաշում ենք այսպես առաջ,
Բայց միշտ նրանք ետ են գնում.
Դուրս է գալիս մի օր հանկարծ,
Որ խաբված ենք աչքներս բաց…
Չէ, մեզանում, աստված վկա,
Մի ընդունակ գործող չըկա։
Հովհաննես Թումանյան