Կովկասյան վագր եմ ասել հաաա՜. “վստահության պաշար” ունի - աշխարհը չունի, անսպառ է Հանրապետականի կոմերիտական “կադրային ու պրոֆեսիոնալ ներուժը”, անկոտրում է նախարարական կամքը՝ սրընթաց կերպով հանրապետականալու, դառնալու արդիականացման բոցաշունչ առաջամարտիկներ... :)))
Իհարկե, նախագահի ելույթը ՀՀԿ 12-րդ համագումարում հնարավոր չէ ընկալել առանց հումորի: Ինձ հետաքրքում էր միայն, թե ինչ նոր բան կասի նախագահը հայ-թուրքական արձանագրությունների եւ արցախյան հարցի մասին Ի. Ալիեւի հետ վերջերս Մյունխենում ունեցած արտասովոր հանդիպումից հետո, հանդիպում, որին իրեն եւ իր երկիրը հարգող նախագահը ընդհանրապես չպետք է մասնակցեր:
Ապշել կարելի է, թե այդ ինչի մասին է նա խոսում մի մարդու հետ, որը ոչ միայն բացահայտորեն պատերազմ ու ատելություն է քարոզում, այլեւ տարածքային պահանջներ ունի Հայաստանից (Զանգեզուր, "Իրավան" եւ այլն): Բայց դե հուսալ, թե արցախյան Տիգրանակերտը իր հայրենիքը չհամարող մեկը կարող է Ալիեւի "պորտը տեղը դնել", երեւի թե անիմաստ է: Առավելագույնը "Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ ոտնձգություն" թույլ չտալն է ու "ամենակոշտ" միջոցներով արձագանքելը: Ընդ որում չի էլ ճշտվում, թե "Լեռնային Ղարաբաղ" ասելով ինչ է հասկացվում (ԼՂԻՄ, ԼՂՀ, պատմական Արցախ) եւ ամենակարեւորը՝ ինչ սահմաններում "ոտնձգություն" չի կարելի: Կարճ ասած՝ նախագահի ելույթի արցախյան մասը լավատեսության ոչ մի հիմք չի տալիս. այդպես էլ մնում է անհայտ, թե Մյունխենում Ալիեւի վերջնագիրը Քարվաճառի հանձնման մասին ինչ չափով է ընդունվել իր կողմից...
Մի քանի հետաքրքիր հայտնագործություններ նախագահի ելույթից: Պարզվում է, որ տխրահռչակ Մադրիդյան Սկզբունքները ոչնչով չեն տարբերվում Հանրապետական կուսակցության ու ՀՀ Նախագահի ծրագրերում “ամրագրված” հիմնարար սկզբունքներից. ահա թե որտեղ են Մադրիդյան Սկզբունքների ակունքները, երեւի հենց ինքը Նժդեհն էլ ձեւակերպել է դրանք... :)
Այնուհետեւ, պարզվում է, թե իբր "անցել են սեփական հողի վրա ապրող ժողովրդի գաղութացման ժամանակները:" Զարմանալ միայն կարելի է, թե ինչպես նախագահը չի նկատում, որ Մադրիդյան սկզբունքները, "որոնք եղել և մնում են իր ուղենիշը", ընդամենը ժամանակակից գաղութացման տարրական դրույթներ են...
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ "առանց նախապայմանների բնականոն միջպետական հարաբերություններ հաստատելու" ծիծաղաշարժ նախաձեռնությանը եւ «խելամիտ ժամկետներում» թուրքական վիլայեթ դառնալու անխելամիտ ձգտմանը, ապա նույնիսկ եփված հավի ծիծաղը կգա (Թուրքիայի կողմից վավերացման ձգձգման դեպքում) Հայաստանի "միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլերից"...