Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդուարդ Գրիգորյանի այս նամակը տպագրվել է 2009թ. Ազատամարտ թերթում: Քանի որ այդ թերթը այլևս ինտերնետում չկա, այն վերահրատարակում եմ այստեղ.
Որոշեցի անդրադառնալ «Առավոտ» թերթում օգօստոսի 12-ին հրապարակված «27-ն էլ, Մարտի 1-ն էլ կբացահայտվեն» հոդվածին և սկսել նախաբանից: Որոշ դեպքերում արհամարհել չի կարելի, որովհետև այս կարգի անգրագետները սկսում են իրենց խելոքի տեղ դնել և դառնում են անտանելի: Նույնը կարելի է ասել նաև հոդվածի հերոսի մասին:
Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ողբերգությունների մասին խոսելիս պետք է սկսել «սեփականաշնորհում» կոչվող խայտառակ կողոպուտից, երբ կարճ ժամանակամիջոցում համաժողովրդական ունեցվածքը դարձավ մի քանի հոգու սեփականություն՝ հանգած լույսերի քողի տակ: 1995թ-ի ընտրությունները կեղծելուց, որտեղ Ջհանգիրյանը գլխավոր դերակատարներից էր և որպես ակտիվ զեղծարար պարգևատրվեց զինդատախազի պաշտոնով: 1996թ-ի նախագահական ընտրություններից, երբ պարտվողները ուզուրպացրին իշխանությունը և մեկ նախադասությամբ խաչ քաշեցին իրենց իսկ կողմից կեղծիքներով անցկացրած սահմանադրության վրա և տանկերով ու կրակոցներով ճնշեցին ժողովրդի ընդվզումը, և այսպես շարունակ` մինչև մեր օրերը: Այդ ո՞նց ստացվեց, որ «Հոկտեմբերի 27-ը» ոճրագործություն էր, իսկ «Մարտի 1» -ը՝ դրամատիկ դեպք: Իսկ վերը նշվածների մասին խոսել չեք սիրում, որովհետև հասկանում եք, որ պատճառահետևանքային կապ կա: «Հոկտեմբերի 27-ը» շահադիտական նպատակներ չի հետապնդել: Սա նույնիսկ զինդատախազը չկարողացավ ապացուցել` չնայած շատ էր ուզում: Նաև սրանով է «Հոկտեմբերի 27-ը» տարբերվում մյուս բոլոր դեպքերից:
Գագիկ Ջհանգիրյանը վերջերս հայտարարեց, որ դատաիրավական համակարգում ավանդական դարձած անօրինականությունների քարտադարան է պատրաստում: Ուզում եմ անտեղյակ ընթերցողին իմ սեփական «քարտադարանից» մի քանի փաստ ներկայացնել: Սրանց մասին մեր հերոսն իր քարտադարանում, գոնե կամավոր, չի գրի:
«Հոկտեմբերի 27-ի» քր. գործի նյութերում արձանագրված է, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի և Կարեն Հունանյանները և նրանց քեռի Վռամ Գալստյանը մտել են ԱԺ դահլիճ: Նաիրի և Կարեն Հունանյանների կրակոցներից սպանվել են Վ.Սարգսյանը, Կ Դեմիրճյանը և էլի հինգ մարդ: Ես և Դերենիկ Բեջանյանը դահլիճ ենք եկել դեպքից, այսինքն` սպանություններից հետո: Մեր գործողություններով արել ենք ամեն հնարավորը, որպեսզի կրակոցները չկրկնվեն: Ինչպես նախաքննության ժամանակ, այնպես էլ դատաքննության ընթացքում, շատ տուժողներ ցուցմունքներ են տվել այն մասին, որ եթե մենք չհայտնվեինք դահլիճում, ապա պատկերը շատ ավելի տխուր կարող էր լինել: Մեղադրական եզրակացության մեջ, որը սահուն վերածվեց դատավճռի, գրված է. «Նաիրի Հունանյանը խմբի մյուս անդամների հետ ներխուժել է ԱԺ դահլիճ և սպանել… և այլն» : Պետք չէ դատախազ լինել` հասկանալու համար, որ սրանք տարբեր բաներ են:
Արմենակ Արմենակյանի սպանության հանգամանքները այդպես էլ չբացահայտվեցին, և քանի որ դատախազությունը որոշեց, որ սպանությունները ցուցակով պետք է մեղսագրվեն բոլոր յոթ մեղադրյալներին, այդ ցուցակում հայտնվեց նաև Ա.Արմենակյանի անունը: Հարազատները դեմ չէին, հարցը փակված համարեցին:
Բազմիցս ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, որ ես սպանություններ չեմ պլանավորել, որևէ մեկին չեմ սպանել, սպանությունների մասին նախապես տեղեկացված չեմ եղել, և քրեական գործում էլ հակառակը ապացուցող որևէ փաստ չկա: Նույնը կարող եմ վստահաբար ասել Դ.Բեջանյանի, Ա.Կնյազյանի և Հ.Ստեփանյանի մասին: Այդուհանդերձ, բոլորիս մեղադրել են սպանություններ կատարելու, մարմնական վնասվածքներ հասցնելու և այլնի մեջ: Ա.Կնյազյանին և Հ.Ստեփանյանին, որոնք նույնիսկ ԱԺ տարածք չեն մտել, մեղադրել են պատգամավորներին ապօրինի ազատությունից զրկելու և ԱԺ գույքը դիտավորությամբ փչացնելու մեջ: Այս ամենը զվարճալի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ:
Դատավոր Ուզունյանը՝ հաշվի առնելով նախաքննության անօրինականությունը, դատաքննության հենց սկզբում հայտարարեց, որ վճիռ կայացնելիս հիմնվելու է դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների վրա: Հետագայում խոստումը չկատարեց, որովհետև մեղադրող կողմը դատը տանուլ տվեց: Այսինքն` մեղադրանքի այն ծավալը, որ մեզ էր առաջադրվել, չապացուցվեց: Ապացուցվեց այն, ինչը մենք էինք ապացուցել, իսկ դա բավարար չէր ցմահ բանտարկություն նշանակելու համար: Դատավորն ուղղակի արտագրեց մեղադրական եզրակացությունը ու նոր օրենսգրքին համապատասխանեցնելու պատրվակով մի երկու հոդված էլ իր կողմից ավելացրեց և անունը դրեց դատավճիռ: Իհարկե, հասկանում եմ, որ դատավորի փոխարեն այդ որոշումն ուրիշ տեղ էր ընդունվել և վաղուց: Հայաստանի դատաիրավական համակարգում ավանդույթ կա: Նախ` որոշում են, թե ում պետք է պատժեն, ինչ պատիժ պետք է նշանակեն, ապա ամբողջ նախաքննության ու դատաքննության ընթացքում փորձում են ապացույցներ ստանալ իրենց որոշումը քիչ թե շատ հիմնավորելու համար: Հիմքեր կունենա՞ն՝ լավ, չե՞ն ունենա՝ առանց հիմքերի կդատեն: Եթե, իհարկե, կաշառք չտաս:
Եթե ես փորձեմ թվել բոլոր օրինախախտումները, որոնք եղել են նախաքննության և դատաքննության ժամանակ, ապա մի գիրք է հարկավոր: Վստահ եմ, որ այսքանն էլ բավական է` հասկանալու համար, թե իրականում ի՞նչ է կատարվել: Իսկ հասարակությունն այս մասին անտեղյակ է, որովհետև գոյություն ունեն «Առավոտ» և «արամաբրահամյան» մակնիշի վարձու «մարդասպաններ» : Սրանց հիմնական գործը հասարակության անտեղյակ պահելն ու իրենց ստերը հաճախ կրկնելով` ճշմարտության տեղ անցկացնելն է: Միայն անտեղյակ հասարակությանը կարելի է համոզել, որ Ջհանգիրյանը արդարության և ճշմարտության համար պայքարող «քաղբանտարկյալ» է: Տեղեկացված հասարակությունը կիմանա, որ գործ ունի հերթական բարձրաստիճան հանցագործի հետ:
Իսկ հիմա «անջատված մասի» վերաբերյալ:
Դարձյալ անտեղյակ հասարակության համար ասեմ, որ քրեական գործից մաս անջատել արտոնող միակ օրենքը` Քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ կետն է, որտեղ բառացիորեն ասված է. «Մեկ կամ մի քանի հանցագործությունների կատարմանը մասնակից անձանց նկատմամբ գործն անջատվում է քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ, երբ դա անհրաժեշտ է գործի հանգամանքներից ելնելով և չի կարող անդրադառնալ գործի վարույթի լրիվության և օբյեկտիվության վրա» :
Այսինքն` «մասնակից անձինք» պետք է լինեն, որ նրանց մասը գործից անջատվի: Տվյալ դեպքում այդ անձինք չկային: Ավելին, այլ անձ չլինելու հիմնավորումով էլ կալանքից ազատվեց Ալեքսան Հարությունյանը: Մի խոսքով, քրեական գործից մաս անջատելու որոշումն ապօրինի էր: Չկա «վհուկների որս» արտոնող օրենք:
Ինչ վերաբերում է անջատված մասը կարճելուն, ապա այստեղ ես Ջհանգիրյանի հետ լրիվ համաձայն եմ: Այս գործը կարող էր կարճվել միայն մեկ հիմքով՝ գործը հարուցվել է օրենքի խախտումով, իսկ հարուցողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Բայց հարուցողներն էլ, կարճողներն էլ այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում և օրենքի ազդեցության դաշտից դուրս են:
Անտեղյակ հասարակությանը տեղեկացնեմ, որ լուրերը, թե իբր անջատված մասով կազմակերպիչներ են փնտրել, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում: Անջատված մասը կոչվում էր «Հնարավոր օժանդակողներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով…» և ոչ թե կազմակերպիչներ հայտնաբերելու: Իսկ ինչ է նշանակում «հնարավոր օժանդակող» : Այսինքն` այդպիսիք չկան, բայց նրանց նկատմամբ քրեական գործն արդեն հարուցված է: Թե՞ կան… Փորձենք հասկանալ: «Հոկտեմբերի 27-ի» հետևանքով տուժել են սպանվածների հարազատները, նրանց շատ փոքրաթիվ մտերիմներ, որոնց թվին չի պատկանում Գագիկ Ջհանգիրյանը, և մենք՝ մեղադրյալներս: Մնացած բոլորը, իրենց կամքից անկախ, շահեկան վիճակում էին հայտնվել: Դրա վկայությունը ԱԺ դահլիճում կատարված գաղտնալսումներն են, որոնք դատախազությունը թույլ չտվեց հրապարակել և դատարանում հնչեցնել: Այսօր էլ դա՝ որպես կոմպրոմատ, յոթ փակի տակ է: Բացի դրանից. անջատված մասը կարճելու մասին հայտարարելու կապակցությամբ մամուլի ասուլիս հրավիրած դատախազներից Գագիկ Ավետիսյանը (նա հետագայում պարգևատրվեց դատավորի պաշտոնով՝ երկար տարիներ արդարադատությունը պղծելու համար) հայտարարեց, որ գործը ցանկացած պահի կարող են վերաբացել, եթե որևէ մեկը հանկարծ փորձի բարձրաձայն ասել այն, ինչ մտածում է: Այսինքն` օգտվի սահմանադրությամբ իրեն վերպահված ազատ խոսքի իրավունքից: Ահա թե ինչի համար էր պետք «անջատված մասը»: Ի՞նչ կազմակերպիչ, ի՞նչ բան… Կարծում եմ համոզվեցիք, որ սա ոչ թե անջատված մաս է, այլ օրենքի խախտումով հարուցված քրեական գործ-զսպաշապիկ նրանց համար, ովքեր կհամարձակվեին չհամաձայնել պաշտոնական կեղծիքի հետ: Եվ սա ոչ մի կապ չունի ո՜չ «հնարավոր կազմակերպիչների» , ո՜չ էլ նրանց որոնումների հետ: Դատավարության ընթացքում ես մի քանի անգամ միջնորդել եմ, որպեսզի «անջատված մասը» միացնեն հիմնական գործին և բոլոր հարցերի պատասխանները տրվեն այս դատաքննության ընթացքում: Սկզբում տուժողների փաստաբանները նույնպես համաձայն էին, բայց հետո հասկացան կամ նրանց հասկացրին, որ դա իրենց ձեռնտու չէ և լռեցին:
Կազմակերպիչների մասին աղմուկի միակ փաստարկն այն է, թե ու՞մ էր ձեռնտու: Գաղտնիք չէ, որ նկատի ունեն Ռ.Քոչարյանին և Ս.Սարգսյանին: Եթե ես հիմա ցուցակ գրեմ, թե ում էր ձեռնտու, կստացվի մարդահամար: Այդ պատճառով ես դա չեմ անում: Իսկ գուցե այդ աղմուկը պետք էր, որպեսզի դրա հետևում թաքցնեն շատ ավելի կարևոր բաներ: Օրինակ, «Հոկտեմբերի 27-ի» իրական դրդապատճառները: Թե չէ գրել են. «համաձայն չլինելով վարած քաղաքականության հետ…», «բացասաբար տրամադրված լինելով…» համաձայնեք, որ էնքան էլ համոզիչ չէ, եթե չասեմ` սուտ է:
Ամեն անգամ, երբ ստիպված եմ լինում այս հարցին անդրադառնալ, ստացվում է այնպես, որ պաշտպանում եմ Ռ.Քոչարյանին և Ս.Սարգսյանին, հերքում եմ նրանց դեմ ուղղված մեղադրանքները: Իսկ նրանք լռում են: Մինչև հիմա չեն էլ փորձել այդ մեղադրանքները պաշտոնապես հերքել: Նախագահ Քոչարյանի միակ խոստումը եղել էր արդար դատավարությունը, որը նա այդպես էլ չկատարեց: Ես այս մարդկանց չսիրելու բոլոր պատճառներն ունեմ: Ռ.Քոչարյանի համաձայնությամբ են ինձ օրենքի խախտմամբ ցմահ ազատազրկման դատապարտել: Իսկ ինչո՞ւ էին ուզում, նույնիսկ օրենքներ խախտելու գնով, բոլորին ցմահ բանտարկեին կամ գոնե գնդակահարեին: Որովհետև ջհանգիրյանականները Ռ.Քոչարյանի առաջ պայման էին դրել:
Դրանով Ռ.Քոչարյանը պետք է ապացուցեր, որ ինքը կապ չունի «Հոկտեմբերի 27-ի» հետ: Լրիվ մանկապարտեզ է: Հետո՞: Դադարեցի՞ն մեղադրել: Իհարկե, ո՜չ: Հիմա նույն ֆոկուսը Ս.Սարգսյանի օրոք է արվում: Այսօր արդեն շատ քչերն են հավատում, որ արդարության մասին Ս.Սարգսյանի նախընտրական խոստումները կիրականանան: Իսկ նրա կողմնակիցների բանակի սրընթաց նոսրացումը հղի է տհաճ միջադեպերով՝ հաջորդ ընտրությունների ժամանակ: Եթե, իհարկե, գործը հաջորդ ընտրություններին հասնի:
Իսկ այ, դո՜ւ, Ջհանգիրյան, բախտավոր աստղի տակ ես ծնվել: Նախագահները, հատկապես վերջին երկուսը, քո նկատմամբ քնքուշ, քրիստոնեական սիրով են լցված: Ռ.Քոչարյանի օրոք «Հոկտեմբերի 27-ի» նախաքննությունը, պաշտոնական դիրքդ չարաշահելով, վերածեցիր պետության դեմ դավադրության: Քո հրամանով մեզ տանջանքների էին ենթարկում, որպեսզի Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունքներ տայինք: Ամենաստոր քայլին էլ գնացիր, երբ փորձեցիք երեխայիս առևանգել, որպեսզի հանձնվեմ: Թե՞ մտածում ես հավատացի, որ այդ միտքը ծագել է միաբջիջ Մուշեղ Սաղաթելյանի դատարկ գլխում: Իսկ ինչպե՞ս վարվեց Քոչարյանը: Նա նույնիսկ քեզ չանհանգստացրեց: Մուշեղին ձերբակալեցին առևանգելու փորձի համար, իսկ դատեցին կեղծ դիպլոմի համար: Ու արագ էլ ազատ արձակեցին, որ շատ չնեղվի: Քո պաշտոնը ոչ միայն պահպանեց, այլև հետագայում բարձրացրեց: Նրա օրոք դու և քո բանդան տասնյակ միլիոնավոր դոլարների հարկեր չվճարեցիք ու էլ ավելի հարստացաք: Չնայած ինչքան էլ հարստանում ես` մնում ես նույն՝ շան բնի տակ ոսկեղեն թաղող գեղացին: Ամբողջ երկիրը արձանապատեցիք: Փոխանակ մտածեք, թե ինչո՞ւ այս արձաններից մեկը այդպես էլ ուխտավայր չդարձավ, չնայած ծախսած փողերին, այդ թվում նաև` պետական: Հետո էլ քո ապերախտությամբ համը հանեցիր, ու քեզ ինչո՞վ բռնեցին… ոստիկանին դիմադրելու մեղադրանքով: Հաշվիր, որ քեզ վերապրոֆիլավորել են: Դատախազ ինքդ չուզեցիր աշխատել: Հո անգործ չէիր մնալու: Իսկ հիմա ոչնչից դարձար քաղբանտարկյալ: Մի պահ մտածիր. Սախարով, Սոլժենիցին… հեյ գիտի` ինչեր ենք անում…
Իսկ ի՞նչ արեց Սերժ Սարգսյանը: Էլ հատուկ քեզ համար Հանրային խորհուրդ, էլ համաներում… Մի հատ էլ նոր արձան: Շուտով մի քանի հատ էլ ոստիկան կզոհաբերի ձեր զոհասեղանին, որից հետո որևէ նորմալ ոստիկան էլ չի համարձակվի ձեր մարոդյորների վրա ձեռք բարձրացնել:
Ռ.Քոչարյանն ամեն ինչ արեց ձեր բարգավաճման համար: Նա ոչ միայն թույլ տվեց ձեզ ստեր տարածելով լեգենդներ հնարել, այլև պաշտոնական քարոզչությամբ նոր սերնդին կեղծ արժեքներ պատվաստեց: Ձեր երիտասարդ կողմնակիցները միտինգին հրավիրող թռուցիկներ տարածելիս` մարդկանց համոզում էին, որ պետք է ընտրել Լ.Տեր-Պետրոսյանին, որ դատի տա Ռ.Քոչարյանին` Մեղրին ծախելու և կարկառուն գործիչների սպանությունը կազմակերպելու համար: Այդ երիտասարդները 1999թ-ին 10-12 տարեկան էին: 90-ական թվականներից ոչինչ չեն հիշում և ստիպված են լսել ու հավատալ ձեր ստերին: Ուրիշ տեղեկատվություն չկա, ով էլ փորձի հակառակվել այդ կեղծիքին, կբռնեն, կամ հարկայինը կգա, մի խոսքով` կփոշմանի: Մի ամբողջ սերունդ եք պղծել: Այս կեղծիքը ընտրությունների ժամանակ կոտրվեց Ս.Սարգսյանի գլխին: Չնայած նա էլ, կարծես, գոհ է ստեղծված իրավիճակից: Նույն տեմպով շարունակվում է կեղծ հերոսների փառաբանությունը: Արձանապատումը նոր թափ է հավաքում: Ես հիմա հասկացա, որ մազոխիզմն ու պրագմատիզմը նույն բաներն են: Անփորձ երիտասարդների աչքի առաջ հետևյալ տխուր պատկերն է հառնում. լևոնականները բռնել են սրանց կոկորդից, սրանք թպրտալու տեղ չունեն, որովհետև մեղավոր են և ստիպված են լևոնականների թելադրանքով շարժվել: Այս կեղծիքով եփած լափը մի օր մեկը ուտելու է: Մի՞թե սա է իշխանությունը պահելու միակ ձևը: Ս.Սարգսյանին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ կարգին մարդկանց աչքին ինքը նույնանում է Տեր-Պետրոսյանի, Ջհանգիրյանի, Փաշինյանի, Սաղաթելյանի և այդ շարքի այլ անձանց հետ: Երկրպագում են նույն կեղծ կուռքերին, Արցախի հարցում ունեն նույն «փուլային» մոտեցումը, երկրի ներքին կյանքում նույն կոռուպցիան է, օդիոզ դեմքերին բարձր պաշտոններ տալու նույն արատավոր պրակտիկան: Մարդիկ սա բացատրում են վախով:
Այսքանից հետո ու՞մ կարող ես համոզել, որ այս մարդիկ «Հոկտեմբերի 27-ի» հետ կապ չունեն և չէին էլ կարող ունենալ, եթե նույնիսկ շատ ուզենային: Կասկածների հիմքերը իրենք են ստեղծում` իրենց վախվորած գործողություններով:
Ջհանգիրյան գագո, եթե «անջատված մասով» , այսինքն՝ Ռ.Քոչարյանին և Ս.Սարգսյանին «Հոկտեմբերի 27-ը» կազմակերպելու մեջ մեղադրելու ապացույցներ ունես, ինչո՞ւ դատ չես բացում: Եթե դատելու համար իշխանություն ես ուզում, ուրեմն ոչ մի ապացույց էլ չունես: Որովհետև դու անսահման իշխանություն ունեիր 99թ-ի նոյեմբերից մինչև 2000թ-ի փետրվարի վերջը: Հիշում ե՞ս` ինձ ասում էիր. «Ռոբերտի պաշտոնի՞ց ես վախենում, որ ցուցմունք չես տալիս: Պաշտոնը խիար ա, էսօր ձեռն ա, վաղը՝… Էսօր Հայաստանում մի հոգի կա, որից պտի վախենաս, էդ ես եմ» կամ «…տե՜ս, Մեղրին ծախում ա, ցուցմունք տուր, որ էդ թուրքի ձեռը բռնեմ…» : Ու ոչինչ չկարողացար ապացուցել:
Հետաքրքիր է, եթե մենք կուլ գնայինք մահվան սպառնալիքներին կամ վարդագույն ապագայի խոստումներին և կեղծ ցուցմունքներ տայինք, ինչպիսի՞ ընթացք կունենար Հայաստանի պատմությունը: Մի բան հաստատ գիտեմ, որ այդ ընթացքին չէին մասնակցի ո՜չ Ռ.Քոչարյանը, ո՜չ էլ Ս.Սարգսյանը: Սա քնարական շեղում էր, վերադառնանք բուն թեմային:
Քաղաքական դաշտում ուժեղ ներկայություն եք, 350000 կողմնակիցներ ունեք (փողին մուննաթ), դատելով իշխանությունների հեզաճկուն շարժումներից` ձեզանից վախեցած են: Եթե ապացույցներ էլ ունես, ուրեմն բոլոր դեպքերում դատը շահել ես: Պատկերացրու` դատավորը Գագիկ Ավետիսյանն է: Չբացատրեմ, դու գիտես` թե ինչու: Երկու տարբերակ կա: Կամ դատավորը քո ապացույցների անունը դնում է անհիմն պատճառաբանություններ` «նպատակ ունենալով խուսափել…» հանցավոր համաձայնության գալով… «շահադիտական նպատակներով…» շատերի կյանքի ու առողջության համար վտանգավոր եղանակով… (ծանոթ, չէ՞) ու նման հիմարություններով դատարկ էջեր է լցնում, հաշվիր, որ իշխանությունը քեզ նվիրել են: Իսկ եթե հանկարծ դատավորը կգտնի, որ ապացույցները հիմնավոր են, էլի նույնը, բայց առանց շուխուրի: Ես էլ այդ գործով վկա եմ: Կգամ, քննությանը կօգնեմ իմ ցուցմունքներով: Վերջապես գործը կքննենք և ոչ թե` ով ինչ է մտածում դրա մասին: Մի գուցե առիթ կլինի իրական դրդապատճառները քննարկելու: Հանցագործությունը ծնող պատճառները վերացնելու մասին կմտածենք միասին: Նաիրիենց տանից առգրաված մի քանի հարյուր կիլոգրամ փաստաթղթերը, որ դու քննությունից թաքցրել էիր, որովհետև հակասում էին նախօրոք կազմած մեղադրանքին, կկցենք գործին: Մի խոսքով այն, ինչը դու ժամանակին չես արել, չնայած պարտավոր էիր: Կպարզենք, թե ո՞ր «տուժող» պատգամավորը ի՞նչ ակնհայտ սուտ ցուցմունքներ է տվել և ինչու: Իսկ եթե դատի չես տալիս, ուրեմն պայմանավորվածություն ունեք իրար հետ: Այդ դեպքում մարդկանց խաբելով միտինգի կանչելն ու ծեծել տալը վտանգավոր է: Մի օր գլխի կընկնեն ու կսկսեն ձեզ ծեծել:
Ինչ վերաբերում է «Հոկտեմբերի 27-ի» ամբողջական բացահայտմանը, ապա ես էլ հույս ունեմ, որ մի օր դա տեղի կունենա: Կկատարվի օբյեկտիվ քննություն, կպարզվի, թե ով ինչ է արել և ինչու: Կբացահայտվեն նաև Ջհանգիրյանի կատարած հանցագործությունները, կպարզվի, թե ու՞մ հետ է հանցավոր համաձայնության մեջ եղել:
Բայց, ջհանգիրյան տղա, քանի դեռ մեր երկիրը կառավարում են քո նկատմամբ սիրով տոգորված նախագահներ, իրավական պետության մեջ ապրող արդար հասարակության վտանգ մեզ չի սպառնում, համենայնդեպս` տեսանելի ապագայում: Այնպես որ, դու հանգիստ ֆռֆռա… առայժմ: Մինչև որ ես դուրս գամ այստեղից (իսկ ես դուրս կգամ, քանի որ մարդասպան չեմ և կանխել եմ հետագա սպանություններ) և քո վզից բռնեմ ու պատասխանատվության ենթարկեմ: Որ բռնություն ես կիրառել իմ նկատմամբ, որ պետության առաջին դեմքի դեմ դավադրություն ես կազմակերպել` կեղծ ցուցմունքներ պահանջելով, որ մարդակեր ու սրիկա ես, որ տասնյակ անմեղ զինվորներ ես նստեցրել, որ… մի խոսքով, որ շան որդի ես…
Լավագույնի սպասումներով՝
ԷԴՈՒԱՐԴ ԳՐԻԳՈՐՅԱՆ