Մի ապրիլի քսանչորս էլ երեկ էր: Ջարդի իմաստով չէ, քաղաքական ասեմ, խելքի ասեմ, խելք սովորեցնելու ասեմ... էս բոլոր հնարքների բանեցման իմաստով:
Մի մասը ասում է Եվրոպան ավելի է արժանի ցավակցության, մի մասն ասում է` դե թող մեր հալը հասկանա, մի մասն ասում է բա Սիրիան, մի մասն ասում է Սիրիան դիկտատուրա է, եսիմ ինչ.... Զոհերը դառնում են թվեր, թվերի հետևում՝ ոչինչ, միայն՝ սուժձենիա: Նման մի էլիտար բառ, էլի:
Մի մասն ասում է՝ բա ինչու մյուս երկրների ահաբեկչությունների, զոհերի ժամանակ դրոշ չփոխեցիք, մյուս մասն ասում է՝ մեր իրավունքն է,... Ու բոլորը
ուրիշի տանը՝ ֆեյսբուքում, երբ մեկ է, էլի ընտրում ես ուրիշի թելադրանքներից: Հա, բլոգն էլ ուրիշի տունը, բայց համ էլ բնի պես է: Երևի:
Մի բանի մասին եմ ուզում խոսել: Մենք շատ ենք հիվանդ: Երևի զոհի սինդրոմի զարգացումը այդպիսին պիտի լիներ: Պլյուս՝ էլիտար իշխանության ազդեցությունը, թելադրած խաղը... Դա էլ է «դաստիարակում»: Հա, չես կարող ապրել բոլոր խաղերից դուրս: Բայց գոնե մի պահ պիտի կանգ առնել գոնե շունչ քաշելու համար:
Ես այստեղ եմ փորձում շունչ քաշել: Էլի սխալ ձև է, բայց չեմ սովորել առանց գրելու բառերը մտքիցս դուրս բերելու արվեստը... Ափսոս:
Չեմ հասկանում օրինակ ինչու են նեղվում, երբ հարցը կա՝ իսկ Սիրիա՞ն: Մի նեղվեք: Երկուսն իրար հետ մտածեք: Ես մտածում եմ հիմա: Երկուսն իրար հետ՝ իմ մասին: Ով եմ, ինչպես եմ ընկալում ինձ ու ուրիշին, ինձ ու ուրիշներին, վազող ավտոմատ դարձել եմ, թե դեռ կարող եմ կանգնել... Շատ բան:
Բայց մի անկյունով իսկ ինչու «ոչ Սիրիայի ժամանակ» հարցը ճիշտ է: Ասեմ որ պահով: Էն մի պահով, որ ասենք չինացի է մահանում, մտածում եք՝ մեկ է իրենք շատ են: Շատ են, ուրեմն այնքան չեն տանջվում, ինչքան մենք, եվրոպական արժեքների ձգտող հայերս մեր ազնվական քչությամբ: Ու մոռանում ենք, որ մենք էլ, ապրելով միլիոնների մեջ մեկ է՝ մի տաս հոգու ենք երևի սիրում միայն... Հետո հասնում ենք, որ երբ տգեղ մարդ է մեռնում՝ ասում ենք՝ մեկ է տգեղ էր: Երբ աղքատ՝ զգում ենք, որ ինքը մեր հոգու նրբությունը չէր ունենա: Երբ վազում ենք Եվրոպա, մերժելով Ասիան, առանց տեսնելու, որ դեղին կապիկ վայրենի ասիացիներ-ը եվրոպա-ամերիկաների հնարածն է, ու մենք կրկնում ենք ուղղակի, առանց զգալու, լսելու, հասկանալու՝ վերևից: Երբ պատերազմող երկրում մահը սկսում ենք բնական համարել, նույնիսկ՝ երեխաներինը: .... ՈՒ, հետո, երբ նույնիսկ մեր նախընտրած Եվրոպա է մահը գալիս, չարախնդում ենք՝ բա ուր էր Եվրոպան, երբ մեզ կոտորում էին... Սա հիվանդություն է: Չզգալ մի մարդուն՝ մի մարդուն, ոչ որոշակի մարդու, ուղղակի՝ մի մարդու... նշանակում է ինքդ քեզ էլ չզգալ: Տանջվելու -տառապելու համար քանակի պահանջ զգալ կամ վիճակագրության՝ սա հիվանդություն է: Ու հետո, հա, հասնում ենք նրան, որ մեր սահմանին մեր զինվորի մահն էլ է բնական:
Մենք հայրենիք չենք սահմանի զինվորի համար, պատերազմից փախած սիրիահայի համար, գյուղում աղքատության շեմին նստած միայնակ տարեցի համար... Մենք վազող փիլիսոփաներ ենք:
Ես վախենում եմ: Այս պահերին, այս պահերից ես վախենում եմ:
Ես հիմա կանգնում եմ, որ հանկարծ ինքս էլ այդպես չմտածեմ: Փորձում եմ: Ու մտքիս մեջ պտտվում է Փարիզի ԱՅՆ համերգասրահից դուրս բերած խարխլված դաշնամուրը փողոցում, որի վրա մի տղա Բիթլների
"Imagine" էր նվագում. Մնացածը վաղը կերևա: Թե ինչ կանի Ֆրանսիան: Վրեժի համար մի քանի ինքնաթիռ էլ ինքը չգիտեմ ուր կուղարկի, մարդկանց գլխին դեմոկրատ ու համաշխարհային մարդասիրական ռումբեր գցելու, թե ինչ...
Նոր մի ֆիլմ նայեցի:Ուժեղ լինելու ու ինչ է ուժը, կանգնելու ու ինչ է քամին, հաղթելու ու ինչ է հաղթանակը, ապրելու ու ինչ է մահը... Եսիմ, մի երկու բան գտա: Այս պահիս համար: Ասա կարողանամ պահել մեջս...