արթնանալ

Sep 11, 2013 20:31

Մութ է: Չեմ սիրում երազներ, երբ համ էլ ներսում է մութ:
Հերիք չի` մութ է, համ էլ արդեն գիտենք ինչ է լինելու. «Նստած ենք լինելու, մի երեխա դուրս է գալու, դուռը փակի ու դրսից վառի բնակարանը: Ու մենք վառվելու ենք...»:

Ես մտածում եմ, հասկանում եմ, որ սա ֆիլմ չէ: Իսկ չֆիլմում չես կարող իմանալ, թե ինչ է լինելու: Նույնիսկ վատ բանը:
Հասկանում եմ, որ ֆիլմ չէ, բայց որ երազ է` տեղը չեմ բերում...

Բոլորը նստել են դատապարտյալի տեսքով, անհավես արտասանում են իրենց մոնոլոգներն ու դիալոգները:
Ես տեսնում եմ, որ մի տղա դուրս է գալիս սենյակից:
Սարսափից քարանում եմ:
ՆԱ է:
Սա դուրս է գալիս, փակում դուռը: Ներսից բացել հնարավոր չէ:
Ներսում սարսափը, շատանալու փոխարեն, մարում է:
Բոլորը համակերպված են կենդանի այրվելու մտքի հետ:
Բացի ինձանից:
-Որ հարկում ենք,-ես թափ եմ տալիս մարդկանց ուսերից, ցնցում, որ ընդարմության միջից դուրս գան:
-Ութ, ութերորդ,-չուզենալով պատասխանում է մի կին:
Մտածում եմ` պիտի դուրս թռնել: Հիշում եմ` թռել եմ, կարողանում էի... երբ-որտեղ` չեմ հիշում. բայց դա կարևոր չէ:
Բայց ես եմ կարող, իսկ իրենք՞՞՞... Չեմ էլ ճանաչում ով են:

Նայում եմ դուրս ու... ծառի բներ են: Չենք կարող լինել ութերորդ հարկում ու դիմացը բներ լինեն: Ես սկսում եմ շնչել.
-Նայեք, առաջինում ենք, առաջինուււմ...
-Չէ, ութում պիտի լինենք,- դիմադրում են հաշտված ներկաները:
-Դուրս նայեք, դուրս` ծառեր են երևում, բներ, առաջին հարկ է, կամ երկրորդ: Դուրս գանք պատուհանից,-ես կատաղությունից շնչահեղձ եմ: Ոնց կարելի է պարզագույն բանը չտեսնել, չուզել քայլ անել, փրկվել... Հետո ինչ, որ տեսել եք, գիտեք ինչ է լինելու: Բան է փոխվել, բաաան...

Ես վազելով մոտենում եմ պատուհանին ու... արթնանում:
Հիմա էլի արդեն մութ է:
Սարսափելի է երբեմն քնած լինելը...

երազ

Previous post Next post
Up