Չափանիշ առ ծիրան

Jun 29, 2013 23:33

... ես հանում եմ ափսեի մաքուր սրբիչներ, լրիվ նոր չէ բայց: Ու մտածում եմ, որ տատս նորերը կընտրեր: Երևի:
Ծիրանները հանում եմ թասից, բացում, կորիզը հանում ու շարում եմ փռած սրբիչների վրա:
Պճղած ծիրանները, բաց, զույգ-զույգ շարում եմ...
Մամայիս սովորեցրած ձևով:
Ու ուզում եմ տատիս արածի պես արդար լինի:

...Ծիրանի հոտը խառնվում է ինձ, ես մորս խորհրդին, խորհուրդը տատիս չրերի համին... Չրերի համը` արևին...
Ես ամեն ծիրանի հետ ժպտում եմ ու աչքերս ակամայից ծանր եմ թարթում... Երևի ուզում եմ տեսքն էլ պահել մեջս:
Մտքերս հիմա լավ չեմ հիշում, օր է անցել:
Բայց այդ ծիրան շարելը պարի էր նման` բույրերի պարը:
Ծիրանի պիրկ բույր ասես ամեն անգամ ծնված կանչը լինի հողի` հեեեյ, ես կենդաաաանիիիիեեեմ.
Ամեն մրգի հետ ապշում եմ հողի մեջ պահվածից, հիանում եմ համերի տարբերությունից...
Ծիրանը ասես արևի սիրուն իր մարմինը տված հողի ծնունդը լինի:
Այդ ծիրանիս մատաղ ու համարձակ բույրը այսօր արդեն չրացել էր քիչ:

Ծիրանի բերքը այս տարի առատ էր: Բայց ընդհանուր ուրախությունը առատ չստացվեց:
Կարդում եմ` ծիրանի բերքը փչանում է. հավաքածը չեն ընդունում, թե էժան են ընդունում, միրգը մեքենաների մեջ փչանում է...

Չէ, չեմ ասելու, թե` բա տեսնես ինչ հյութ ենք խմելու, եթե հիմա փչացածն են սարքում:
Դրա մասին չեմ:

Այդքան խոսում էինք` ծիրանը, Հայաստանը ծիրանի երկիր, հայրենիք, աբրիկոս, արմենիկոս...
Մարդ չկարողացանք պահել, արտագաղթում են: Շենք չկարողացանք պահել, քանդում են:

Հիմա ծիրանը, փչանում է...
Հողից ելած, արևի ծնունդ, ՄԵՐ ծիրանը...

Ծիրանը, որ պիտի մշակույթ դարձած լիներ:
Մտածում եմ` ծիրանը փրկենք, կսկսվի փրկության շարքը...

Կաղամբը փչացավ քչացանք:
Ծիրանը փչացավ... տնանկ կմնանք, տղեք:

Սենց չի լինի: Ծիրանը չափանիշ է...

չափանիշ, նորտեգ` թրք, ՓՈՔՐոգի, 3 շիշ ձեթ, postfactum, պետությունս ՀԿ է

Previous post Next post
Up