Այնինչ անձրևն իրենից քամված ուրախությունն էր...

Nov 11, 2011 19:29



ԵՐԿՆԵՑ ԵՎ ԾՈՎ

  • 3 Май, 2009 at 2:30 PM


Բացեց ծովակն իր աչքերն ու տեսավ երկինքն անծայրածիր: 
«Ի¯նչ մեծ ծով է»,- հիացավ ծովակն ու փորձեց նմանվել նրան:

Ծնեց փափլիկ ու դողդոջուն աստղիկներ, բայց ափսոսաց, որ երկնի աստղերի պես կայծկլտուն չեն:  Չիմացավ ծովակը, որ շատերը դրանցից սառն են ու անկյանք: 
Ապշեց երկնի խորությամբ` չիմանալով, որ այն պարզապես... դատարկ է: 
Հիացավ նրա թեթևասլաց ամպերով. մինչդեռ դրանք իր շոգիացած մտքերն էին: 
Ձգվեց վերև հասկանալու, թե ինչու՞ են նրա արցունքներն անալի: Այնինչ անձրևն իրենից քամված ուրախությունն էր...

Ապարդյուն ձգտեց երկնքին նմանվել ծովակը. տենչաց, տխրեց, շաչեց, շառաչեց... ու այդպես էլ չիմացավ, թե ինչե¯ր կտար և ինչերի¯ց կհրաժարվեր ՆԱ, միայն թե ապրեր Ի’Ր փոթորկուն ու ԼԻՔԸ կյանքով...

ԵՍ

Previous post Next post
Up