Պահ~ պահ~, տեսեք թե ինչ թվերի հետ են մերոնք խաղում:
Երեւանում 2006-2010թթ.եւ 2011թ. հունվար-փետրվար ամիսներին (5 տարի 2 ամիս) կատարվել է գործողություն 121.027 շան նկատմամբ, որից 36.127-ը ստերիզացվել է, 1.374-ը քնեցվել, 83.526-ը «վնասազերծվել», այսինքն` սատկացվել։
Վերջին 6 տարվա ընթացքում թափառող շների դեմ պայքար իրականացնելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի պատվերով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին պետգնումների գործակալության մրցույթով պետական բյուջեից ամեն տարի հատկացվում է 180 միլիոն դրամ (կես միլիոն դոլար)։
Իսկ հիմա ուշադրություն
2011թ. հունվար-փետրվար ամիսներին «Յունիգրաֆ-Իքս»-ի ներկայացրած եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից ընդունված հաշվետվության հիման վրա հանգում ենք հետեւյալին.
- 2 ամսում 5,603 շուն բռնելու,
- 5,603 շուն զննելու,
- 1,020-ին ստերջացնելու եւ վերադարձնելու,
- 4,583-ին սատկացնելու եւ թաղելու համար
Երեւանի քաղաքապետարանի օբյեկտիվ ռեսուրսներով անհրաժեշտ է՝
- օրական բռնել 93 շուն (օրական անհրաժեշտ է 23 ժամ),
- օրական մակերեսորեն զննել 93 շուն (օրական անհրաժեշտ է 46 ժամ),
- օրական ստերջացնել եւ վերադարձնել 17 շուն (օրական անհրաժեշտ է 25 ժամ),
- օրական սատկացնել եւ թաղել 76 շուն (օրական անհրաժեշտ է 38 ժամ):
Գործողությունների տեւողության հաշվարկը նվազագույնի է հասցված, այսինքն ենթադրվում է անիրականը, այն է՝
- շներին բռնելու ժամանակ օրական մայրաքաղաքի 10 կետում 9-ական շուն պատրաստ սպասում է բռնվելու եւ բռնվելիս էլ որեւէ դիմադրություն չի ցուցաբերում,
- առկա է այսօր Հայաստանում բացակայող համալիր կենդանաբուժական կլինիկա,
- առկա է ներկայում Հայաստանում բացակայող, առավել եւս Երեւանի քաղաքապետարանի եւ դրա պատվիրակատար «Յունիգրաֆ-Իքս»-ի տրամադրության տակ գտնվող ոլորտային առնվազն 100 մասնագետ։
Այդ քանակության շների նկատմամբ օբյեկտիվ պատճառներով գործողություն չէր կարող կատարվել, քանի որ՝
- ժամանակահատվածը կարճ է, անգամ եթե ընդունենք, որ օրը 24-ի փոխարեն ունի 38 ժամ,
- դիակների թաղման համար չկա համապատասխան չափանիշներով տարածք, առավել եւս շների գերեզմանոցին հատկացված,
- բնութագրիչների համաձայն՝ դիրք, կլիմա, սնունդ, բնակչության խտություն, Երեւանի տարածքում այդքան շուն չի կարող լինել,
- եթե պաշտոնական տվյալներն իրական լինեին, ապա այժմ մայրաքաղաքում կլիներ ընդամենը 1,000 շուն, այն էլ ստերջացված, եթե անգամ ներգաղթեին հարեւան հանրապետություններից:-
Երեւանի քաղաքապետարանը ստիպված է բացատրել, թե որտեղ են պետբյուջեից դուրս գրված գումարները, եթե թափառող շների հիմնախնդիրը լուծվելու փոխարեն ավելի է սրվում, կամ ընդունել իր կողմից իրականացվող ծրագրի ապարդյունավետությունը եւ պետական գումարների վատնումը։