Приятно было прочесть оценку моей статьи Жирайром Сефиляном:
Ցանկացած հայ մարդ, ով անտարբեր չէ իր Հայրենիքի ներկայի և ապագայի նկատմամբ, ով պատրաստ է քաղաքական պատասխանատվություն կրելու, պետք է ընթերցի «Անիվ» ամսագրի գլխավոր խմբագիր Կարեն Աղեկյանի հեղինակած «Եվրասիական Միության վերաբերյալ» քննական-վերլուծական հոդվածը:
Հեղինակը ճշգրիտ վերլուծական գնահատական է տալիս տարածաշրջանում և մասնավորապես Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, միաժամանակ հորդորելով հայ ձեռնարկատերերին ներդրում կատարել և ֆինանսավորել հայ քաղաքական դաշտը, հայ ազատագրական պայքարը, առավել ևս` Հայաստանի Անկախությունը:
Ժիրայր Սէֆիլեան
Приятно было видеть количество людей прочитавших ее и выставивших ссылку в своих страничках социальной сети.
Теперь сама статья в армянском варианте:
Շատերը Եվրասիական Միությունը համարում են ԽՍՀՄ-2-ի նման մի բան: Մի կողմից սա ճշգրիտ անվանումը չէ, քանզի ԽՍՀՄ-ի նոր տարբերակի հնարավորությունն ունի նույն հավանականությունը, ինչ` Եգիպտոսում փարավոնների թագավորության նոր տարբերակը: Մյուս կողմից, այս ցուցանակը արտացոլում է հենց այն գլխավոր էությունը, որը ռուս պատմաբաններն ու հրապարակախոսներն անվանում են «հողերի հավաքում», այն է` այն երկրների և տարածքների, որոնք նախկինում կառավարվում էին միասնական Կենտրոնից: Քանի որ նախորդող «հավաքումը» տեղի է ունեցել «ԽՍՀՄ» ցուցանակի տակ, «ԽՍՀՄ-2» անվանումը հիշեցնում է բուն «հավաքում» վեկտորի մասին:
Մի քանի կարևոր և բավականաչափ ակներև պահեր:
1) Ինչի՞ համար է պետք նոր ծանրաշարժ կառուցվածքը, եթե լիովին բավական է վերահսկել տնտեսության, քաղաքական կյանքի և ռազմական ոլորտի առանցքային մասերը: Ի՞նչ է շահում Կենտրոնը: Ի՞նչ իմաստ ունեն զուր հոգսերը եթե, օրինակի համար` Հայաստանում, առանց այդ էլ ամեն ինչ ավելի քան վերահսկողության տակ է: Դե, նախևառաջ, ամենուրեք չէ, որ դա այդպես է: Երկրորդ, ներկայիս ՌԴ-ն, ինչպես և Խորհրդային Ռուսաստանը 1920 թ.-ին, բավականաչափ հզորություն չունի, որպեսզի կարողանա ռազմավարական առումով հիմնվել վերահսկողության և կառավարման ոչ ֆորմալ ձևերի վրա այն աստիճան, ինչ` այսօրվա ամերիկացիները: ՌԴ իշխանությունները համարում են, որ իրադրությունը միշտ էլ կարող է փոխվել, գլոբալ մրցակիցները կարող են ակտիվանալ և Կենտրոնի ոչ պաշտոնական իրավունքները «ազդեցության ոլորտի» սահմաններում վաղը կարող են դարձյալ հաջողությամբ վիճարկվել և դրվել հարվածի տակ: Ուստի, քանի դեռ ուշ չէ, դրանց զգալի մասը պետք է օրինականացնել, հաստատակարգայնացնել: Պետք է բացառել այսօրվա վիճակը. օրինակ, Հայաստանի մայրաքաղաքում ինչ-որ ամերիկյան կամ եվրամիութենական կազմակերպության գրասենյակի հնարավոր բացման կապակցությամբ Երևանից ռուսաստանյան աստիճանավորին ուղղված «ոչ պաշտոնական» զանգ այն հարցմամբ, թե, այ մեծ ախպեր ջան, լավ կլինի՞, թե՞… Եվրոպայում և ԱՄՆ-ում պետք է ի սկազբանե իմանան, որ այս կարգի հարցերը պաշտոնապես լուծվում են Մոսկվայում, Եվրասիական միության կոնկրետ գրասենյակում, ուստի հենց այնտեղ էլ պետք է դիմել և վերջ… Հետևաբար, ներկայիս ոչ պաշտոնական վերահսկողությունը պետք է ընդլայնել և օրինականացնել, որպեսզի դրսից եկող, Կենտրոնի հետ չհամաձայնեցված որևէ նախաձեռնություն այս տարածքում կարելի լինի համարել միջազգային իրավունքի տեսակետից անօրինական և ագրեսիվ:
2) ԽՍՀՄ-2-ի ճարտարապետները անհուսալի ապուշներ կլինեին, եթե երկրորդ փորձի ընթացքում մտադրվեին կանգնել նույն փոցխի վրա: ԽՍՀՄ-2-ը արմատապես տարբերվելու է ԽՍՀՄ-1-ից, առաջին հերթին` մետրոպոլիայի և ծայրագավառների հստակ տարանջատմամբ: Կարծիք կա, որ ԽՍՀՄ-1-ը փլուզվեց այն բան համար, որպեսզի որոշ ժամանակ անց այն վերաձևակերպվի որպես ԽՍՀՄ-2: Իրադրության այսպիսի դիտարկման վերաբերյալ թե կողմ և թե դեմ կարծիքների պակաս չկա:
Ամեն դեպքում, ԽՍՀՄ-1-ը կառուցվել էր համասեռ տարածք ձևավորելու և խորհրդային մարդուն ՙհամահարթեցնող զարգացման՚ միջոցով դաստիարակելու գաղափարի հիման վրա: Սա էին ենթադրում բոլշևիզմը, ինտերնացիոնալիզմը, «համաշխարհային մասշտաբով կոմունիզմի հաղթանակի» հեռանկարային խնդիրը:
Ռուսական միտքը ԽՍՀՄ-1-ի փլուզումը իմաստավորեց տարբեր կերպ, բայց տեսակետների միջև եղած ամբողջ տարբերությամբ հանդերձ, քաղած ընդհանուր դասը հանգում էր այն բանին, որ որևէ գաղափարաբանական «իզմից» և սխեմաներից ավելի կարևոր պետք է լինի realpolitik-ը, այն է` Ռուսաստանի և ռուսաստանցիների (առավել հաճախ` Ռուսաստանի և ռուսների) շահերը: Սա իր` Կենտրոնի դիրքորոշումը չէ, այն ամեն դեպքում սկզբունքորեն տարբերվում է ազգային պետության պետական իշխանությունից: Բայց այս կոնսոլիդացված դիրքորոշումը Կենտրոնը պարտադիր կերպով հաշվի կառնի և կօգտագործի:
Ինչ էլ խոսեն կամ գրեն Եվրասիական միության մասին, միանգամայն ակներև է, որ ԽՍՀՄ-2-ը կառուցվելու է արդեն ոչ համահարթեցման սկզբունքով - այլևս ոչ ոք չի պատրաստվում տասնյակ միլիոնավոր «նացմեններին» դաստիարակել և ուսուցանել որպես խորհրդային մարդիկ կամ որպես որևիցե այլ նոր անձատեսակ: Ծայրագավառների բնակչությունը մետրոպոլիայի տարածքում կունենա ոչ ավելի շատ իրավունքներ, քան ունի հիմա: Կենտրոնի քաղաքական շահերի և նրա հետ կապված` խոշոր կորպորացիաների տնտեսական շահերի առաջնահերթության պայմաններում (ծայրագավառներում այս կորպորացիաները էլ ավելի շատ ազատված կլինեն արտաքին մրցակիցներից, քան նույն մետրոպոլիայում), բնականաբար, տեղերում ինչ-որ բան էլ «նացմեններին» բաժին կհասնի: Նրանց մեծ մասը որոշակի բարելավում կզգան. մի տեղ աշխատատեղեր կստեղծվեն, մի տեղ մատակարարումը կլավանա, մի տեղ ճանապարհները կվերանորոգեն և այլն:
ԽՍՀՄ-2-ի անդամ երկրներին կթողնեն ինքնիշխանության ֆորմալ նշանները` դրոշ, զինանշան, հիմներգ, տեղ ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում (ավելորդ ձայները միայն օգուտ կբերեն), նախկինում նշվող ազգային տոները, որոշակի մշակութային ինքնավարություն և այլն:
3) Այս նոր համակարգում ինչպիսի՞ն են Արցախի հեռանկարները: Պարզ բան է` Կենտրոնը համարում է, որ ՀՀ-ի համար քաղաքական «առևտուրը տեղին չէ»: Լավագույն դեպքում բոլորը կսահմանափակվեն գազի գնի զեղչերով, և երկրի ղեկավարները չեն համարձակվի նույնիսկ ծպտուն հանել Եվրասիական միության մեջ ԼՂՀ-ի հետ միասին մտնելու մասին: Այն դեպքում, եթե այդպես էլ չհաջողվի Ադրբեջանին համոզել, որ մտնի ԽՍՀՄ-2-ի կազմ, դա կնշանակի, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև գոյություն կունենա սահման, որի մոտ վաղ թե ուշ կանգնելու են ոչ հայ սահմանապահներ:
Եվրասիական Միությունը բարձրագույն ղեկավարների պարբերական հավաքները չեն, ինչպես ԱՊՀ-ն: Դա իրական տնտեսական և ռազմա-քաղաքական միավորում է: Հետևաբար, ԼՂՀ-ին Երևանի կողմից ռազմական օգնությունը մեծ հավանականությամբ կհամարվի նույնքան ապօրինի և Եվրասիական Միության կողմից պատժելի, որքան` ԽՍՀՄ-1-ի օրենքներով էր:
Բայց նաև այն դեպքում, եթե հաջողվի Ադրբեջանին թեքել դեպի այդ միությունը, դրանից էլ ոչ մի լավ բան չի կարելի սպասել: Ադրբեջանի դեպքում առևտուրը լավ էլ տեղին կլինի: Ընդ որում, Կենտրոնն, ըստ էության, ոչինչ չի վճարելու, բացի Արցախի հարցում էական աջակցությունից:
Այս թեմայով չզբաղվենք հետագա ենթադրություններով, պարզապես նշենք խնդիրը:
4) Այժմ դիտարկենք ընդհանուր իրադրությունը, որի մեջ կհայտնվեն Հայաստանը և հայերը ԽՍՀՄ-2-ում: Քաղաքական յուրաքանչյուր հիպերհամակարգում գոյություն ունի բնակչության համակարգաստեղծ տարր, որի վրա է առաջին հերթին հենվում Կենտրոնը: ԽՍՀՄ-2-ի ենթադրական սահմաններում (ԽՍՀՄ-1-ի նախկին սահմանները, բայց առանց Մերձբալթիկայի, Արևմտյան Ուկրաինայի, ամենայն հավանականությամբ` առանց Վրաստանի, Ադրբեջանի պարագայում էլ անորոշություն է) մենք միանգամայն հստակորեն տեսնում ենք այդ տարրը - այն չի փոխվել Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-1-ի ժամանակներից. դա ռուս տարրն է, որը, հնարավոր է, իր մեջ ներառի նաև տվյալ տարածքում եղած արևելասլավոնական էթնոսները:
Այսուհանդերձ, Կենտրոնը պետք է որդեգրի բացառիկության դիրքորոշում, գերագույն դատավորի կեցվածք, նա չի կարող թույլ տալ իրեն նույնացնել մեկ, թեկուզև համակարգաստեղծ տարրի, վերջինիս արժեքների և շահերի հետ: Համակարգի կայունություն համար Կենտրոնի համար որպես հենարան կենսականորեն կարևոր է «երկրորդ տարրը»` բնակչության և վերնախավերի այն մասը, որոնց շահերի նկատմամբ նույնպես ավելի մեծ ուշադրություն կդարձվի: Համենայնդեպս, վերնախավերին որոշակի շրջանակներում կտրամադրվեն բարենպաստ արտոնություններ, նրանց ձայնը միշտ հաշվի կառնվի:
Օրինակ, Օսմանյան կայսրությունում դարերով այդպիսի տարր են եղել հույները ընդհուպ մինչև անկախության համար հույների պայքարի սկիզբը: Կայսրության բնակչությունը կազմակերպված էր միլլեթների` կրոնական միավորումների, և բալկանյան բոլոր ուղղափառ ժողովուրդները մտցված էին հույների հետ մեկ կատեգորիայի` հռովմաեցոց կատեգորիայի մեջ և ենթարկվում էին հունական պատրիարքարանին ու հոգևորականությանը, հաճախ էլ` հունական ազնվականությանը` ֆանարիոտներին:
Հաբսբուրգյան կայսրությունում երկրորդ կարևոր տարրը դարձան հունգարացիները: Այս դեպքում տրամաբանությունը հակառակն էր. հենց հունգարական ապստամբությունից հետո պարզ դարձավ, որ գերմանացիները հարկադրված են լինելու բանակցել հունգարացիների հետ: Որպես արդյունք, ծնվեց ավստրո-հունգարական դուալիզմը, և կայսրության հսկայական նորաստեղծ հունգարական մասում հունգարացիները իրավունք ստացան կառավարելու այստեղ բնակվող այլ ժողովուրդներին:
ԽՍՀՄ-2-ում ռուսական (սլավոնական) տարրի կողքին կենսականորեն անհրաժեշտ է երկրորդ տարրի գոյությունը: Եթե գնահատենք ոչ սլավոն բնակչության թվաքանակը և բնույթը նոր սահմաններում, կարելի է միանգամայն ճշգրիտ կերպով և առանց այլընտրանքի մատնացույց անել երկրորդ տարրը - կրոնական տեսանկյունից դա մուսուլմանականն է, իսկ էթնիկ ծագումով` առավելապես թուրքականը: Բուն անվանման ընտրությունը` Եվրասիա, ավելի քան խոսուն վկայությունն է այն փաստի, որ վաղօրոք ի նկատի է առնվում հենց այս երկու կարևորագույն տարրերի միջև համաձայնության անհրաժեշտությունը` առաջինի առաջնահերթության պայմաններում: Այդպիսի համաձայնությունը նախասկզբնական եվրասիականության հիմնական գաղափարներից մեկն է, որը ժխտում է պանսլավիզմը` արևմտյան և հարավային սլավոնների մասնակցությամբ` հօգուտ թուրքական Տափաստանի հետ միասնության, որն էլ ժխտում է ռուսների ձգտումը դեպի Եվրոպա` հօգուտ դեպի Ասիա ձգտման: Այսպիսով, այս իմաստով ամեն ինչ բավականաչափ բաց և ակնհայտ է: Սա ամենևին չի նշանակում, որ «երկրորդ տարրի» բոլոր վերնախավերը հավասար չափով պարտադիր կարգով ստանալու են արտոնյալության կարգավիճակ: Սա նշանակում է, որ մի քանի առանցքային, միմյանց հետ մրցակցող խմբերից, ենթադրենք` թաթարական, չեչենական, ղազախական և այլն, ձևավորված վերնախավը ոչ պաշտոնապես հանդես կգա հավաքական «երկրորդ տարրի» անունից: Եվ Կենտրոնի կողմից ոչ պաշտոնապես կճանաչվի որպես այդ տարրի շահերի ներկայացուցիչ, որի հանդեպ կցուցաբերվի հատուկ ուշադրություն (հակառակ դեպքում ԽՍՀՄ-2-ին սպասվում է արագ փլուզում): Անշուշտ, ԽՍՀՄ-2-ում «երկրորդ տարրը» ապագայում ներկայացնող երկրների և ժողովուրդների միջև այսօր բավականաչափ հակասություններ կան: Բայց դրանք պայմանավորված են ինքնիշխանության որոշակի մակարդակով: Հայտնվելով նույն հիպերհամակարգում, համապատասխան վերնախավերը կգիտակցեն, որ ներքին համերաշխության որոշակի աստիճանն անհրաժեշտ է, որպեսզի «միայնակ չկորչեն»: Ուզեն թե չուզեն, բայց «երկրորդ տարրի» ներկայացուցիչները ինչ-որ ձևով կգործակցեն, որպեսզի պահպանեն իրենց ընդհանուր բաժինը, ռեսուրսները և այլն:
Այս ուրվապատկերում, թերևս, միայն հայերն ու մոլդովացիներն են մնում մի կողմից փոքրաթիվ, մյուս կողմից` բնակչության բավականին մեծաթիվ խմբեր, որոնք հնարավորություն չունեն կոլեկտիվ կերպով, իրենց վերնախավի գլխավորությամբ մտնել առաջին կամ երկրորդ խմբերի մեջ: (Մեր որոշ «խելոքների» հույսերն առ այն, որ Եվրասիական Միության օրոք հայերն ու Հայաստանը կկարողանան խաղալ նույն դերը, ինչ` հրեաներն ու Իսրայելը ԱՄՆ-ում` անիմաստ է մեկնաբանել: Մեկնաբանելով կլինիկական ապուշությունը` դրանով վարակվելու ռիսկին ես դիմում:) «Առաջին» կամ «երկրորդ» վերնախավերի համար կոլեկտիվ իրավունքների ընդլայնված ծավալը չի կարող վերցվել չեղած տեղից: Այն կարող է վերցվել միայն մնացած ոչ էական տարրերի կոլեկտիվ իրավունքների նեղացման հաշվին:
Ինչո՞վ էր թելադրված Ռուսական կայսրության հակահայկական դիրքորոշումը 1903-1906թթ.-ին, սկսած Հայ Առաքելական Եկեղեցու գույքի բռնագրավումից մինչև ամբողջ Արևելյան Անդրկովկասում կովկասյան թուրքերի կողմից հայկական ջարդերի ժամանակ: Պատկերացնենք, որ այդպիսի «վտանգավոր»` տնտեսության, կրթության և այլ առումներով դինամիկ զարգացող էթնիկ տարր, սոցիալիստական կուսակցությունների և զարգացած ինքնուրույն կրոնական կազմակերպության առկայության պայմաններում, ոչ թե հայերն էին, այլ` կովկասյան թուրքերը: Հնարավո՞ր է արդյոք պատկերացնել այդպիսի հալածանք կովկասյան թուրքերի նկատմամբ, հայերի զինում նրանց վրա հարձակվելու համար, հոգևոր-կրոնական հաստատությունների գույքի առգրավում: Ոչ: Այն պարզ պատճառով, որ 20-րդ դարի սկզբին Կենտրոնը realpolitik-ի շրջանակում ոչ միայն իսլամական աշխարհը դիտում էր կայսրության սահմաններում որպես պոտենցիալ ամբողջականություն, որպես «երկրորդ տարր», որի հավատարմությունը անհրաժեշտ է ապահովել, այլև այդ գործոնը հաշվի էր առնում գլաբալ իմաստով: Առավել ևս` բոլշևիկները, որոնք սկզբնական շրջանում կողմնորոշված էին դեպի համաշխարհային հեղափոխությունը: Հենց այս հանգամանքով, և ոչ թե միայն քեմալիստների հետ համագործակցությամբ են բացատրվում Մոսկվայի և Կարսի պայմանագրերի պայմանները, իմպերիալիզմին ջիհադ հայտարարած Արևելքի ժողովուրդների համագումարը Բաքվում, Հայոց ցեղասպանության թեման լռության մատնելու` խորհրդային իշխանությունների ձգտումը: Այս նույն գործոնը պայմանավորեց Լոնդոնի քաղաքականությունը, Բրիտանական կայսրության կազմում (հաշվի առնելով պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունից գրաված տարածքները) այն ժամանակ մեծաքանակ մուսուլմաններ էին բնակվում: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Անդրկովկասում իր ռազմական կարճատև ներկայության ժամանակ Արցախը Ադրբեջանին տալով, բրիտանացիներն, իհարկե, հաշվի էին առնում այդ պոտենցիալ ամբողջականությունը, թեպետ բոլորից ավելի քաջատեղյակ էին սուննիների և շիաների միջև եղած թշնամանքի և իսլամական աշխարհում եղած այլ հակասությունների մասին: Հենց նույն գործոնն էլ Կիլիկիայից ֆրանսիական զորքերի տարհանման պատճառներից մեկը հանդիսացավ:
Վերադառնանք Եվրասիական միությանը: Անհատական հեռանկարներ, անշուշտ, միշտ էլ կան - քանզի հայ բնավորությունը սովոր է կենտրոնանալ հիպերհամակարգում անհատական վաստակի և նվաճումների վրա: Ուստի միանգամայն ծանոթ իրադրություն է սպասվում` ազգի համար նվազագույն իրավունքներ, բայց լիովին ընդունելի պայմաններ առանձին անձերի համար: Նրանք խաղալու են ամենուրեք ցրված «ուրիշների» դերը, ովքեր մի կողմից կատարում են օգտակար գործառույթներ (առանձին դեպքերում` նույնիսկ բարձր մակարդակներում), մյուս կողմից թույլ են տալիս պահպանել գերիշխող տարրի էթնիկ համերաշխության կորովը: Ազգի հեռանկարնե՞րը: Ուրիշի մեծ քաղաքականության մանր, իրավազուրկ գործիքի ավանդական, մեզ լավ ծանոթ հեռանկարներ: Գործիք, որը հանկարծ, 50 տարին մեկ նպատակահարմար են համարում գրպանից հանել:
Եթե ամեն ինչ այդպես է, ապա արդյո՞ք հիմքեր կան լավատեսության` նույնիսկ եթե ենթադրենք, որ չենք մտնի ԽՍՀՄ-2-ի կազմի մեջ: Այդ հիմքերը, մասնավորապես, այն են, որ հայկական քաղաքական հարցերը չդառնան մեկ և միակ դատավորի քննության և նրա որոշման առարկա: Ով էլ որ լինի այդ դատավորը, նա հայերի օգտին որոշում չի ընդունելու: Հայկական քաղաքական հարցերը (Արցախի և այլ) պետք է մնան միջազգային քաղաքականության առարկա` գլոբալ մակարդակում միմյանց հետ մրցակցող կողմերի առավելագույն թվի մասնակցությամբ: Հայկական շահերը զոհելուն հավասարապես պատրաստ ուժերը մեկը մյուսին հակակշիռ կհանդիսանան, և դրանով իսկ հակահայկական որոշումը կարող է կասեցվել: Գուցե սա չի կարելի լավատեսություն համարել, բայց սա գոնե վատատեսություն չէ: Հայկական քաղաքական հարցերը մեծ քաղաքականության մեջ թողնելու համար, ՀՀ-ին անհրաժեշտ է պահպանել ինքնիշխանության բավականաչափ մակարդակ: Այսօր այդ մակարդակն արդեն իջել է վտանգավոր գծից ներքև և պետք է այն բարձրացնել, ոչ թե վերջնականապես հանձնել անկախությունը:
5) Կարելի էր համոզվածությամբ կանխատեսել, որ հենց Հայաստանում Եվրասիական միության գաղափարը ակտիվ աջակցություն կվայելի այն մարդկանց շրջանում, ովքեր իրենց համարում են Հայաստանի հայրենասերներ:
Ահա, օրինակ. eMedia.am, 13.08.2012 | «Օգոստոսի 22-ից 27-ը Բարգավաճ Հայաստան կուսակցության Երիտասարդների միության նախաձեռնությամբ, ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի բարձր հովանու ներքո, Ծաղկաձորում անցկացվելու է Առաջին Եվրասիական Երիտասարդական Համաժողովը:
14 երկրներից ժամանած պատվիրակությունները հայաստանյան կողմի հետ քննարկելու են Եվրասիական միության ստեղծման գաղափարը: Համաժողովի վերջում կստորագրվի հատուկ հայտարարություն»:
Դժբախտաբեր, նորից ու նորից ենք բախվում այն իրողությանը, որ հայկական հայրենասիրությունը մեծամասամբ լռվել-մնացել է մանկական փուլում և ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ կամ գոնե սովորել բազմապատկման աղյուսակը, ըստ որի ինքնիշխան պետականությունը իրենից ներկայացնում է բարձրագույն առաջնահերթություն, ճիշտ այնպես, ինչպես երկուսը երկուսով բազմապատկելու արդյունքը լինում է չորս:
Բնական է, որ Ծաղկաձորում օգոստոսին կայացած համագումարի նման իրադարձությունները ֆինանսավորվում են հայկական փողով: Կասկածից վեր է, որ Հայաստանի ինքնիշխանության վերջնական սահմանափակման հետ կապված համագումարներն ու բանկետները վճարվելու են «ազգային» կապիտալի փողերով: Եթե հանկարծ այդպիսի երիտասարդական համաժողովի լավագույն անցկացման տենդեր հայտարարեին, կգտնվեին «ազգային» կապիտալի այնպիսի ներկայացուցիչներ, ովքեր կաշվից դուրս կգային լավագույն պայմաններ առաջարկելու համար - կգտնվեին ոմանք, ովքեր կառաջարկեին փակել մասնակիցների կեցության և նիստերի անցկացման ծախսերը նույնիսկ Լուվրում: Դիմելով հայոց պատմությանը, ակամա հանգում ես այն մտքին, որ այս կամ այն արտաքին Կենտրոնին ենթարկվելու ամենաակտիվ կողմնակիցները (իսկ երբեմն էլ նախաձեռնողները) եղել են հենց «ընկեր հայերը», տարբեր վերնախավերի ներկայացուցիչները, ոչ հազվադեպ շփոթելով իրենց անձնական շահերը համահայկական շահերի հետ:
Սակայն եթե նրանք առաջ չընկնեին ինտուիտիվ կերպով ուժին ծառայելու, այլ ի վիճակի լինեին փոքր-ինչ ավելի խորը մտածել անձնական շահի մասին, ապա այդ շահերը նրանք կկապեին Հայաստանի ճշմարիտ շահերի հետ, երկրի ինքնիշխանության հետ` աշխարհում և ժողովրդի ինքնիշխանության հետ` երկրում: XIX-XX դարերի սահմանագծին հայ ձեռնարկատերերն, անշուշտ, քսակը բացում էին հայկական բարեգործության համար, բայց, որպես կանոն, չէին ցանկանում ֆինանսավորել հայ քաղաքական դաշտը, հայ ազատագրական պայքարը, առավել ևս` Հայաստանի անկախությունը: Նրանք այդպես էլ յուրայիններ չդարձան ոչ Օսմանյան կայսրությունում, ոչ`Ռուսականում, իսկ քեմալիստների ու բոլշևիկների մասին խոսելն ավելորդ է:
Հայ ձեռնարկատիրոջ շահերի միակ պաշտպանը կարող է լինել ուժեղ, ինքնիշխան, սոցիալապես արդար Հայաստանը: Իսկ արտաքին ուժի համար նրանք կմնան «խիտռիե արմյաշկի», ում այսօր պետք է կթել, իսկ վաղը կարելի կլինի կուլակաթափ անել:
Պետք է փոխվել, հակառակ պարագայում մեզ սպասում է «հայ բախտի» հերթական գլուխը: