Oct 20, 2010 22:43
Այսօր Ամերիկյան շրջանավարտների ասոցացիայի գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը (նույն ինքը Արմակադի Խաչիկը) հրավիրել էր ներկա գտնվելու ասոցացիայի շրջանակներում կազմակերպվող դասախոսություններից մեկին: Օրվա բանախոսը Վարդան Մկրտչյանն էր` Համազգային թատրոնի տնօրենը: Վարդանը նույնպես ամերիկյան շրջանավարտ է: Հրաշալի դասախոսություն` համեմված տարբեր երկրների օրինակների վրա: Խնդիրների բարձրաձայնում, երիտասարդ տնօրենի առօրյա, երբ հայկական իրականությունը չի համընկնում դասական մոդելների ու մոդուլների հետ, դերասան Վարդան Մկրտչյանի վերածվելը տնօրեն Վարդան Մկրտչյանի և այնուամենայնիվ բյուրոկրատ չդառնալու կարողությունը: Այս ամենը համեմված Վարդանի ներկայացնելու տաղանդով, լսարանը գրավելու ձիրքով:
Դահլիճն էլ տրամադրող էր ու լսելու հակված: Ես մտածում էի արցախյան հասարակության մասին, զգում, թե ինչքան են պակասում նմանատիպ հավաքները, պարզ զրույցները` լինի դա թատրոնի, գենետիկորեն մոդիֆիկացված բույսերի, թե քաղաքական տարբեր հարցերի շուրջ:
Մի քանի օր առաջ Արցախում էին Արթուր Ավթանդիլյանն ու Արմեն Հովհաննիսյանը, որոնց հետ մի գիշեր զրուցում էինք պատմական, քաղաքակրթական մի քանի հարցերի ու տեսությունների շուրջ և ես զգացի, որ ուղղակի կարոտել եմ այդպիսի զրույցների: Ու ես զգացի, որ այդպիսի զրույցներ ուղղակի կենսականորեն պակասում են Արցախում: Ու գլխումս իդեա-ֆիքս է դառնում Արցախ որակյալ կադրեր հրավիրելու միտքը: Մի 50-100 հոգի, որոնք կգան, կքայլեն Ստեփանակերտի փողոցներում ու... կզրուցեն: Տարբեր թեմաներով: Ու չեն վախենա իրենց արտահայտած մտքերից: Կխոսեն խնդիրների մասին, կփնտրեն լուծումներ: Կդառնան էլիտա: Էլիտա, որ առաջ է մղում առաջադեմ գաղափարներ, էլիտա, որ այդ գաղափարները դարձնում է հասարակության սեփականությունը, էլիտա, որ կործանում է մեր ժողովրդին ոչ հատուկ, բայց արդեն կես դարից ավելի նրա իսկ սեփականությունը դարձած արատավոր արժեքները: Ու կստեղծենք բարեկեցիկ ու հզոր հասարակություն, կիրականացնենք մեր ազգային իղձերը, կվերաբնակեցնենք Արցախը, այն կդարձնենք գիտական, կրթական, տնտեսական խոշոր կենտրոն...
Վստահաբար Ստեփանակերտում որոշ մարդկանց մոտ անզուսպ ցանկություն կառաջանա այրել ինձ այս "հերետիկոսական" մտքերի համար, ինչն էլ անում են մեկ տարի շարունակ: Սակայն, այդպիսի մարդկանց գոյությունն էլ օրինաչափ է, ինչպես այն մարդկանց գոյությունը, որոնք դեմ էին արցախյան շարժմանը և շարժման առաջին շրջանում պայքարում էին շարժման գաղափարախոսների ու առաջին ակտիվիստների դեմ: Խնդիրն այն է, որ այդպիսինները չպետք է վճռորոշ դեր կատարեն, իսկ որպեսզի նրանք վճռորոշ դեր չկատարեն` կենսականորեն անհրաժեշտություն կա 50-100 հոգու, որոնց մասին արդեն խոսացի:
Եվ, որպես վերջաբան կրկնեմ իմ այնքան շատ կրկնվող միտքը: 20 տարի առաջ Արցախ գալիս էին նահատակվելու համար, 20 տարի դրանից հետո հարկավոր է գալ ապրելու համար, որպեսզի ստիպված չլինենք 20 տարի հետո գալ մեռնելու համար: Թե չէ ստացվում է, որ նահատակվելն ավելի հեշտ էր, քան ապրելը: Հայավարի չէ...