(no subject)

Jun 15, 2010 11:15


«ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՄԱՐՍԻՑ ԿԱՄ, ԸՍՏ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ, «ՀԱՅԵՐԸ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔՈՒՄ ՇԱՏ ԵՐՋԱՆԻԿ ԵՆ ԻՐԵՆՑ ՎԻՃԱԿՈՎ»

«Հայերը Սամցխե-Ջավախքում շատ երջանիկ են իրենց վիճակով», այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում` հունիսի 8-ին հանդես գալով Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում:

«Վրաստանը ժողովրդավարական բարեփոխումների աշխատանոց հետխորհրդային տարածքում» թեմայով զեկույցի ավարտին միջոցառմանը ներկա «Նոր սերունդ» ֆրանսահայ կազմակերպության ներկայացուցիչը Վրաստանի նախագահից հետաքրքրվել է, թե ինչ է արվում Սամցխե-Ջավախքում: Մասնավորապես, հայկական կազմակերպության ներկայացուցիչը հարցրել է. «ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի, Եվրոխորհրդի, ֆրանսիական եւ եվրոպական դիտորդների, մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների վերջին զեկույցներում նշվում է, որ Վրաստանի հարավում բնակվող ազգային փոքրամասնությունների եւ, մասնավորապես, Սամցխե-Ջավախք նահանգում բնակվող հայերի նկատմամբ խտրական քաղաքականություն է իրականացվում: Ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկելու վրացական իշխանությունները կյանքի կոչելու համար ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի հանձնարարականները, որոնք պահանջում են ապահովել ազգային փորքամասնությունների առավել լիարժեք ներկայացվածությունը Վրաստանի քաղաքական եւ մշակութային կյանքում»:

Ի պատասխան Վրաստանի նախագահը նախ հայտարարել է. «Ես չգիտեմ, թե ինչ զեկույցների մասին եք դուք խոսում, ձեր ասածը ճիշտ չէ, երբեք չեմ տեսել լուրջ կազմակերպություն, որը մեզ նման բաներ ասի»: Այդուհետեւ Սաակաշվիլին նշել է. «Հայերը Սամցխե-Ջավախքում շատ երջանիկ են իրենց վիճակով, նրանց 88%-ը նույնիսկ քվեարկել է իմ օգտին վերջին նախագահական ընտրությունների ընթացքում եւ 87%-ը իմ կուսակցության օգտին անցած ՏԻՄ ընտրություններում»: Սաակաշվիլին ավարտել է իր պատասխանը, խորհուրդ տալով «Նոր սերունդ»-ի ներկայացուցչին` հիշատակած զեկույցները «նետել աղբարկղ»:

«Նոր սերունդ» կազմակերպությունն իր վրդովմունքն է հայտնում Վրաստանի գործադիր իշխանության ղեկավարի վերաբերմունքից, որը բացահայտորեն մերժում է ջավախահայության վիճակի վերաբերյալ իրական փաստերը: Բավականին յուրահատուկ է Վրաստանի նախագահի այն արտահատությունը, որ ՄԱԿ-ի եւ Եվրոխորհրդի հանձնարարականները, այսինքն` այն կազմակերպությունների, որոնց Վրաստանն անդամակցում է, պետք է «դեն նետել»:

«Նոր սերունդ»-ն իր հատուկ մտահոգությունն է արտահայտում ջավախահայության նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության, հայ քաղաքական ակտիվիստների եւ քաղաքական կազմակերպությունների դեմ իրականացվող հալածանքների, Վրաստանում մարդու իրավունքների ոտնահարումների եւ ժողովրդավարության առկա վիճակի կապակցությամբ:

«Ազգի» կողմից ավելացնենք, որ առնվազն վերջին վրացական տեղական ընտրություններում պասիվ դիրք բռնած ջավախահայության փոխարեն քվեատուփեր լցրած քվեաթերթիկներն ու դրանց հիման վրա ներկայացվող «հարյուրտոկոսանոց»-ից մի քիչ պակաս ցուցանիշները բնավ էլ չեն նշանակում, թե շատ հարցեր ու խնդիրներ ունեցող Ջավախքում ուշագնաց են լինում վրացական իշխանական կուսակցության ու դրա ներկայացուցիչների համար: Դիտորդական առաքելություններից մեկին անգամ հաջողվել էր նկարահանել, թե ինչպես են Ջավախքի ընտատեղամասերից մեկում հենց հանձնաժողովի անդամները իշխանության օգտին տրցակներով քվեաթերթիկներ լցնում քվեատուփը, ինչի մասին «Ազգը» հիշատակել է իր հրապարակումներում:

Ուստի Վրաստանի նախագահը գոնե բարոյապես իրավունք չունի շահարկելու հայաբնակ Սամցխե-Ջավախքի եւ ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի բնակչության անունից «քվեարկողների» սարքած արդյունքները` դրանք ներկայացնելով որպես վրացական իշխանությանը սիրահարված փոքրամասնությունների ներկայացուցիչների «ինքնաբուխ գործողություններ»: Առավել եւս, երբ հայերի ու ադրբեջանցիների գրեթե 100 տոկոսանոց քվեարկությունները Վրաստանում շահարկում են գրեթե բոլորը` առանց բացառության:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #109, 2010-06-15

http://www.azg.am/AM/2010061502

saakashvili, nor seround, javakhk, france

Previous post Next post
Up