![](http://photos-a.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/264046_230762510281431_218442008180148_846259_2631940_a.jpg)
Հայ Առաքելական Եկեղեցուն պաշտոնական կարգավիճակի տրամադրումը Վրաստանում կապվեց մի շարք եկեղեցիների՝ Վրաց Ողղափառ Եկեղեցու իրավասությանը հանձնելու նախապայմանին: Այդ եկեղեցիներից են Ախթալան կամ Կոբայրը ՀՀ-ում, Գիմբիրդոն Ջավախքում, Բանակը Ղարսի մարզում եւ այլն:
![](http://s02.flagcounter.com/count/FDD/bg=FFFFFF/txt=000000/border=cccccc/columns=1/maxflags=4/viewers=Readers/labels=1/)
![](http://www.circle.am/service/?sid=1282&bid=72)
Եթե առաջնորդվենք փաստարկը հակափաստարկով "կտրելու" սկզբունքով, ապա Հայ Առաքելական Եկեղեցին էլ կարող է ավելացնել Կախեթի Սղնախի ուծացած հայերի առաքելադավան հայերի եկեղեցիների խնդիրը, Թիֆլիսում դեռ տասնամյակներ առաջ ավերված կամ վրացականացված հայկական եկեղեցիների խնդիրը եւ այլն: Այսպես, փորելով հայ-վրացական հարաբերությունների բազմադարյան արխիվը, կարելի դիզել փաստարկ-հակափաստարկների մի լեռ, որը լուծման ենթակա չէ, ու միայն մի կիրառություն կարող է ունենալ. իր ծանրությամբ վիժեցնել ցանկացած հարցի լուծում:
Նկատենք, որ երբ միջազգային կառույցները Վրաստանից պահանջում են գրանցել Հայ Եկեղեցին, միաժամանակ դրան չեն կցում պահանջներ այս կամ այն կիսավեր եկեղեցու հայկականության կամ վրացականության հարցը: Եւ երբ նույն կառույցները Հայաստանից պահանջում էին ասորական դպրոցներ բացել, դրան չէին կցում ինչ-որ հինավուրց ասորական շինությունների հարցեր (որոնք Հայաստանում հավանաբար կան դեռ Շամիրամի ժամանակներից): Նույն կերպ՝ այսօր միջազգային կառույցները հետեւում են, ասենք, Իսպանիայում արաբ փոքրամասնության իրավունքների պաշտպանությանը, դրանք չկապելով Արաբական Խալիֆաթի կամ Կաթոլիկ Ռեկոնկիստայի շրջանում արաբականացված կամ կաթոլիկացված շինությունների հետ:
Ինչո՞ւ…
Որովհետեւ սոցիալական ու քաղաքական բովանդակություն ունեցող հարցը չի կարելի դնել զուտ պատմական-դավանաբանական խնդրի հարթության վրա: Հարյուր հազարներ հաշվող համայնքի կրոնական իրավունքները սոցիալական ու քաղաքական բովանդակության խնդիր է, որը կախված չէ մի անմարդաբնակ անտառում կիսավեր եկեղեցու պատկանելությունից:
Նման արհեստական կապակցումը կարող է ոչ միայն տարիներով ձգձգել հարցերը, այլեւ հանգեցնել տրամաբանական անհեթեթություների: Օրինակ՝ ասենք հայ-վրացական հանձնաժողովը քննարկում է Ախթալայի պատմությունը ու հանգում այն եզրակացության, որ Ախթալան ավելի շատ հայկական մշակույթին է պատկանում: Է ուրեմն ի՞նչ… այդտեղից հետեւում է, որ Ախալցխայի Սուրբ Նշանն էլ Հայ Առաքելական Եկեղեցուն չի՞ կարող փոխանցվել, քանի որ նրա “հակակշիռ” փոխանակվելիք եկեղեցին հանկարծ “դժբախտաբար” հայկական դուրս եկավ…
Գովելի է հայ ու վրաց հասարակություներում իրար հուզող խնդիրները հասկանալու ու դրանց լուծումները գտնելու ցանկությունը: Վերջին տարիներին այդ դրական միտումը խորացել է: Եւ դրական տեղաշարժերը չվիժեցնելու համար անհրաժեշտ է ճիշտ ձեւակերպել խնդիրները ու ամեն ինչ չծանրացնել մինչեւ 7-րդ դար գնացող պատմական պահանջներով:
Սոցիալական կամ քաղաքական հնչողության խնդիրները պիտի լուծվեն իրենց մեթոդներով, պատմական կամ դավանաբանական խնդիրները՝ իրենց մեթոդներով: Կա միջազգային հարուստ փորձ թէ առաջին եւ թէ՝ երկրորդ ուղղությունների համար էլ:
Ռ. Տեր-Մինասյան
Ախալքալաք-Երեւան, 24 հունիսի 2011
http://www.facebook.com/notes/javakhk-info/կեսարինը-կեսարին/230761470281535http://times.am/arm/?p=4659