Վերջապես կայացավ Ամենայն Հայոց կաթողիկոսի վաղուց սպասված, բայց բազմիցս հետաձգված հովվապետական այցը Վրաստան: Վրացական կողմի անընդմեջ ձգձգումների ու տարաբնույթ պատճառաբանությունների հետևանքով մի քանի անգամ այցը հետաձգվել է:
Հասարակական մեծ հնչեղության առիթ դարձած այցի արդյունքների և ձեռքբերումների մասին մենք զրուցեցինք ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ:
Կարևորելով այցի նշանակությունը՝ նա ասաց. «Գարեգին Բ կաթողիկոսը, մոտ տասնամյա ընդմիջումից հետո, երկրորդ անգամ է լինում Վրաստանում: Սա պատմական այց կարելի է համարել: Իրոք, Ջավախքահայությունը կաթողիկոսի հովվապետական այցին սպասում էր շատ վաղուց: Կաթողիկոսը բարձրացրեց մի շարք հոգևոր խնդիրներ՝ առաջ քաշելով նաև հայ եկեղեցիներին իրավական կարգավիճակ տալու հարցը: Նույնքան կարևոր էր Ջավախքի առանձին թեմ ստեղծելու խնդիրը: Նախևառաջ, պետք է հստակեցնել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ վիրահայոց թեմի իրավական կարգավիճակը:
Ինչպես գիտեք, հիմա Ջավախքում թեմ չկա, այլ վրացահայոց թեմի Ջավախքի փոխանորդություն է գործում:
Իհարկե, կա նաև երրորդ, շատ ավելի ծավալուն ու բարդ հարց, այսպես կոչված՝ վիճելի եկեղեցիների խնդիրը: Այս առումով անչափ կարևոր եմ համարում Մուղնեցոց սուրբ Գևորգ եկեղեցին վերաօծելու հանգամանքը»:
Ինչ վերաբերում է Կաթողիկոսի այցելությանը Վահագն Չախալյանի ծնողներին և այդ հարցով միջնորդությանը, Շիրակ Թորոսյանն ասաց. «Շատ դրական քայլ էր կաթողիկոսի կողմից, սակայն վրացական կողմն այս հարցով, կարծում եմ, պատրաստ չէ զիջումների: Սա, իհարկե, լուրջ հարց է. այցելությունը ցույց տվեց և ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Չախալյանը մենակ չէ, մենք նրա կողքին ենք և մինչև վերջ պայքարելու ենք նրա համար»:
Աղբյուրը