Ախ իմ Հայրենիքի ջուրը,,, քաղցր է քանց նռան գինին...
Այստեղից.
http://ditaket.livejournal.com/3192.html#cutid1 Կեսգիշերն անց էր, երբ հասանք Զուար: Երբևէ չէի լսել գյուղի մասին, քանի դեռ նրա հիմնադիր Տիգրան Կյուրեղյանը չառաջարկեց գնալ Քարվաճառ, ես էլ` սրտից թույլ մարդ, որ 2 տարի է` երազում է այնտեղ գնալու մասին, բոլոր գործերս մի կողմ գցեցի, ու գնացինք:
Մի փոքր աշխարհագրություն (քաղաքական ու ֆիզիկական): Զուարը գտնվում է Քարվաճառ քաղաքից մոտ 40 կմ հեռավորության վրա` Թարթառի վտակ Թութխունի հովտում: Հիմնվել է 1997թ. հունիսին: Բնակչությունը` 82 մարդ, որից 25-ը` մինչև 18 տարեկան: Տնտեսության հիմնական ճյուղերն են մեղվապահությունը և անասնապահությունը (ի դեպ, հայտնի «Տաք ջրի» շնորհիվ Զուարը նաև դարձել է ներարցախյան տուրիզմի կենտրոններից մեկը :)):
Առաջին տպավորությունս այն էր, որ գյուղը «պոտյոմկինյան» չի, կա և ապրում է իր` վաղուց բնականոն դարձած կյանքով: Սովորաբար վերաբնակեցված գյուղերի մասին լսելիս` կայուն «կիբուցյան» ասոցիացիա է առաջանում. խմելու ջուր չկա, հոսանք չկա, մարդիկ ապրում են ինչ-որ անհասկանալի խրճիթներում…Զուարում կար ամեն ինչ (գյուղը միայն գազաֆիկացված չի):
Զուարի բնակիչները եկել են Հայաստանից (Ջերմուկ, Արմավիր, Հրազդան, Վարդենիս և այլն): Գյուղում պատմեցին, որ վերաբնակների մի մասը չէին էլ ենթադրում, որ կարող են հաստատվել գյուղում, սակայն «եկան, տեսան, մնացին»:): Պատճառները բազմաթիվ էին` իդեալական պայմաններ անասնապահության և հատկապես մեղվապահության համար, տուն և անասուն պետության կողմից և ամենակարևորը` հնարավոր չէր և չէ մտնել Թութխունի ձորը և մի քանի րոպե անց չզգալ ինչպես տանը...
Զուարում ես հասկացա մի էական բան. ազատագրված տարածքների և ընդհանրապես Հայաստանի սահմաններն առաջին հերթին պաշտպանվում են հենց Զուարի և նման մյուս բնակավայրերի կողմից: Անբնակ տարածքը զենքով պաշտպանելը հոգնեցնում է, մինչդեռ Տան պաշտպանությունը ինքնաբերական ու անընդհատ է: Իսկ պարադոքսը այն է, որ վարդենիսցին կամ երևանցին, օրինակ, լավ չի հասկանում, որ իր հանգիստ քունն ապահովում են ոչ միայն միայն մոտակա զինվորական մասերը, այլև Զուարն ու իր կողքի գյուղերը:
Չեմ ցանկանում, որ «մեղրի ու կաթի գետերի» պատկերացում լինի Զուարի մասին: Գյուղում խնդիրները բազմաթիվ են: Նախ և առաջ բաց է ներդրումների հարցը:
Գյուղապետի հետ զրուցելիս հետաքրքրվեցի, թե որքան մեղր կարող է գյուղը «արտահանել»: Նա պատասխանեց, որ նվազագույնը հինգ տոննա (մեծածախ գինը` լիտրը` 2 հազար դրամ), ընդ որում պահանջարկի դեպքում ծավալը կարող է կրկնակի ավելանալ: Գյուղի բնակիչների հիմնական խնդիրը ոչ թե մեղրն է և նրա որակը, այլ իրացումը: Իմ կողմից ավելացնեմ, որ երբեք նման համով մեղր չէի կերել…:)
Մենք կարող ենք մեծ օգնություն ցույց տալ Զուարի միջնակարգ դպրոցին, որի նորանշանակ տնօրեն Մելանյա Պողոսյանը 2 ամսվա ընթացքում գրեթե լիովին կերպարանափոխել է դպրոցը: Դպրոցի գրադարանին անհրաժեշտ են դպրոցական դասագրքեր (յուրաքանչյուր առարկայից գոնե երկուական դասագիրք) և գեղարվեստական գրականություն: Ես ինքս պատրաստ եմ կազմակերպել գրականության հավաքման և հետագա տեղափոխման խնդիրները:
Ի վերջո, Քարվաճառն ընդհանրապես գանձ է էքստրեմալ ու մշակութային տուրիզմների սիրահարների համար: Եթե հնարավոր լիներ համոզել մեր համապատասխան գործակալություններին մեկ-երկու տուրիստական երթուղի գծել Քարվաճառում…
P.S. Ես հիմա մտածում եմ, որ փաստորեն ոչ մի գաղափար չունեի ազատագրված տարածքների մասին, քանի Քարվաճառ չէի գնացել...