Սեպտեմբերի 21-22-ը, Ջավախքում հյուրընկալվեցին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան - հին ձեռագրերի ինստիտուտի աշխատակիցները:
Ուխտագնացությունը դեպի Ջավախք նախաձեռնել էր Մատենադարանի կրտսեր գիտաշխատող Լուսինե Թումանյանը: Մատենադարանի աշխատակիցները երկու օր հնարավորություն ունեին այցելելու և ծանոթանալու Ջավախքի եկեղեցիների և մշակութային կոթողների պատմությանը:
Ուխտավորներին դիմավորեց Ախալքալաքի առաջնորդանիստ Սբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Այցելության առաջին օրը ուխտավորները եղան Վարձիա քարանձավային համալիրում, հիացան Թմկաբերդի գեղեցկությամբ:
Վարձիայից ուղևորությունը շարունակվեց դեպի Ախալցխա, ուր առաջին հանգրվանն էր միակ գործող Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որտեղ տեղի հոգևոր հովիվ Տ. Եղիշե ավագ քահանայի հետ աղոթք բարձրացրին առ Աստված:
Հաջորդ հանգրվանն էր Ախալցխայի Սբ Նշան եկեղեցին, որի վեհությամբ հիանալուց հետո ուխտավորներն այցելեցին Ռաբաթ ամրոցը: Ուշ եկեկոյան ուխտավորները հյուրընկալվեցին Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղում՝ Սապոնջյանների ընտանիքում, ուր և խնամքով ու հոգատարությամբ պահվում է Ծուղրութի հռչակավոր Ավետարանը՝ 10-րդ դարի մագաղաթյա ձեռագիրը: Մատենադարանի գիտաշխատողները առիթ բաց չթողեցին տեսնելու գյուղում պահվող ևս մեկ հինավուրց ձեռագիր Ավետարան, որը պահվում է Գինոսյանների ընտանիքում: Օրվա ավարտին հյուրերը հյուրընկալվեցին Ախալցխայի Վահրան Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միությանը, ուր միության նախագահ Ալեքսանդր Իգիթխանյանը հանգամանալից ներկայացրեց իրենց գործունեությունը:
Հաջորդ օրը սկսվեց այցելությամբ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղ, որտեղ վեր է խոյանում 10-րդ դարի հոյակերտ հայկական Սուրբ Համբարձման եկեղեցին, ուխտավորները ծանոթացան եկեղեցու պատմությանը, գյուղացիների առօրյային և աղոթք բարձրացրին առ Աստված:
Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի գլխավորությամբ ուխտավորները միասնական աղոթեցին մեծն Ջիվանու ծննդավայր Կարծախ գյուղի Սբ Կարապետ եկեղեցում:
Ախալքալաքի Սբ Խաչ եկեղեցում Սբ Պատարագին մասնակցելուց հետո ուխտավորների վերջին հանգրվանն էր Գանձա գյուղը, ուր Վահան Տերյանի տուն-թանգարանում աշխատակիցները հանգամանալից ներկայացրին Տերյանի կյանքն ու գործնեությունը:
Տունդարձի ճանապարհին ուխտավորները հիացան Փարվանա լճի գեղեցկությամբ ու փայլով:
Նշենք, որ Ախալցխայի Ծուղրութ գյուղում են պահվում միջնադարյան արվեստի և մանրանկարչության արժեքավոր ձեռագիր մատյաններ` 10-րդ դարի «Ծուղրութի Ավետարանը», «Գինոսենց Ավետարանը» : Ծուղրութցիների նախնիները տեղացիներ չեն: Նրանք գաղթել են Էրզրումի շրջանի Իլիճա գյուղից 1829-1830թթ.: Ծուղրութում բնակություն հաստատած հայ բնակիչներն ընդամենը 30 ընտանիք են, ովքեր իրենց հետ բերել էին վերոնշյալ ավետարանները: «Ծուղրութի ավետարանը» թվագրված է 974 թվականին: Գրիչը Հովհաննեսն է, հիշատաակարանի հեղինակը` Եղիա քահանան: Գրչության վայրը և մանրանկարիչը հայտնի չեն: Ավետարանի մագաղաթյա թերթերը բավականին նուրբ են ու լավ պահպանված: Հովհաննես գրչի ձեռքով ստեղծված 395 էջ ծավալով հռչակավոր մագաղաթյա այս Ավետարանը արդեն սրբության և հայկական շարունակականության խորհրդանիշ է դարձել գյուղացիների համար:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան
Information source >