Սամվելի վիդեոելույթների մասին

Mar 27, 2013 17:11


Վերջին օրերին շատ քննարկումներ եղան Սամվել Կարապետյանի վիդեոբլոգի ելույթների (տես հատկապես Կաթողիկոսներին նվիրված ելույթները), եւ նրան grigor-yan-ի պատասխանի շուրջ: Ես LJ-ում, Facebook-ում եւ էմեյլով մի քանի խնդրանք/պահանջ ստացա այս ամենի մասին կարծիք գրելու: Կատարում եմ առանց դա անելու մեծ ցանկության:

grigor-yan-ը փաստարկները տարել է դավանաբանական ինչ-որ դետալներում Սամվելին մանրամասնօրեն ուղղելու գծով, եւ դա իրեն շատ տեղերում հաջողվել է: Ներկայացրել է նրան որպես այլադավան քարոզչության զոհ: Սամվելի փաստարկների զգալի մասին դեմ լինելով հանդերձ, այնուամենայնիվ չեմ կարծում, թէ նրա շարժառիթները դավանաբանական են, եւ չեմ կարծում որ նա ինչ-որ “ուղղափառ ագիտացիայի” ազդեցության տակ է:

Ուղղակի տարիների ընթացքում զբաղվելով հայկական հուշարձանագիտության անշնորհակալ աշխատանքով, Սամվել Կարապետյանը հաճախ է շփվել աշխարհիկ մտածելակերպով եկեղեցականների հետ, որոնք շատ ավելի հետաքրքրված են կնունք-հարսանիք-թաղում միջոցառումներով, քան եկեղեցիներով եւ հուշարձաններով: Սա նրա մոտ զարգացրել է հակակրանքի ու օտարացվածության զգացում: Մի մոռացեք, որ Սամվելը ինչ-որ իմաստով Աշխարհից կտրված մարդ է, որն ապրում է իդեալիստական գաղափարներով: Եթե այդպիսին չլիներ, մի՞թե ոտքով կշրջեր-կչափագրեր հայկական հուշարձանները դեռ սովետի թվերի Ադրբեջաբնական ՍՍՀ Արաքսից հյուսիս ընկած շրջաններում...

Եւ որպես սրա հաջորդ քայլ նրա մոտ ձեւավորվել է հետեւյալ միտումը, որը ապագայում ավելի է խորանալու Հայաստանում: Այսօրվա գլոբալացող Աշխարհում բոլոր փոքր, փակ, ընդհանուր հոսքից կտրված համակարգերը նոր մարտահրավերների դիմաց են կանգնում: Օրինակ՝ որքան էլ այսօր քննադատենք “սովետական իմպերիալիզմը”, հայկական գիտությունը զարգացում ապրեց ՍՍՀՄ օրոք, ու անկում արձանագրեց անկախ Հայաստանում, քանի որ ռուսական ավելի ուժեղ ակադեմիական շկոլան սովետական տարիներին վերահսկում էր հայկական գիտական հաստատությունները, եւ չէր թողնում, որ “խանական-բեկական” հարաբերությունները շատ գլուխ բարձրացնեն դրանցում: Նույնը վերաբերվում է կրթության ու մշակույթի ասպարեզներին: Եւ դարձյալ նույնը վերաբերվում է ադմինիստրատիվ ղեկավարման ասպարեզին՝ ՍՍՀՄ տարիներին բացահայտ անգրագետ-քրեական մեկը չէր կարողանա դառնալ մի ողջ շրջանի միահեծան տերը:

Կարծում եմ այս օրինակները շեշտում են ընդհանուր միտումը. Հայկական կյանքի ամենատարբեր ասպարեզներում շատ են “խանական” մտածելակերպով (որպես կանոն՝ տարեց) մարդիկ, որոնցից ամեն մեկը իր ասպարեզը դիտարկում է որպես իր սեփականությունը անկախ իր մասնագիտական ընդունակություններից: Այս երեւույթը, իհարկե, միայն Հայաստանում չէ, ողջ Աշխարհում է տարածված: Բայց որքան փակ, կտրված է համակարգը, այնքան սուր է այս երեւույթը արտահայտվում դրանում:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նույնպես դարերի ընթացքում եղել է նման մի փակ համակարգ: Սա պատմականօրեն արդարացված եւ մեր համար հաճախ միակ հնարավոր լուծումն է եղել, որը մեզ փրկել է ուծացումից եւ ազգուրացությունից: Բայց մյուս կողմից, ինչպես ամեն մի փակ համակարգում, մեր Եկեղեցում եւս զարգացել են նշված բացասական երեւույթները, որոնց չափազանց սուր ձեւով անդրադարձել է մեր ազգի մեծ զավակ Սամվելը (իսկ ավելի քան մի դար առաջ էլ ավելի սուր ձեւով անդրադարձել է մեր ազգի մեծ զավակ Րաֆֆին!):

Այսօրվա գլոբալացվող Աշխարհը նոր մարտահրավերներ է նետում ինչպես մեր Եկեղեցուն, այնպես էլ մեր հասարակական կյանքի այլ հաստատությունների՝ Դպրոցին, Համալասարանին, Խորհրդարանին, Կուսակցություններն, Նախագահությանը: Սամվելի հնչեցրած քննադատությունը այս երեւույթները ըմբռնելու, քննադատելու մի փորձ է: Ոչ շատ հաջողված փորձ է: Բայց grigor-yan-ը փաստարկները ոչ թէ երեւույթների խորքային վերլուծություն են, այլ ուղղակի դավանաբանական մանրամասների առատության տակ ինչ-որ հարցեր սվաղի հաստ շերտով ծածկելու փորձ:

Հիմա ամենակարեւորը: Առաջիկայում մենք էսպիսի երեւույթների շատ ենք բախվելու: Որքան արտաքին Աշխարհը ավելի է մոտենում մեզ իր տեխնոլոգիայով, կապի միջոցներով, լեզվով, բարեկեցությամբ ու ոսկով, այնքան ավելի ենք մենք զգալու մեր Եկեղեցու, Դպրոցի, Համալասարանի, Խորհրդարանի, Կուսակցությունների, Նախագահության եւ այլ հաստատությունների թույլ կողմերը: Մեսրոպ Մաշտոցի սերունդը V դարում նույնպես բախվեց իր ժամանակների գլոբալիզացիային, եւ կարողացավ դրան տալ այնպիսի պատասխան, որը ոչ միայն չթուլացրեց Հայ Ազգը, այլեւ ուժեղացրեց այն իր դարաշրջանի ընձեռած հնարավորություններով:

Ռ. Տեր-Մինասյան
27.03.2013, Սամսար-Երեւան

armenians, mesrop mashtoc, globalization, samvel petrosyan, church, armenia

Previous post Next post
Up