![]( http://akhaltskha.net/_nw/10/67626255.jpg)
Նոյեմբերի 23-ին Ախալքալաքի Վաչիան գյուղում տեղի ունեցավ նորակառույց մանկապարտեզի բացումը: Վերջապես կատարվեց վաչիանցիների երազանքը` գյուղը ունեցավ մանկապարտեզ: Մանկապարտեզը կառուցվել է ծնունդով վաչիանցի, մոսկվայաբնակ բարերար` Լյովա Մանուկյանի բարեգործությամբ:
![](http://s02.flagcounter.com/count/FDD/bg=FFFFFF/txt=000000/border=cccccc/columns=1/maxflags=4/viewers=Readers/labels=1/)
![](http://www.circle.am/service/?sid=1282&bid=72)
Լյովա Մանուկյանը ծնողների Վազգենի եւ Հայկանուշի միջնեկ որդին է: Հայրական օջախը հավերժ պահելու նպատակով հոր մահից հետո, նա որոշում է հայրական տունը դարձնել մանկապարտեզ: Մանկապարտեզի բացմանը ներկա էին շրջանի ղեկավարությունը, քաղաքի մանկապարտեզների տնօրենները, Վաչիանի հասարակությունը, մանկապարտեզի սաները, ծնողները եւ այլք: Նորաբաց մանկապարտեզին Ախալքալաքի մունիցիպալիտետի ղեկավարությունը նվիրեց համակարգիչ.
‹‹Ես շնորհավորում եմ նոր մանկապարտեզի կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում Լյովա Մանուկյանին գյուղում մանկապարտեզ կառուցելու համար: Մանուկյանը կառուցել է, մենք էլ այն ֆինանսավորելու ենք››-ասաց մունիցիպալիտետի ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը:
Միաժամանակ հույս հայտնեց, որ այն շարունակական բնույթ կկրի եւ մյուսներին եւս կվարակի ու նմանատիպ ծրագրեր կիրականացվեն մնացած գյուղերում:
Նորաբաց մանկապարտեզին իր օրհնությունը բերեց Ջավախքի ընդանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբկեն աբեղա Սալբիանը:
Վաչիան գյուղի նորակառույց մանկապարտեզը նախատեսված է մոտ 100 երեխայի համար : իր հարմարավետության շնորհիվ երեխաների ծնողները չափազանց ուրախ են մանկապարտեզի բացման համար:
‹‹Բոլոր ծնողների կողմից շնորհակալություն եմ հայտնում: Սա շատ կարեւոր իրադարձություն է մեզ համար: Մեծ առավելություն ունի մանկապարտեզ հաճախող երեխան: Երեխաները փոխվում են թե գիտելիքով, թե կուլտուրայով եւ ավելի պատրաստ կլինի դպրոց գնալու››-ասաց Վաչիան գյուղի բնակիչ Անահիտ Մովսիսյանը:
Մանկապարտեզն այսօր 17 աշխատատեղ է ապահովում : ֆինանսավորվում է Ախալքալաքի քաղաքապետարանի բյուջեից:
Շուշան Շիրինյան
http://akhaltskha.net/news/norakar'owyc_mankapartez_vachian_gyowghowm/2011-11-25-1044