Հայաստանյան «Սովռանո» ընկերության հիմնադիր Սոս Սահակյանը, որը ծնունդով Ջավախքից է, Ջավախքի զարգացման և հայապահպանության խնդրին մոտենում է գործարարի պրագմատիկ տեսանկյունից՝ հարկավոր են ներդրումներ, աշխատատեղեր, որոնք ջավախահային կկապեն իր հողին: «Կապիտալ» օրաթերթի հետ զրույցում նա ասել է՝ «Ջավախքի խնդիրներն այսպիսի լուծում են պահանջում, ոչ թե տրաֆարետային ու լոզունգային հայտարարություններ»: Հարցազրույցը ներկայացված է ստորև:
-Պարոն Սահակյան, Վրաստանի նախագահը Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը որակեց պատմական: Դուք ինչպե՞ս կգնահատեք այն:
-Այս այցով փակվեց երկար տարիներ քննարկվող այն թեման, թե ինչու Ամենայն Հայոց կաթողիկոսը չի այցելում Ջավախք: Հայոց հոգևոր առաջնորդի հանդիպումները Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդի, Վրաստանի նախագահի հետ, հայերին վաղուց հուզող խնդիրներին լուծում տալու՝ վերջիններիս հրապարակային հայտարարությունները խոսում են այն մասին, որ այցն իսկապես պատմական նշանակություն ուներ: Վերջապես, վերջին 100 տարում Հայոց կաթողիկոսներից ոչ ոք չէր եղել Ջավախքում, ինչն ինքնին պատմական իրադարձություն է:
-Կա ձևավորված կարծիք, որ Վրաստանում բիզնես միջավայրը բարենպաստ է, տնտեսավարումը` դյուրին: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:
-Քաջատեղյակ լինելով Վրաստանում վերջին տասը տարիների տնտեսական կյանքի անցուդարձին՝ կարող եմ նշել, որ հատկապես վերջին 5-6 տարիների ընթացքում օրենսդրական դաշտի, հարկային և մաքսային համակարգի դրական փոփոխությունները բարձրացրել են Վրաստանի գրավչությունն օտարերկրյա ներդրողների համար: Հատկապես մեծ ակտիվություն է նկատվում Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի և եվրոպական որոշ երկրների կողմից, իսկ վերջին 2-3 տարիների ընթացքում այդ ակտիվությունը փոխանցվեց նաև հայ գործարարներին:
-Կա՞ն արդյոք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններ, որոնցով Ջավախքում տնտեսավարման մթնոլորտը տարբերվում է Վրաստանի մյուս տարածքներից:
-Ջավախքում իսկապես տնտեսական զարգացման ակտիվությունը որոշ չափով հետ է մնում Թբիլիսիի, Բաթումի, Փոթիի տարածաշրջաններից, սակայն վերջին 2-3 տարիներին ակտիվ ճանապարհաշինության և գազաֆիկացման շնորհիվ Ջավախքում մեծացել են փոքր և միջին բիզնեսի զարգացման հնարավորությունները: Վրաստանի կառավարությունը և Սամցխե-Ջավախքի մարզպետարանը, կարևորելով այս երկրամասի տնտեսական զարգացումն ու սոցիալական վիճակի բարելավումը, խրախուսում են այս ուղղությամբ ցանկացած ակտիվություն:
Ապրիլին Թբիլիսիում Սամցխե-Ջավախքի մարզպետարանը հայաստանցի շուրջ քսան գործարարների հետ քննարկում էր կազմակերպել Ջավախքում ներդրումային ծրագրեր իրականացնելու շուրջ, որի համար պատրաստ է տրամադրել տարատեսակ աջակցություն և արտոնություններ: Այդ քննարկմանը մասնակցել եմ նաև ես և կարող եմ ասել, որ Վրաստանի իշխանություններն իսկապես շահագրգռված են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը զարգացնելու հարցում:
-Որքանո՞վ է Թբիլիսի-Ախալքալաք ավտոմայրուղին նպաստել գործարար ակտիվությանը Ջավախքում: Ի՞նչ սպասելիքներ ունեք կառուցվելիք «Հյուսիս-հարավ» մայրուղուց:
-Ինչպես Երևան-Բաթում ավտոմայրուղին, այնպես էլ Թբիլիսի-Ախալքալաք-Կարս ավտոմայրուղին և երկաթուղին Ջավախքը դարձնում են տարանցիկ կարևոր հանգույց: Ջավախքի վրայով կենտրոնասիական հանրապետությունները կկապվեն Թուրքիայի, այնուհետև՝ Եվրոպայի հետ: Մոտ ապագայում Հայաստանում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու գործարկումից հետո հարմար ճանապարհով նաև Իրանը կարող է կապվել Վրաստանի ու նրա նավահանգստային քաղաքների հետ: Բնական է, որ այս հնարավորություններից կօգտվի նաև Հայաստանը:
Այս հնարավորությունների ի հայտ գալը առաջին հերթին կառաջացնի Ջավախքում սպասարկման ոլորտի զարգացման անհրաժեշտություն։ Ախալքալաք, Երևան, Կարս, Թբիլիսի,Ախալցխա ավտոմայրուղիների մասով Վրաստանը նախատեսում է ենթակառուցվածքների զարգացում՝ հյուրանոցների, ավտոտեխսպասարկման և լիցքավորման կայանների, ռեստորանների, հասարակական սննդի օբյեկտների ստեղծում: Այս նպատակով վրացական իշխանությունները ներդրողներին անվճար հողհատկացում են կատարելու, ինչպես նաև նախագծային և շինարարական փաստաթղթերի տրամադրում:
-Ձեր թվարկած նախագծերն առնչվում են տարածաշրջանի տարանցիկ ներուժի զարգացմանը: Բայց արդյոք այս տարածաշրջանի տնտեսական արժեքը միայն նրա տարանցիկ լինե՞լն է:
-Իհարկե ոչ: Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը գյուղատնտեսության զարգացման մեծ հնարավորություններ ունի: Ախալքալաքի, Նինոծմինդայի և Ծալկայի շրջաններում, օրինակ, նախատեսված է գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկությունների ստեղծում: Նախատեսված է նաև ժամանակակից ոռոգման համակարգերի ստեղծում, ինչը մեծապես կնպաստի հացահատիկի և կարտոֆիլի արտադրության զարգացմանը, անասնապահության կերային բազայի ամրապնդմանը և դրա հիման վրա՝ տոհմային անասնաբուծության աճին, որն էլ իր հերթին կայուն հումքային բազա կհանդիսանա վերամշակող ձեռնարկությունների համար:
-Դուք նշեցիք Վրաստանի կառավարության ծրագրերի մասին: Իսկ ի՞նչ կասեք հայ և հատկապես ջավախահայ գործարարների` Ջավախքում բիզնես սկսելու մասին:
-Ուրախությամբ պետք է նշեմ, օրինակ, որ Գյումրիի գարեջրի գործարանի սեփականատերերը (ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյան-խմբ.) շուտով շահագործման կհանձնեն գարեջրի գործարանը Ախալքալաքում: Գործարարների մեկ այլ խումբ աշխատանքներ է կատարում այնտեղ հրուշակեղենի և պաղպաղակի արտադրություն հիմնելու ուղղությամբ: Ինքս ռուսաստանաբնակ մի քանի ընկերներիս հետ ծրագրում եմ առողջարանա-հյուրանոցային համալիր հիմնել այնտեղ: Այդ ուղղությամբ արդեն գործնական քննարկումների մեջ ենք տեղի իշխանությունների հետ:
Թբիլիսյան քննարկումից հետո ես հանդիպել եմ Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ, որը մանրամասնորեն ներկայացրեց Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը Սամցխե-Ջավախքում հայկական ներդրումների ակտիվացման գործում: «Հայկական» ասելով՝ նրանք նկատի ունեն ոչ միայն հայաստանցի, այլև ընդհանրապես ջավախահայ գործարարներին: Այսօր Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և այլ երկրներում ծագումով ջավախցի բազմաթիվ հաջողակ գործարարներ կան, որոնք մեծ նպաստ կարող են ունենալ իրենց հայրենի Ջավախքի զարգացման գործում: Բնական է՝ տնտեսության զարգացումը կբերի սոցիալական վիճակի բարելավման, այդպիսով կլուծվի նաև այս երկրամասի հայապահպանության խնդիրը: Դուք, լրատվամիջոցներդ, մեծ անելիք ունեք այս գործում և պետք է այս ուղերձը հասցնեք դրսի գործարար ջավախցիներին: Ջավախքի խնդիրներն այսպիսի լուծում են պահանջում, ոչ թե տրաֆարետային ու լոզունգային հայտարարություններ:
-Թուրքական և ադրբեջանական կապիտալը շատ ակտիվ է Վրաստանում ընդհանրապես և Ջավախքում՝ մասնավորապես: Ջավախքի հայ բնակչության համար դա ի՞նչ նշանակություն կարող է ունենալ:
-Ջավախքում ճանապարհաշինության և էներգետիկ ոլորտների այդ ներդրումներն իրականացվում են միջպետական պայմանավորվածությունների հիման վրա: Ես մտավախություն ունեմ, որ թուրքական և ադրբեջանական կապիտալի ակտիվ ներթափանցումը Ջավախք կարող է հանգեցնել ժողովրդագրական պատկերի փոփոխությունների՝ ի վնաս հայության: Ջավախահայ գործարարներին ես խորհուրդ կտայի ավելի մեծ նպաստ բերել Ջավախքի զարգացմանը:
Որքանով տեղյակ եմ, հայ գործարարները փոքր էլեկտրակայանների կառուցման նախագծեր են իրականացնում Ախալցխայի ենթաշրջանում: Նմանատիպ ծրագրեր կարելի է իրականացնել նաև Ախալքալաքի հատվածում:
Հայկական կապիտալը պետք է առավելագույն ակտիվություն ցուցաբերի Ջավախքում, որպեսզի հնարավոր լինի հակակշռել թուրք-ադրբեջանական տնտեսական էքսպանսիային:
-Վրաստանի կառավարությունը քանիցս հայտարարել է սևծովյան հանգստի գոտում նպաստավոր պայմանների մասին, այդ թվում՝ հայ գործարարների համար: Արդյոք հայ գործարարները նման ազդակներ ստանո՞ւմ են նաև Ջավախքի մասով:
-Քանի որ Հայաստանի բնակչության զգալի մասը ամռան ամիսներին ակտիվ հանգիստ է անցկացնում Վրաստանի սևծովյան հանգստավայրերում, իսկ ճանապարհը հիմնականում անցնում է Գյումրի-Ախալքալաք-Ախալցխա-Բաթում երթուղով, այս հատվածը նույնպես գրավիչ է դառնում սպասարկման ոլորտում ներդրումներ կատարելու իմաստով: Հայաստանի գործարարներն իրենց քայլերով պետք է օրինակ ծառայեն արտասահմանում ապրող և գործունեություն ծավալող ջավախցիներին, որպեսզի նրանք իրենց ծննդավայր-հայրենիքում ներդրումներ կատարեն: Այս նախաձեռնությունները կրկնակի օգուտ կբերեն՝ կկանխվի արտագաղթը, և արտագաղթածների մի մասն էլ կվերադառնա:
http://tert.am/am/news/2011/06/17/sos-sahakyan/