"Հաղթելու ենք..." (c)

Apr 21, 2011 03:08


Սա կապված է Եվրոխորհրդի` Վրաստանի մասին վերջերս ընդունած որոշման հետ:

12 ապրիլի - Զարուհի Փոստանջյանը ` ելույթ է ունեցել Վրաստանի կողմից պարտավորությունների կատարման զեկույցի քննարկման ժամանակ.





Հարգելի գործընկերներ,
Ներկայիս Վրաստանը բնիկ ժողովուրդներից կազմված, բազմազգ հանրապետություն է: Այդ տարածքի բնիկ ժողովուրդներից է նաև ջավախահայությունը, որը կազմում է Սամցխե-Ջավախքի նահանգի բնակչության շուրջ 60 տոկոսը, իսկ ամբողջ Վրաստանում բնակվում է շուրջ 250 հազար հայ:

Տասը տարի լինելով Եվրոպայի խորհրդի անդամ և չմիանալով «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիային»` Վրաստանի իշխանությունները այդ կերպ խուսափում են երկրում ապրող հայ բնակչության մի շարք իրավունքների իրացումից:

Լեզվական, կրթամշակութային և կրոնական խնդիրները, ինչպիսիք են Հայ Առաքելական եկեղեցու` որպես հանրային իրավունքի սուբյեկտի գրանցված չլինելը, մայրենի լեզվի հիմքի վրա բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության բացակայությունը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգում և կրթական, առողջապահական կամ այլ բնագավառներում աշխատող մասնագետներին վրացերենի չիմացության պատճառով աշխատանքից ազատելը և այլն, առավել մտահոգիչ են և հրատապ լուծում են պահանջում:

Վերոնշյալ խնդիրները հետևողականորեն բարձրաձայնող և Ջավախքի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար պայքարող գործիչներից Վահագն Չախալյանի դեմ վրացական իշխանությունները հետապնդումներ սկսեցին, այնուհետև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտմամբ 2008 թ. շինծու մեղադրանքներով նրան դատապարտեցին 10 տարվա ազատազրկման: Նրա բողոքը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Հանուն մարդու իրավունքների պաշտպանության և տարածաշրջանում կայունության հաստատման` այս բարձր ամբիոնից կոչ եմ անում ակտիվացնել ջանքերը Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ և իրականացնել ներքոթվարկվածները.

1. Անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին, դադարեցնել ջավախահայ հասարակական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումները:
2. Վավերացնել «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան»:
3. Տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ հայոց լեզվին հայերի համախումբ բնակության շրջաններում:
4. Իրավական կարգավիճակ տրամադրել Հայ առաքելական եկեղեցուն` վերադարձնելով նրան պատկանող սեփականությունը` հայկական եկեղեցիները և եկեղեցապատկան տարածքները:

freedom, europe, javakhk

Previous post Next post
Up