Թխած ձու

May 20, 2013 09:52

Քանի որ թխածն ու խորովածը շատ ավելի առողջ սնունդ են, քան տապակածը, ապա փորձում եմ գազօջախս ու այգում դրած գրիլս ավելի հաճախ օգտագործել, քան թավան:

Սկզբի համար, կարելի է սկսել հեշտ բաներից: Օրինակ՝ ձվից: Ձվածեղի փոխարեն ձուն կարելի է թխել: Չգիտեմ՝ անցյալ գրառման միջի նախաճաշի նկարից երևաց, թե չէ, բայց այնտեղ ձուն թխած էր ավոկադոյի մեջ:
Ավոկադոն՝ կորիզը հանելուց հետո, դառնում է ձվի համար շատ հարմար «ամանիկ»: Ամեն կեսի մեջ մի հատ ձու եթե ջարդենք ու դնենք գազօջախի մեջ մի տասը-տասնհինգ րոպեով, ապա համեմենք մեր նախընտրած համեմունքներով, կստանանք շատ առողջ ու կշտացնող նախաճաշ՝ առանց ավելացրած յուղերի ու տապակման: Ավոկադոն ինքն իրենով շատ յուղալի է ու սննդարար: Գուցե ճաշակի հարց է, բայց ամեն դեպքում թխված ավոկադոյի ու ձվի համադրությունն ինձ շատ-շատ համով է թվում:
Նույն կերպ կարելի է թխել սունկն ու ձուն: Մեծ շամպինիոնի միջի «ոտիկը» եթե հանենք, այն նույնպես հարմար ամանիկ է դառնում՝ մեջը ձու կոտրելու համար: Այնուամենայնիվ, եթե տեղը փոքր է, կարելի սովորական հավի ձվի փոխարեն լորի ձու օգտագործել, որն ի դեպ ավելի օգտակար է, քան հավկիթը:
Ըստ ճաշակի ու երևակայության՝ ձուն կարելի է թխել նաև այլ բանջարեղենների մեջ: Օրինակ՝ դդմիկի կամ սմբուկի մեջ: Էս երկուսը դեռ չեմ փորձել, բայց կարծում եմ՝ հատկապես դդմիկովը պիտի որ ինձ շատ դուր գա :)
Էլ ի՞նչ կարելի է օգտագործել: Հա՜... Պոմիդոր ու կարտոֆիլ :) Վերջին տարբերակով էլ՝ ուղղակի հաց կամ իսկական ամանիկ, որը չի այրվում գազօջախում:

Իսկ եթե մարդ այնուամենայնիվ նոր բաներ փորձելու հավես ու ցանկություն չունի, ապա միշտ էլ կարելի է ձուն ուղղակի խաշել: Դե բոլորս էլ գիտենք, որ խաշածն ու եփածն էլ ավելի առողջարար են, քան տապակածը :)

համով

Previous post Next post
Up