(no subject)

May 07, 2010 12:48

Օտարալեզու դպրոցների մասին բուռն, հաճախ ավելորդ էմոցիոնալ քննարկումների արանքում կորավ այն հիմնական հարցը, որի պատասխանը պետք է սպասենք նախարարությունից, այն է ՝ ո՞րն է վերջապես այդ դպրոցների բացման անհրաժեշտության հիմնավորումը։ Մինչև հիմա եղած պատասխանները հիմնավորում չեն, քանզի՝

1. Արդյո՞ք այն, որ ռուսական կրթությամբ մարդիկ էլ կարող են հայրենասեր լինել, փաստարկ է օտարալեզու դպրոց բացելու։ Նույն տրամաբանությամբ կարելի է ասել՝ եկեք փակենք ֆիզմաթ թեքումով դպրոցը, քանի որ այնտեղից երբեմն սրիկաներ են դուրս գալիս։

2. Արդյո՞ք ռուսական կրթություն ունեցողները գիտեն միայն ռուսերեն։ Եթե ոչ, ուրեմն անհիմն է նաև այն փաստարկը, թե օտարալեզու դպրոցները պետք են օտար լեզվի իմացության համար։ Փաստորեն ինչ-որ լեզվի տիրապետելու համար անհրաժեշտ չէ այդ լեզվով կրթություն ստանալ։ Ռուսական կրթություն ունեցողը կարող է իմանալ անգլերեն, հայկական կրթություն ունեցողը կարող է իմանալ ֆրանսերեն և այլն...

3. Այսօր ամենաքիչը 2 օտար լեզվի իմացություն է անհրաժեշտ "մրցունակ" լինելու համար, այսինքն ցանկացած դպրոցում 2-րդ, 3-րդ օտար լեզվի խորացված և որակյալ դասավանդումն անհրաժեշտություն է: Եթե նախարարությունը չի կարողանում դա կազմակերպել հայալեզու դպրոցում, ապա ինչո՞ւ դա պետք է ստացվի ռուսալեզու կամ իսպանալեզու դպրոցում։

4. Հասարակության որոշ հատվածի մոտ պահանջարկի առկայությունը նույնպես փաստարկ չէ, պահանջարկ կա նաև փողով բանակից ազատվելու, դա էլ ե՞նք բավարարելու օրենսդրորեն։
Up