folder-ի մեջից մինչև պատի թերթ

Jan 31, 2010 00:58

Հայոցի դասախոսս անցած տարի ասեց` մի հատ գործ տուր, համալսարանի պատի թերթի համար: Ասի` պատի թերթի համար հարմար գործ չունեմ, ասեց` դե լավ: Մյուս դասին նորից ասեց, որ պատի թերթի համար գործ տամ, ասի` պատի թերթի համար հարմար գործ չունեմ, ասեց` դու բե'ր, քո գործը չի: Էրկու գործ տարա։ Հաջորդ դասին էկավ ասեց` մեկը հեչ համալսարանի պատի թերթին կպցնելու բան չէր, էն մյուսը կկպցնեմ: Է ինձ ի՞նչ, ինձ ձեռ ա տալիս, որ իմ գործը տարածվի, թե չէ հավայի folderներիս մեջ մեռնում են, ոչ օդ են տեսնում, ոչ աչք: Մի օր էլ դասի գնացի, սովորականի պես ուշացած, հայոց լեզվի դասախոսս ասեց` գնա 4-րդ հարկով ֆռֆռա արի: Ինձ թվաց քննության գնահատակններս նայելու համար ա ասում, նոր էին կախել (մեզ մոտ քննությունից մի ամիս հետո են գնահատականները կախում), ասի` զահլա չունեմ, դասամիջոցին կնայեմ, ասեց` գնահատականների համար չի ասում, ասեց` գնա պատի թերթը նայի: Էդ որ ասեց փառասիրությունս ոտներիս մատներից հելավ ուղեղիս հասավ ու նորից իջավ ներքև, ասի՝ գնացի, ու հելա: 4-րդ հարկի միջանցքով ծերից ծեր քայլեցի ու տեսա՝ վարդագույն թղթի վրա, մեծ-մեծ տառերով գրած ա. «Հոգու արձագանք», մի 10 հատ բանաստեղծություն ու մեկ էլ իմ պատմվածքը, բայց անունս չկա: Բարձրացա վերև, ասեցի` տեսա, բայց անունս չկար: Ասեց` մի հատ գրիչ վերցրու, գնա, գրի: Հետո կանգնացրեց, ասեց` չէ, ես կտպեմ, կկպցնեմ: Տպեց, կպցրեց, հալալ ա դասախոսիս, ոսկի մարդ ա: Մի քանի օր հետո նախկին կուրսիս ավագին տեսա, սովորականի նման հենց ինձ տեսավ խնդաց ու ասեց` էդ ինչ էշություն ես գրել, սովորականի պես խնդացի, ես էլ ասեցի` էշություն ա, չէ՞: Շարունակեց խնդալ ու ասեց` հա, բա ինչ ա, տենց էշություն չէի կարդացել: Հետո 4-րդ հարկի միջանցքում կանգնած էի, տեսնեմ մի աղջիկ գնում ա պատի թերթի կողմը, մի քիչ հետո խնդում ա, ընկերուհիներին ա կանչում` էրեխեք, հըլը էս նայեք: Նայեցին ու սաղովի խնդացին, բայց մեկը խորացել էր, լուրջ-լուրջ կարդում էր «հոգուս արձագանքը»: Հետո դասախոսս ասում ա` գիտե՞ս, որ քո պատմվածքի համար ահագին կռիվ ա էղել, դասախոսներից մեկն ասել ա, որ վայել չի տենց պատմվածքի տակ Իշխանյան ազգանունը գրել: Քմծիծաղ տվի ու ճպցրի: էս էլ էդ պատմվածքը:

Մեռնելը հեշտ ա, ապրելն ա դժվար
2005թ.
Դրսերում երկար թափառելուց, ծանոթների ու մոտիկների հետ շփվելուց հետո որոշեց, որ արդեն տուն գնալու ժամանակն ա: Ու ինչպես միշտ, էդ ժամանակը շատ ուշ էկավ: Արդեն ժամը տասներկուսն անց քառասունհինգ էր` գիշերվա: Տանը խոսք էր տվել, որ տասին տուն կգա: Դե հիմա` միշտ էլ նույն պատմություններ: Տնից դուրս գալուց առաջ միշտ համոզված ա լինում, որ մի չորս ժամ դուրսը մնալուց հետո էլ անելու բան չի ունենա ու տուն կգնա, բայց դե ժամանակը կայֆ ա անցնում, ու չի կարողանում իրան զրկի մի քիչ քիչ անկապ ծիծաղելուց անկապ բաների վրա, որոնք հիմնականում երկար մազերով տղերքն են լինում կամ կարճ, համարյա անմազ աղջկերքը, դե հասկացաք ինչ նկատի ունեմ: Տասներկուսն անց քառասունհինգն էր, մտածեց. «Լավ տասնհինգ րոպեից կշաժվեմ, որ կլոր լինի»: Իսկ էդ տեղից մինչև տուն էլի տասնհինգ րոպեի ճանապարհ էր: Դե էդ րոպեներն էլ անցան վարկյանների նման. էլի էր ուզում մնար, բայց մի կերպ շարժվեց տուն: Երթուղային չէր կարա նստեր, որովհետև էդ ժամին դժվար գտներ, համ էլ լրիվ փողերը ծխախոտին էր տվել: Մի խոսքով շարժվում էր տուն: Մոտ հինգ հատ խաչմերուկ պետք ա անցներ մինչև տուն հասնելը:Չորսը արդեն բարեհաջող անցել էր: Մնում էր մեկը, էդ էլ անցներ, մի քսան մետր էլ քայլեր հասնում էր տուն, որտեղ իրան սպասում էր տան տաքությունը, տաք անկողինը, անհանգստացող ու տղի նկատմամբ մեկ անգամ ևս վստահությունը կորցրած մայրը: Հայրը չէր սպասում, հայրը միշտ շուտ էր քնում, հավես չուներ կնոջ լաց ու կոծները ու տղայի արդարացումները լսելու:
     Երբ արդեն անցնում էր հինգերորդ խաչմերուկը, սկսեց մտածել` ինչ պիտի ասի տանը. « Լավ, Է, ձենս կկտրեմ, կգնամ քնելու», ու էդ մտքերը գլխին մի մեքենա` մեծ արագությամբ, էկավ խփեց տղային ու նույն արագությամբ շարունակեց գնալ: Տղան վեր կացավ, թափ տվեց շորերը, տեսավ, որ արդեն ,մեքենան հեռու ա, մատը տնկեց ու գոռաց.
-    Կարո՞ղ ա մի հատ էլ վրայովս անցնեիր:
Դե ինչպես միշտ խեղճ, տղայի գալուն սպասելու պատճառով չքնած մայրը լսում ա տղայի ոտնաձայները, գնում դուռը բացում ու.
-    Ո՞ւր ես արա… Էս… Այ տղա՞, Էս քեզ ի՞նչ ա էղել: Մեռե±լ ես:
-    Ո՞նց, թե…
Ու չհասցրեց տղան վերջացնի խոսքը, երբ մոր գոռոցը, այնուհետև շշուկը լսելով աղջիկը վազելով մոտեցավ ( տղայի քույրը սիրում էր այն կադրերը, որտեղ եղբոր վրա ջղայնանում են).
-    Վա՜յ, ապերը մեռե՞լ ա: Վա՜յ, հա էլի մեռել ա: Ուխ. հիմա ինձ վրա ավելի շատ ուշադրություն կդարձնեն:
Տղան չէր հասկանում, թե ո՞նց կարելի էր էսպես անսպասելիորեն մեռնել: Դրա համար էր մոտեցել հայելուն ու ուշադիր զննում էր ինքն իրեն: Ամեն ինչը տեղում էր՝ աչք, քիթ, բերան, ականջ, ոտքեր, ձեռքեր, ամեն ինչը ինչ ունի չմեռած մարդը, բայց զգում էր, որ մի բան էր պակասում: Մարմինը չկար:
-    Մամ փաստորեն մեռել եմ, երևի դրա համար եմ ուշացել, - գտավ վերջապես իր արդարացումը:
Մայրը հավես չունենալով լսելու տղայի զառանցանքներըª ձայն է տալիս ամուսնուն.
-    Այ մարդ: Զարթնի’: Տղեդ նորություն ա բերել: Տղեդ մեռել ա:
-    Հա դե հիմա մեռել ա, մեռել ա, ի՞նչ անեմ, բոլորիս վերջն էլ էդ ա: Վաղը կխոսանք, հիմա թողեք քնեմ, - քնած մարդը ո՞նց ա բարբաջում քնած տեղը, այ հենց էդ ձևով էլ խոսեց տղի հայրը, շուռ էկավ մյուս կողմ ու շարունակեց քնելը:
-    Դե լավ ձագ ջան, գնա քնի, որ վաղը ծանր օր ա լինելու, - ասաց մայրը ու պատրաստվում էր գնալ, երբ տղան հարցրեց:
-    Մա՞, բայց մեռած մարդիկ քնո՞ւմ են:
-    Չգիտեմ: Ես կյանքում չեմ մեռել: Դու ես մեռել, դու էլ պիտի իմանաս, - պատասխանեց մայրը ու արդեն իրեն ոչինչ չէր խանգարի, որ գնար քներ:
-    Դու ի՞նչ ես ծիծաղում: Մեռած մարդ չես տեսե՞լ, - ջղայնացավ եղբայրը քրոջ վրա:
-    Հա հա հա, հա հա հա: Ապերը մեռել ա, ապերը մեռել ա: Այ չէի սպասում: Վաղը մեր դասարանցիներին ասելու եմ, քեզ խայտառակ եմ անելու դպրոցում, այ կտեսնես, - Էդպես դերասանորեն ծիծաղելով էս մեկն էլ գնաց քնելու:
Հերթը տղայինն էր: Տան մեջ մենակ ինքն էր արթուն: Խեղճը չգիտեր ինչ աներ: Անփորձ մեռել էր, նորեկ մեռել էր, հիմա չգիտեր, որ աչքերը փակի քնելո՞ւ ա, թե ոնց… Շատ բան ուներ մտածելու, բայց թողեց վաղվա: Կյանքում շատ բան էր վաղվա թողել, որը դառել էր վաղը չէ մյուս օրը, հետո երեք օր, չորս, հինգ ու տենց ել մոռացել էր:
     Վաղը էկավ: Տղայի համար առաջին մեռելային առավոտը: Գիշերը չէր քնել, ոչ թե նրա համար, որ մեռածները չեն քնում, այլ որովհետև նորից դուրս էր էկել ման գալու: Դրսում ոչ ոքի չէր հանդիպել, անցել էր մոտ չորս ժամ ինչ դրսում էր ու նորից տուն էր էկել ու հաց էր կերել: Առաջինը մայրը արթնացավ, որովհետև նա միշտ էր առաջինը արթնանում: Երկրորդը քույրը, բայց մնաց պառկած անկողնում մինչև հայրը զարթներ, դրանով ուզում էր ցույց տար, որ ինքը վերջինն է արթնանում, և թե ինչո՞ւ էր էդպես անում, նույնիսկ աստված չգիտի:
     Արդեն բոլորը արթուն էին: Քույրը նորից ձեռք էր առնում.
-    Ապեր, որ Էլվիս Փրեսլիին տեսնես, ինձ համար մի հատ ստորագրություն կուզես:
-    Ապերդ դժոխք ա գնում, Փրեսլիին դժվար տեսնի, - ինքը իր տափակ հումրից գոհ սկսեց ծիծաղել հայրը, - Հա հա հա:
-    Լավ, դե արդեն զզվցրիք: Տղես ա մեռել. փոխանակ պատրաստվեք թաղմանը, էշ-էշ դուրս եք տալիս, - Ջղայնացավ մայրը:
-    Հա ճիշտ ա, ես գնամ վեչեռնի շորս հագնեմ, էսօր տոն ա,- ասաց քույրը ու հետույքը շարժելով հեռացավ:
-    Ես էլ գնամ գործի, տեսնեմ, մեկ էլ տեսար շեֆը մեռած լինի, իրան ու տղիս իրար հետ կթաղենք, հա հա հա, - խոսեց հայրը ու շարժվեց:
-    Լավ մամ ջան, ես էլ գնամ Նար-դոս:
-    Նար-դոս ինչո՞ւ:
-    Դե դագաղի հետևից:
-    Հա, էղավ: Բա մենա՞կ ես գնում:
-    Չէ դե մեկին կզանգեմ կգնանք էլի:
Զանգեց ընկերոջը: Ընկերը տանը չէր: Զանգեց ձեռքի հեռախոսի վրա:
-    Ալո:
-    Փռչոտ ջան, բարև ապեր, կյաժոտն ա:
-    Հա՞ կյաժոտ ջան:
-    Ախպերս մի խնդրանք ունեմ:
-    Ասա թափով, րոպե չունեմ:
-    Ես եմ զանգել, րոպեից մի անհանգստացի:
-    Հա ճիշտ ա: Դե լավ ասա:
-    Ապեր արի մի հատ իջնենք Նար-դոս:
-    Ի՞նչ կա որ:
-    Դագաղ պիտի առնեմ:
-    Ցավակցում եմ:
-    Չարժի:
-    Ո՞վ ա մեռել:
-    Ես:
-    Դե լավ պատահում ա: հեսա գամ կյաժոտ ջան:
Ու երկու ընկերով ճամփա ընկան:
Տղան տեսավ մի ինչ-որ ցուցատախտակի գրած էր «ՍՔՈ ՍԵՐՎԻՍ»: Շուկա գնալուց միշտ աչքովն էր ընկնում էդ գիրը: Մենակ նրա համար, որ սգո ք-ով էր գրված: Դե հենց էդտեղ էլ մտան: Մոտեցավ դագաղ ծախողը.
-Ցավակցում եմ:
- Չարժի, - խոսեց տղան:
- Ո՞նց մեռար:
- Կարևոր չի: Ի՞նչ դագաղ կառաջարկես:
Դագաղ ծախողը չափեց տղայի բոլոր մասերը, ոնց որ Չապլինն էր կինոյում չափում կնկա բոլոր մասերը:
-    Դե ախպեր ջան կառաջարկեմ ձեզ այ էս դագաղը, - Ցույց տվածը մի շքեղ բան էր: Բայց տղային մի բան էր հետաքրքրում:
-    Մեջը ռադիատոր կա՞, - Իսկ հետաքրքրում էր դա նրան այն պատճառով, որ մեռել էր ցրտին, իսկական մեռնելու եղանակին ու չէր ուզում մնացած մեռած կյանքը ցրտի մեջ անցկացներ:
-    Դե ախպեր ջան քո ասածից չկա, բայց գազ ենք քաշել մեջը:
-    Լավ տուր:
Ու երկու ընկերով դագաղը շալակած գնում էին տուն: Ճանապարհին անցորդների ցավակցությանը տղան միայն չարժիով էր պատասխանում ու շարունակում քայլել.
-    Արա փռչոտ, բայց գիտե՞ս, մտածում եմ, արա լիքը բան կարայի անեի կյանքում: Լավ բան նկատի ունեմ: Ինձ համար էլ կարայի անեի, ընտանիքիս համար էլ, արա բայց մեռա հասկացա, թե ինչքան չվերջացրած գործեր ունեմ: Արա փոշմանում եմ, որ մեռած եմ: Արա ես պիտի շուտ տուն գնայի էլի: Արա տասնութ տարեկանում մեռա, լիքը բան չիմացա կյանքից, չիմացա ինչ ա ամուսնությունը, էրեխա ունենալը, չիմաց ա, ինչ ա նշանակում լինել քսան, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն տարեկան: Ծերությունից հա վախենում էի, բայց տո տենց էլ չիմացա ինչ ա էդ: Չիմացա ինչից էի էդքան վախենում, լավ չի չիմանալը, թե ինչից ես վախենում: Արա ախր…
-    Կյաժոտ յուղ ես վառում, - հորանջեց ընկերը:
-    Լավ, կմեռնես հետո կխոսանք:
Ամեն ինչ արդեն պատրաստ էր Տղային թաղելու համար: Տղան հագել էր իր մեռելի շորերը, պառկել դագաղի մեջ: Գալիս էին բարեկամներ, որոնց նույիսկ չէր էլ տեսել ամբողջ կյանքում տղան, գալիս էին մարդիկ, ծանոթներ, անծանոթներ ու ոնց հարկն է լացում էին տղի համար ու գնում: Հաջորդ օրը տղին թաղեցին: Յոթ օր հետո, յոթը նշեցին: Քառասուն օր հետո, քառասունքը: Մի տարի հետո, տարին: Ու օրերից մի օր էկավ մի նամակ. «Էլվիս Փրեսլիից, կյաժոտի քրոջը: Աղջիկ ջան, գնա գրողի ծոցը»:

Պատմվածք

Previous post Next post
Up