Jul 04, 2012 20:37
Ամեն գիշեր անկողնուս մեջ, քնելուց առաջ հեռախոսովս միացնում էի Սատիի Գիմնոպեդիե No. 1-ը, երկրորդ հարկից նայում էի պատուհանից դուրս, սպասում էի կառաուլի հերթափոխը զենքերը զնգզնգացնելով, բատինակները ասֆալտին դմփդմփացնելով ու իրար մեջ փսփսալով` անցնի պատուհանիս տակով, զուգահեռ մտածում էի օրվա ձեռքբերումների կամ կերածս քաքերի մասին, հետո նոր քնում էի: Արամ Պաչյանի «Ցտեսություն Ծիտ» վեպը հենց էդ գիշերների ապրումներս են, այսինքն, բանակի զգացական կողմը: Ամեն զինվոր օրվա մեջ տղամարդ ա խաղում` լուրջ, անվախ, անզգա, բայց ներսի մասը երբեք ցույց չի տալիս կողքիններին, որովհետև զգացական մասովդ բանակում չես կարող համբավ ձեռք բերել, թուլամորթ կլինես, քեզնից վախեցող չի լինի: Դրա համար օգնության ա գալիս գրականությունը, որ ներսիդ ունեցած վախերն ու ամոթները դուրս հանես:
Վեպում հերոսը զուգարանից սանր ա վերցնում, իսկ բանակում զուգարանն էն տեղն ա, որտեղ նույնիսկ, եթե մենակ ես մնում, վախ կա, որ քեզ հետևում են: Հերոսի սանր վերցնելը վկա ա ունենում, ուրեմն ամբողջ զորամասը շուտով կիմանա անարգվածի մասին: Էն անարգվածի ով իրա քաղաքացիական ընկերոջ մասին սիգար ծխելով ու ուրախանալով մտածում էր, որ շուտ մեռավ. «Որովհետև եթե չմեռնեիր ու բանակ գայիր, ինքնասպան էիր լինելու»: Մենք էլ մեր շրջապատի մարդկանց ենք բանակում պատկերացնում, բայց ոչ մի անգամ մեզ չենք պատկերացնում ու ոնց որ էս դեպքում, ընկերոջդ տեսնում ես ճնշված, զինվորների ստրուկ, աֆիցեռի տանձիկ, բայց երբեք մտքովդ չի անցնի, որ մի օր սանրը կընկնի ձեռքիցդ, կվերցնես ու կտեսնեն ու ստիպված կլինես նույնանալ Միկի Մաուսի հետ (վեպում զորամասի զուգարան մաքրողը, փչացվածության խորհրդանիշ), երբեք ապահովագրված չես բազմաթիվ զինվորներից մեկը դառնալուց: Չնայած վեպում հերոսը մի քանի կերպարանք է ընդունում, բայց այդպես էլ չի դառնում Միկի Մաուս, լավ է մեռնել քան նույնանալ Միկի Մաուսին, ու ծանր տառապանքներից հետո ինքնասպան է լինում: Երբ Միկի Մաուս չես, զուգարան մաքրելը մահին հավասար բան է:
Թերևս, բացի Միկի Մաուսից, մնացած կերպաները ոչ այնքան իրական են ու կարծես մուլտֆիլմի հերոսներ լինեն, ինչն ավելի է մոտեցնում բանակի իրականությանը, քանի որ բոլոր զինվոր-զինվորականների կերպարները պարտադրված են, իսկ Միկին այն աստիճան է իջած, որ կարիք չունի կերպարանափոխվելու ու դարձել է իրական: Ինչպես մեր զորամասի «լավերը» զորացրվելու օրը Գավոյին (զուգարան մաքրողին, որը քաղաքացիական էր) պաչում ու գրկախառնվում էին, այդպիսով դուրս գալիս իրենց պարտադրված խաղարկային կերպարից:
Այդ բոլոր կերպարներին միավորողը պոռնոն է: Պոռնո ֆիլմը և բանակի պոռնոն (պոռնո են կոչվում էն զորամասերը կամ ստորաբաժանումները ուր կարգուկանոնը, կարգապահությունը քիչ ա): Զինվորները հավաքվում են պոռնո նայելու, իսկ հերոսը պատմում է պոռնոյի մասին, ինչպես տարբեր զորամասերից լեգենդներ էին պատմում, թե ինչ պոռնո է տիրում այնտեղ, կամ ուստավ ստորաբաժանումների զինվորները նախանձով էին նայում պոռնո ստորաբաժանումներին, այնպես էլ զինվորները կլանված նայում են պոռնո, ցանկացած տիպի պոռնոն զինվորի սրտով է:
Պաչյանը ընթերցողին երևակայելու բազմաթիվ հնարավորություններ է տվել, այդպես էլ չբացահայտելով, արդյոք հերոսը մեռավ բանակում, թե զորացրվել էր, թե 28 տարեկան ինչ-որ զորացրված մեկը բանակային տարբեր սցենարներ է պատկերացնում, ոնց որ հիմա, հետադարձ հայացք գցելով ծառայածդ տարիներին, չես հասկանում` դու ես էղել, թե կինոյի մեջի տղան:
Բանակ,
գրականություն