ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ
Ամօթ, յաւիտենական ամօթ հայերին:
Կիսագազան սեւամորթ ստրուկը հիմնեց իւր անկախ Լիբերիա պետութիւնը, ու դարերով հալածուած ջհուդը փողի ուժով իրեն սեփականութիւն դարձուց Պաղեստինի երկու հինգերորդ մասը, իսկ անօգ հայերը
իրենց հարազատ դրախտ Հայաստանի մէջ մէկ թիզ անկախ խորշ չունին ...
Հարց. Ով պիտի ազատէ Հայաստանը օտարների ձեռքէն:
Պատ. Ինքը հայ ազգը պիտի ազատէ Հայաստանը օտարների ձեռքէն:
Հ. Ինչ հնարքներով:
Պ. Հնարքները զանազան են, նայելով հանգամանքներին-երբեմն սեպհական զէնքով, երբեմն փողով ու երբեմն օտարի օգնութեամբ:
Հ. Միթէ կարող է Հայաստանը երբեւիցէ հայերի սեպհականութիւնը դառնալ:
Պ. Այո, կարող է. անշուշտ կը դառնայ նա հայերի սեպհականութիւնը, եթէ բոլոր հայերը այր ու կին, հարուստ ու աղքատ, տէր ու պատանի այնպես բաղձան ու ձգտին Հայաստանի ազատութեան, ինչպէս քաղցածը ձգտում է հացին ու ծարաւածը ջրին:
Հ. Որ երկիրը կոչվում է Հայաստան:
Պ. Հայաստան կոչվում է այն երկիրը, որն շրջապատում է Սեւան, Վան եւ Ուրմիա ծովակները, իսկ ամէնը միասին Մասիս լեռները:
Հ. Ով է հայի թշնամին ու ով է նորա բարեկամը:
Պ. Հայի թշնամին նա է, որ աշխատում է հայերին հեռացնել Հայաստանէն ու սուտ արհաւիրքներով վհատեցնում է նոցա այդ ազգաշէն գործում:Իսկ նորա բարեկամը նա է, որ դիւրացնում է նոցա կամ իրենց աշխարհը վերադառնալու, կամ յորդորում է իւր աշխարհի մէջ հաստատուն մնալու:
Հ. Ով է իսկական հայը:
Պ. Իսկական հայը նա է, որ անկեղծ կըղձայ ու կը նպաստէ Հայաստանի անկախութեան: Մնացեալները ԱՌՄԵԱՇՔԱՆԵՐ են, այսինքն ոչ միայն անպիտան հայեր, այլ եւ անպիտան մարդիկ:
Հ. Որ աշխարհի մէջ հայը կարող է երջանիկ լինել:
Պ. Հայը երջանիկ լինել կարող է միայն Հայաստանի մէջ, վասն զի նա ամէն տեղ հալածուած ու արհամարուած պանդուխտ է, եւ միայն Հայաստանի մէջ նա պատուաւոր մարդ է մարդկութեան աչքում:
Հ. Հայերը Հայաստանէն դուրս որին են նմանում:
Պ. Հայերը Հայաստանէն դուրս նմանում են օտարի տուն վարձողի, որն աշխատում է զարդարել այն տան պատերը, որից վաղ կամ ուշ դուրս պիտի ձգէ նորան օրինաւոր տանուտէրը:
Հ. Ինչ վիճակի կը հանդիպին հայերը, եթէ Հայաստանը չազատեն:
Պ. Եթէ հայերը Հայաստանը չազատեն նոքա շատ շուտ (գուցէ յիսուն տարիէն) բնաջինջ կը լինին աշխարհի երեսէն:
Հ. Միթէ հարստութիւնը չօգնիլ հայերին պահպանուելու օտարութեան մէջ:
Պ. Օտարութեան մէջ աղքատութիւնը անշուշտ կը մաշէ հայերին, բայց աւելի շուտ կը մաշէ հարստութիւնը:
Հ. Ինչ զանազանութիւն կայ հպատակի ու ստրուկի մէջ: Հայերը օտար պետութիւնների հպատակ են, թէ ստրուկ:
Պ. Հպատակ նշանակում է իւր ազգային կառաւարութեան ու նորա օրէնքներին ակամայ, բռնի եւ կամ յիմարաբար հնազանդող: Հայերը ամէն օտար պետութիւնների ստրուկ են, քանզի նոցա օրէնքների յօրինելուն անմասն են եղել, եւ ամէն տեղ հայի դաւանած կրօնը ընկճուած է եւ նորա ազգային ծէսերը հալածուած ու արհամարհուած են:
Հ. Առանց վտանգի ինչ ազգասիրական գործեր կարող է կատարել ամէն մի հայ մարդ:
Պ. Իւր անձը վտանգի չենթարկելով ամէն հայ մարդ կարող է եւ պարտաւոր է այս գործերը կատարելու.
1. Հայաստանի մէջ ունենալ (այս ամենագլխաւորն է) մէծ կամ փոքր հողային կալուած,
2. հայ ոգով դաստիարակել զաւակացը,
3. սովորեցնել նոցա զէնքի գործածութիւնը,
4. չամուսնանալ օտարի հետ:
Հ. Որոնք են հայկական առաքինութիւնները:
Պ. Ամենագլխաւոր հայկական առաքինութիւնն է.
1. տնով-տեղով գաղթել դէպի Հայաստան,
2. իւր բոլոր ոյժը թափիլ յորդորել իւր ծանոթ հայերին չուել Հայաստան,
3. համոզել եւ օգնել ամէն մի հայի Հայաստանի մէջ սեպհական անշարժ կալուածք եւ հող գնելու,
4. ջանալ Հայաստանի մէջ արուէստական եւ հողագործական դպրոցներ հիմնելու:
Հ. Որոնք են հայկական մոլորութիւնները:
Պ. Ամենագլխաւոր ու ազգակործան հայկական մոլորութիւնն է.
1. աշխարհաքաղաքացիութիւնն,
2. պանդխտութիւն,
3. անձնական շահի համար պէս-պէս խարդախութիւններ, որով կոտրւում է հայ ազգի անունը,
4. շահասիրական ազգասիրութիւն (կեղծի ազգասիրութիւն),
5. հայ մեծաւորների դէմ ըմբոստութիւն (դաւաճանութիւն, մատնութիւն), ու
6. օտարի հետ ամուսնութիւն:
Հ. Ինչ խոսքեր հայոց լեզուէն դուրս պիտի ձգել:
Պ. Հայոց լեզուէն առմիշտ պէտք է դուրս ձգել վհատեցուցիչ, յուսահատական, ազգի վարկը ստորացնող, խորամանկութիւն (աչքակապութիւն) սերմանող խօսքերը, առածները, խրատները եւ խորհուրդները Հայը թակէ Վարդանին, թուրքը թակէ Վարդանին, որտեղ հայ, այնտեղ վայ, էլի հայութիւն արիր (այսինքն` դարձեալ ամենավատթար գործ գործեցիր), հայի տունը քանդողը մեր սեւագլուխներն են, հաստն ու բարակ մէկ գին է, վայ է բարակ մանողին, հայերը անմիաբան են:
Հ. Առաւօտ ու գիշեր ինչ աղօթք պիտի անէ հայը:
Պ. Հայը քնէն զարթնելիս, կամ քուն մտնելիս, միայն այս աղօթքը պիտի կարդայ Ով բարեգութն Աստուած, օգնէ ինձ Հայաստանը ազատելու: Դորանից աւել ոչ մի ուրիշ աղօթք հարկաւոր չէ հային:
Հ. Հայ պատանիների համալսարան մտնելը կը նպաստէ հայկական նպատակներին:
Պ. Այժմ հայ պատանիների համալսարան մտնելը վերաբերմամբ հայոց նպատակներին այն նշանակութիւնը ունի, ինչ նշանակութիւն որ կունենար աւազակը հենց վրադ յարձակուած րոպէին կամենայիր սուրի ու զէնքի գործարաններ շինելու: Այս մասին հայերը առ սակաւը հարիւր տարի ուշացել են: Միւս կողմանէ, 40-50 ամեայ փորձը ցույց տուաւ, որ համալսարանների տուած արդիւնքը հայ պատանիներին դոքա էին.
1. դիւրին միջոց ապահով ապրուստ ճարելու ու ասպարէզ շինելու, եւ
2. անզգալի կերպով սառչելու իւր ազգէն ու հոգով օտարանալու նորա շահերէն: Իսկ եթէ կան մի քանի իսկապէս արժանաւոր հայ համալսարանականներ, պետք է կարծել, որ նոքա առանց համալսարան մտնելու եւս ազգի պիտանի անդամները կը լինէին, ինչպէս որ կան ազգի մէջ շատ նշանաւոր մարդիկ, որոնք երբէք համալսարան եղած չեն: Պէտք է ի նկատի ունենալ եւ այն հանգամանքը, որ այժմուայ համալսարանները եւ նոյն իսկ գիտութիւնը դարձել են μռնակալների ձեռքումը ազգէր ստրկացնելու հզօր գործիք:
Հ. Գալոց ազատուած Հայաստանի մէջ ազնուականութիւն, ժառանգական տիտղոսներ, մեծամեծ հողային կալուածատիրութիւն պիտի լինին թէ ոչ:
Պ. Այո, պիտի լինին ժառանգական տիտղոսներ, մեծամեծ հողային կալուածատիրութիւն պիտի ստանան նոքա կամ նոցա ժառանգները, որոնք առաջինը կը բարձրացնեն սուրը Հայաստանի ազատութեան համար ու կամ կը (զրկուին) կեանքներէն արեան դաշտի մէջ: Այսպիսիք (ու միայն այսպիսիք) կը կազմեն Հայաստանի բարձրագոյն ու ամենահարուստ (հողային կալուածներով) դասակարգը:
Հ. Որն է հայի նշանաբանը:
Պ. Հայի նշանաբանը այս երեք բառն է ազատութիւն կամ մահ:
Հ. Հայաստանը կարժէ այդքան մեծամեծ զոհերի:
Պ. Այո, Հայաստանը կարժէ ամենամեծ զոհերի, վասն զի նորա մէջ կեցողի կեանքի տեւողութիւնը միջին թուով է 75 տարի, Հայաստանի հողը մշակողին տալիս է մեկ ցանած սերմնահատի փոխարէն 45-60 սերմնահատ: Հայաստանի մէջ վազած աղբիւրների կէսը հանքային բժշկարար ջրեր ունին, Հայաստանի դիրքը միջաշխարհային է, այսինքն Ասիայի ու Եւրոպայի սահմանագլուխներում Հայաստանի ժողովուրդն եթէ չը լինի ազգերի մէջ ամենահզօրը, գեթ նա կը լինի ամենահարուստը ու ամենաբախտաւորը: Հայաստանը հարուստ է եւ կենդանիներով, եւ բոյսերով, եւ հանքերով:
Հ. Ինչ պատճառով Հայոց անկախութիւնը չորս անգամ կորաւ:
Պ. Հայերի անկախութեան չորս անգամ կորչելու պատճառները մի եւ նոյնն էին. նախ Հայաստանի հողը պատկանում էր 3-400 մեծամեծների (նախարարների) եւ ոչ թէ իւր միլիոնաւոր ժողովրդին, եւ երկրորդ հայերի խելքը չի կտրեց ազգային դրական օրէնքներ յօրինելու: Հայոց ազգը չունէր ոչ սեպհական հող եւ ոչ օրենք: Նորա դրացի տէրութիւններին շատ դիւրին էր ընկճել մի ազգ, որ զրկուած էր եւ իրավունքէ, եւ սեպհականութիւնէ, իսկ հայ ազգի համար օտարների լուծը ոչինչով աւելի ծանր ու դառն չէր, քան թէ համազգի նախարարների լուծը:
Հ. Որը աւելի արեան եւ փողի զոհ է պահանջում հայերից - թշնամու հետ պատերազմը, թե այժմուայ խաղաղ ստրկական վիճակը:
Պ. Այն ստոր, արտասւելի, անգոսնելի վիճակը, ուր կան այժմ հայերը, աւելի արեան եւ փողի (նիւթական) զոհ է պահանջում հայերից, քան թէ դէմ առ դէմ պատերազմը սինլքոր թաթարների, քիւրտերի ու չէրքեզների հետ, տարին ու տարենական հազարաւոր հայեր են մորթւում եւ միլիոնների փող եւ ապրանք են կողոպտւում, յափշտակւում, գողացւում, փչացւում անպաշտպան, փոքրոգի հայերից:
Հ. Ով պիտի բարձրացնէ ազատութեան դրօշակը եւ սուրը:
Պ. Դրօշակը պիտի μարձրացնէ հայ վարդապէտը, իսկ սուրը բոլոր հայ պատանեկութիւնը, երիտասարդութիւնը եւ տղամարդիկ, 16 տարեկանից բռնած մինչեւ 45 տարեկանը:
Հ. Ինչ փողով ձեռք պիտի բերուին զէնք, պարէն, զգեստ ու այլ ռազմամթերք:
Պ. Կանխիկ վաճառուած Հայաստանի մէջի μոլոր անշարժ կալուածքի գնոյ փողով, այն կալուածքի, որ այժմ ապօրինի կերպով տիրապետել են μարμարոս օտարազգիք: Իսկ ով կը հրաժարուի կանխիկ վճարելու Հայաստանի գինը, նա առ միշտ զրկուած կլինի Հայաստանցի-հայ (այսինքն` ազատ հայ) կոչումէ:
Հ. Ով պիտի ընտրուի Հայաստանի կառավարիչը:
Պ. Հայաստանի կառավարիչը կընտրուի նա, որին զինաւորեալ հայ գունդը կը ճանաչէ ամենախոհեմը, ամենաքաջը ու ամենաազնիւը:
Հ. Ինչ է նշանակում յաղթիլ եւ ինչ յաղթուիլ:
Պ. Յաղթիլ նշանակում է թշնամիի առջեւ անվախ գնալ եւ միննելէ չը սարսափիլ, յաղթուիլ նշանակում է պատերազմի դաշտումը սրտի մէջ երկիւղ տածել: Անվախը (քաջը) վախկոտին միշտ կը յաղթէ:
Հ. Հայի ազգային յատկանիշները որոնք պիտի լինին:
Պ. Հայի ազգային յատկանիշները պիտի լինին հայոց լեզուն եւ Հայաստանը ազատուած տեսնելու փափագը:
Հ. Որն է հայ ազգի կրօնը:
Պ. Հայի ազգային կրօնն է հաստատուն հաւատը, որ Հայաստանը պիտի ազատուի օտարի լծէն: Ով այս բանին հաւատում է, նա է ուղղափառ հայադաւանը:
Հ. Ապա ինչ են նշանակում Լուսաւորչադաւան, պապական կամ կաթոլիկ ու լիւթերական կոչումները:
Պ. Դոքա մարդկային կրքերի եւ կոշտ տգիտութեան ստեղծած ու այժմ հնացած գաղափարներ են, որոնք մեծապէս վնասեցին ու այժմ եւս վնասում են հայ ազգին:
Հ. Ճշմարիտ է, որ ասում են, թէ ազգը ստրկութենէ ազատելու համար մեծամեծ վտանգների պիտի ենթարկուել ու ահագին փող պիտի վատնել:
Պ. Այո, շատ ճիշտ է: Եթէ ազատողք երկու-երեք հոգի լինին` վտանգը շատ մեծ է ու կորուստը անխուսափելի, զոհերն էլ մարդկային ուժէն վեր, բայց եթէ ամբողջ ազգը մասնակցէ` այն ժամանակ եւ վտանգը եւ զոհողութիւնը այն աստիճան կթեթեւանան, որ ամէն մի անհատին գրեթէ անզգալի կերեւին:
Հ. Ով պիտի միաւորէ հայերին այդ մեծ գործի համար:
Պ. Ընդհանուր վտանգը մոտալուտ կորստին: Դորա համար ամեն մի հայի վրայ սուրբ պարտք կա միմեանց պատմելու, հասկացնելու, որ եթէ նոցա վաղօրոք չազատեն Հայաստանը օտար ազգերը բնաջինջ կանեն հայոց լեզուն եւ հայկական եկեղեցին, ու այնուհետեւ հայը ինքն ըստ ինքեան կանհետանայ աշխարհիս երեսէն: Այն ժամանակ ամէն գերդաստանի հայ կիմանայ, որ լաւ է նորա մի որդին ծառայէ իւր ազգին, քան թէ իւր ամբողջ ընտանիքը ոչնչանայ, ու լաւ է իւր հարստութեան մի փոքրիկ մասը ընծայուի իւր ազգի օգտին, քան թէ իւր բոլոր գանձը օտարի սեպհականութիւնը դառնայ:
Հ. Ինչ են նշանակում այն գեղեցիկ արտօնութիւնները, որն ժամանակից ժամանակ առատ ձեռքով շնորհում են օտար պետութիւնները հայոց ազգին:
Պ. Այն արտօնութիւնները, որ օտար պետութիւնները շնորհում են հայերին, նման են թակարդի մէջ դրած այն համով կերին, որով երեխայք բռնում են միամիտ թռչուններին: Այդպիսի արտօնութիւններով ամայացաւ Հայաստանը իւր բնիկ ժողովրդէն ու պարզամիտ հայերը հասան այս օրուայ ցաւալի թշուառ վիճակին:
Հ. Հայերի ոտքի ելնելը μռնութեան դեմ իրաւացի գործ է, թէ ապօրինի:
Պ. Հայերի ոտքի ելնելը Հայաստանի ազատութեան համար իրաւացի գործ է թէ քրիստոնեական եւ թէ քաղաքական օրինաց կողմանէ, ու աշխարհիս երեսի ամէն լուսաւորեալ ու ազնիւ մարդոց գովասանքը կշարժէ:
Հ. Ուրեմն, հայերը իրաւունք ունին զէնքի զօրութիւնով ազատել իրենց հայրենիքը:
Պ. Հայերը Հայաստանը զէնքի զօրութիւնով ազատելու համար ոչ միայն ունեն իրաւունք, այլ եւ ամեն մի հայի վրա սուրբ պարտք կա այդ սխրալի գործը կատարելու, ինչպէս որ ամէն հարազատ որդի լիակատար իրաւունք ունի իւր հօր ու նախնիների ժառանգութիւնը ստանալու եւ մեծ յանցանք է իւր որդւոց ու յետնորդների առջեւ, եթէ նա այդ ժառանգութիւնեն հրաժարուի, կամ կամա, կամ յիմարութեամբ ու կամ փոքրոգիութեամբ:
Հ. Ուր կերթան հոգիները այն մարդոց, որոնք կմեռնին ճակատի մէջ:
Պ. Աւետարանի խօսքերի հիմանց վրայ, ճակատի (ազգային պատերազմի) մէջ մեռնողի հոգին, ի շարս սրբշոց, անշուշտ կերթայ երկնից արքայութիւն, վասն զի այդպիսին կեանքէն զրկուել է ի սէր եւ ի պաշտպանութիւն իւր նեղեալ մերձաւորներին: Նորա անունը կլինի նահատակ եւ նորա յիշատակը սուրբ եկեղեցին կտօնէ մինչեւ աշխարհի կատարածը:
Հ. Հրացանի ամէն գնդակը դիպչում է ու ամէն խոցուածը մեռնում է:
Պ. Վիճակագրական ամենաճիշտ հաշիւներէն երեւում է, որ հրացանի տասը հազար գնդակէն մինն է դիպչում մարդուս եւ 38 խոցուածներէն մինն է միայն մեռնում:
Հ. Պատերազմի դաշտում խոցուած հոգեվարը չի տանջւում:
Պ. Ամենափորձառու բժիշկները հաստատում են, որ կակուղ անկողնի մէջ մեռնելը հազարապատիկ աւելի դժուար է, քան թէ պատերազմի դաշտում, իսկ զէնքի պատճառած մահը մահերի մէջ ամենաթեթեւն է:
Հ. Հնար կա պատերազմի դաշտում մահից ազատուելու:
Պ. Այո կա, ու մի հատիկ հնար է այդ: Եթէ չէս ուզում թշնամին քեզ սպանէ` դու ինքդ շտապէ նորան սպանելու: Ուր վտանգը շատ մեծ է ու անխուսափելի համարձակ վազէ նորա առջեւ, եւ վստահ եղիր, որ վտանգը ինքը կփախչի քեզանից: Այս փորձուած երեւոյթ է: Թշնամիի առջեւ փախչելը երկու վատ հետեւանք ունի. մեկ - որ փախչողը անպատճառ կը սպանուի եւ երկրորդ - դա ակներեւ կորստի կը մատնէ իւր հաւատարիմ զինակից ընկերին:
Հ. Հայերը երբ ոտքի պիտի բարձրանան:
Պ. Երբոր մեծամեծ ազգերի մեջ սկսուի կենաց ու մահուան պատերազմը:
Հ. Իսկ մինչեւ այն ժամանակ ինչ պիտի անեն հայերը:
Պ. Այս Վարդապետարանը իմաստասիրեն ու նորա բովանդակութիւնը սրբութեամբ կատարեն:
Հ. Հայի կալուածական հարստութիւնը օտար աշխարհի մէջ ինչ է:
Պ. Հայի կալուածական հարստութիւնը օտար աշխարհի մէջ ստրկի աներեւոյթ, բայց ամենապինդ շղթան է, որով կաշկանդուած են նորա ձեռքերը եւ ոտքերը:
Հ. Ինչ են այն պատուանունները, տիտղոսները, աստիճանները, պատուանշանները ու վկայաթղթերը, որ ունեն հայերը օտար պետութեանց մէջ:
Պ. Այն պատուանունները, տիտղոսները, աստիճանները, պատուանշանները ու վկայաթղթերը, որ ստացել են հայերը օտար պետութիւններէ ստրկութեան գլխագիրներ են ի տրիտուր իրենց կորցրած ազատութեան ու հայրենիքէն ուրացութեան:
Հ. Երբ օտարազգիք կդադարին, ինչպես որ այժմ, արհամարհիլ, ատիլ ու հալածիլ հայերին եւ երբ կսկսեն, հակառակ դորա, յարգիլ նոցա:
Պ. Երբ հայերը ազատեն իրենց օտարի լծէն, բայց այդ չեղած նոքա մինչեւ իրենց բնաջինջ լինելը, կմնան արհամարհուած, ատուած, անուանարկ, հալածուած ու գարշելի արարածներ օտարի աչքում, աւելի ստոր, քան թէ ջհուդները, ցիգանները, փարիաները:
Ռափայէլ Պատկանեան
<<ՀԱՅՐԵՆԱՏԵՐԵՐ >>-ը շնորհակալություն են հայտնում <<ՀԱՅՐԵՆԻՔ>> ակումբին` ի դեմս Ավագ Հարությունյանին, անկրկնելի Նժդեհագետ Մուշեղ Լալայանին, այս բացառիկ հարցազրույցը հայությանը մատուցելու համար:
www.hayrenater.do.am