Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը եվ Գարեգին Նժդեհն եվս դեմ էր....

Jun 24, 2010 01:40


 Նժդեհն եվ դպրոցը



Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը  եվ Գարեգին Նժդեհն եվս դեմ էր  .....

Թող մտքով իրենց ընթերցողին յաճախ տեղափոխեն Երկիր, թող այցի տանեն նրան պատմական այն բոլոր վայրերին, որոնց հետ կապւած է հայ ժողովրդի հմայքն ու փառքը: Թող ուխտի տանեն նրան այն նւիրական գերեզմաններին` մեր մեծ մեռելների հողաթմբերին, որոնք աւելի դաստիարակիչ են, քան մեր այսօրւայ դպրոցը, բեմը, եկեղեցին:

Դաստիարակութիւնը կարող է մեզ տալ անհրաժեշտ յատկութիւն-
ներն այն ազգերի, որոնք չեն ուզում մեռնել:Այո, դաստիարակութիւնը, բայց ոչ այն, որն այսօր տրւում է մեր մատաղ սերնդին:Ամէն ինչից մի քիչ, առանց որեւէ գերիշխող գաղափարի:
Մի քիչ հայերէն, մի քիչ տեղական լեզու եւ սովորական առարկաներ - այդ է գաղութային դպրոցի տւածը:

Չկայ, պակասում է բոլորին - դպրոցին, մամուլին, գրողին - այն աստւածաշունչ զգացումը, որն իր մէջ խտացնում է մարդկային բոլոր բարձր յատկութիւնները:Չկայ բարձր հայրենասիրութիւնը, հայրենապաշտութիւնը չկայ...

Հայրենապաշտական դաստիարակութիւն - ահա մեր փրկութեան խարիսխը:Ահա  թէ ինչու հայրենասիրութեան, չէ, հայրենապաշտութեան - մարդկային առաքինութիւնների այդ աստւածային մօր - համար պէտք է ջահ բարձրացնել մեր հոգիների մէջ, մեր դպրոցներում, մեր ընտանեկան յարկի տակ, մեր գաղթականական վրանների տակ, ամէն տեղ, ուր կապրի,
կը շնչի հայ մարդը:Ահա թէ ինչու պէտք է երես դարձնել այն բոլոր վարդապետութիւններից, որոնք հաշտ չեն հայրենասիրութեան հետ:

Այն պիտի չլինի մեր դպրոցը, ինչ որ է այսօր:Շեշտւած նպատակը, ջերմութիւնը, հոգին է պակասում մեր արդի դպրոցին:Նա չէ, բայց պիտի լինի հայրենագիտութեան ամբիոն, տաճար:
Դեռ այնտեղ հայ մանուկը պիտ ճանաչի եւ սովորի սիրել հայրենի ժողովուրդն ու երկիրը:Նա է, որ հայ մանուկի հոգու մէջ պիտ քամի մեր պատմութեան բովանդակ գեղեցկութիւնն ու վեհութիւնը:

Կը գայ ժամանակ,- ասում է մեր դարի իմաստասէրներից մէկը,- որ ամէն բանից առաջ կը մտածեն դաստիարակութեան մասին:Մի մեծ քայլ անենք դէպի այդ ժամանակը: Ընդունենք, որ նա եկել է - այո, նա եկել է արդէն մեզ համար - եւ ամէն բանից առաջ մտածենք հայրենապաշտական փրկարար դաստիարակութեան մասին:Նման դաստիարակութեամբ պատրաստենք մեր ապահով ապագան:Եւ չմոռանանք, որ դպրոցն ու մամուլը փաստերից աւելի բարձր գաղափարներ պիտի տան: Չմոռանանք, որ նիւթապաշտութիւնը թոյն է մեզ նման փոքր ժողովրդի համար:Ասենք եւ մի այլ ճշմարտութիւն - ով հայրենապաշտ ու գաղափարապաշտ երիտասարդութիւն ունի, նա էլ ապագայ ունի:Փրկութիւնը սրա մէջ է կամ եւ ոչ մի բանի, չմոռանանք եւ այդ:

Եւ դպրոց, եւ եկեղեցի, եւ քաղաքական կուսակցութիւններ, եւ մամուլ, եւ ապակուսակցական կազմակերպութիւններ - բոլորը, բոլորը պիտ համակւին նոր մտայնութեամբ, պիտ կրկնեն նոր ճշմարտութիւններ, կրկնեն անվերջ, անդադրում, մինչեւ որ արիական ինքնապաշտպանութեան գաղափարը դառնայ ժողովրդական մտայնութիւն, ազնիւ կիրք, հոգեբանութիւն, մինչեւ որ հայութիւնը դառնայ ինքնապաշտպանունակ:

Մի ժողովուրդի գոյութեան արտաքին պայմանները հարազատօրէն կապւած են նրա ներքին հոգեկան դրութեան հետ: Ասել է` ամէն ժողովուրդ այնտեղ է, ուր նա հասել է իր բարոյական ոյժերի մղումով:Գիտակցելով այդ ամէնը` մեր կուսակցութիւնները, մեր Եկեղեցին, մեր դպրոցը, մամուլը պիտ հոգեփոխեն մեր ժողովուրդը:

Կ’ուզէի, որ դու, հայ երիտասարդ, որ դու իւրացնէիր ինքնաճանաչութիւնը` որպէս ոյժի, յաղթանակի եւ բարձր երջանկութեան ամենակարճ եւ ամենաստոյգճամբան: Ծանիր զքեզ:
Գիտցիր - ասում է դելփեան այդ պատգամը, գիտցիր, որ մարդս գաճաճ է իր ներքին հսկայի բաղդատմամբ:Ծանիր զքեզ:Կ’ուզէի, որ իմաստասիրական այդ հրամայականը քանդակւած լինէր
մեր դպրոցական շէնքերի ճակտին, ապա եւ մեր աշակերտութեան ուղեղի մեջ:

Աւելի ողբալի է, սակայն, հոգեբանական ցրուածութիւնը  յատկապէս հայ միջնակարգ դպրոցների չգոյութիւնը, որ նոր սերունդը մղում է անգլիախօսութեան եւ ամերիկեան մշակութային արժէքներով ապրելու.

Մանուկին յատուկ է ամէն ինչ ընդունել անքննադատաբար, մասնաւորապէս արտադպրոցական նիւթերը: Բաւական չէ, որ դաստիարակութիւնը ըստ ձեւի եւ մանկավարժօրէն նպատակայարմար լինի, պէտք է նախանձախնդիր լինել յատկապէս բովանդակութեան մասին, իսկ դաստիարակութեան բովանդակութիւնը - դա հոգեցեղային կարելիութիւններն են: Մեթոդն այն չափով արժէք ունի, ինչ չափով որ դա նպաստում է բովանդակութեան յայտնաբերման: Ամէն նիւթ մանկան գիտակցութեան համար ձեւաւորիչ ոյժ ունի:Այդ իսկ պատճառով, ամէն բանից առաջ անհրաժեշտ է նիւթերի ընտրութիւնը, իսկ ընտրողն ամէն բանից առաջ նկատի պիտի ունենայ մանուկի ցեղա-հոգեբանական յատկութիւնները: Նիւթը պիտի նպաստէ մանուկի զգացական խորութեան: Պէտք է խուսափել բոլոր տեսակի անբովանդակ նիւթերից, որոնք եթէ չեն քանդում, գէթ թուլացնում են մանուկի հոգեւոր կարողութիւնները:Մեր հետապնդած դաստիարակութիւնը նախ պիտի մշակէ հայ մանուկի ցեղաշունչ սիրտը, ինչ որ հասուն տարիքում դժուար է ստեղծել, եթէ չասենք անկարելի: Իսկ ցեղաշունչ սիրտ ստեղծելու գործում դաստիարակչական բոլոր ազդակներից - ընտանիք, հասարակութիւն, աւանդութիւններ, դպրոց - մայրն է ամենավճռական դեր խաղացողը:Այլ ժողովուրդների կեանքում ընտանիքը միայն լրացնում է դպրոցի գործը: Բայց ամերիկահայութիւնը ազգային դպրոցներ չունի, որով` ընտանիքը, որ առաւելապէս ասել է մայր` պիտի փոխարինէ եւ դպրոցը: Եւ այդ ընտանիք-դպրոցի նպատակը պիտի լինի ուժեղացնել հայ մանուկի հոգե-ցեղային դիմադրականութիւնը:
Իսկ այդ անելու համար` դա հրամայողաբար պիտի դառնայ հոգեկան եւ ցեղային առողջութեան աղբիւր:Մայրը տալիս է նիւթը - ցեղանիւթը, դաստիարակիչը` հոգին: Այս երկուսն են կռում, կոփում ցեղի ճակատագիրը` մանուկի միջոցաւ: Այս երկուսի միջոցաւ տարւում է նաեւ ցեղի գոյամարտի նախապատրաստութիւնը:

Դատապարտելի է ամէն մի դպրոց, եկեղեցի, կուսակցութիւն, որը արիադաւան եւ արի չէ դարձնում մարդը որպէս անհատ եւ հաւաքականութիւն:

Հապա մեր դպրոցը, որտեղից վաղուց են փախել ՙբազէ՚-ները. անդէմ, անարիւն, անցեղ հայ դպրոցը, ուր ուսանել կարող են բոլոր ազգերի մանուկները: Այդ հաստատութիւնը հայ աշակերտող սերունդին կարող է ամէն բան տալ, բացի հայրենիքէն, հայրենիք պաշտպանելու արիութենէն եւ հայրենիքի համար մեռնելու քաղցրութենէն:

Նորի մահացու թշնամիներն ու թունաւորիչները եղան ու կը մնան`անդրօշակ եկեղեցին, անցեղանորոգ դպրոցը, սեղմ ասած` այն ամէնը, որ հայ կեանքում գործում է իբրեւ կազմալուծումի ազդակ:

Այսօր, մասնաւորապէս, երեք բան զերծ պէտք է պահել ստահայրենասիրութեան պղծանքից - հայ խաչը, մանուկը, գիրը:Ազգերը չունեն աւելի ճակատագրական պաշտօնեաներ, քան իրենց
եկեղեցին, դպրոցը եւ մամուլը վարողները:

Ազգային նկարագրերի եւ ճակատագրերի տարբերութիւնը ենթադրում է վախճանաբանութիւնների տարբերութիւն: Գոյութիւն չունի եւ չի կարող ունենալ կրթական ընդհանուր իդէալ: Ամէն ժողովուրդ իր կրթական իդէալն ունի, որ բղխում է իր ոգուց եւ կարիքներից: Մեռեալ միակերպութիւն չի վերցնում դաստիարակութիւնը: Ժողովուրդներն
իրենց աշակերտող սերունդը պատրաստում են համաձայն իրենց հոգեբանութեան եւ կարիքների: Ազգային չէ  հումանիտարիստական կոչուած դաստիարակութիւնը: Հայրենատիրութեան հզօր կամքով օժտուած ցեղամարդը պիտի լինի անհայրենիք հայ դպրոցի իդէալը:Լուսաւորութիւնն առանց ազգային մեծ նուիրումի` անհատը դարձնում է յոռետես, եսական եւ ցեղօրէն անպէտք: Հայ դպրոցը չգիտէ, չգիտէ ամենէն էականը, որ հող թէ հոգի մշակելու եւ նրանց տիրելու համար նախապայման է նրանց խորապէս ճանաչելը: Ցեղաճանաչ են օրուայ մեր ուսուցիչները: Խօսքս բացառութիւնների մասին չէ:

ՀՀԿ, Արմեն Աշոտյան, Հայրենատեր, դպրոց, Գարեգին Նժդեհ

Previous post Next post
Up