Մի լուրջ հիվանդություն կա, կոչվում է ծուլություն կամ պատասխանատվություն վերցնելու անկարողություն` մի խոսքով աշխատանքի չկատարում: Եվ դրա համար էլ մարդիկ գտնում են տարբեր պատճառներ: Արցախում մի հիանալի պատճառ կա` մենք չճանաչված ենք: Այս պատտճառն արդեն դարձել է շաբլոն, ով ասես, ինչի համար ասես օգտագործում է. "դե մենք չճանաչված ենք": Սա կրում է համատարած բնույթ, վերածվում է սինդրոմի:
Առաջին անագամ, երբ մտա ԱրՊՀ գրադարան, հայերեն քաղաքագիտության կատալոգը սկսեցի նայել: Բացի 1-2 փոքրիկ գրքույկից, մնացածը բաժանվում էին 2 ստվար մասի` ՍՄԿԿ պատմության և ՍՄԿԿ բյուրոյի անդամների կենսագրության: Եվ դա 2009թ.: Երբ ռեկտորին ասեցի այս ողբերգական վիճակի մասին, պատասխանեց. " Դե մենք չճանաչված պետություն ենք": Ռեկտորը բողոքեց, որ Արցախի հետ շատերը չեն համագործակցում, միջազգային կապերը թույլ են: Սակայն նույն ռեկտորը ամեն կերպ խոչընդոտեց գերմանական DAAD-ի` Գերմանական ակադեմիական փոխանակության ծրագրի հայաստանյան պատասխանատուներից պրոֆեսոր Մաթեաս Ֆրիցի հանդիպումներին Արցախում` ուղղված ծանոթանալու գերմանախոսության մակարդակին և գերմաներենի մշակութային ու կրթական կենտրոն բացելուն, ինչն արդեն արվել է Գյումրիի, Վանաձորի և Գավառի ԲՈՒՀ-երում: (Մի զարմացե'ք, համալսարանի դասախոսներն առանց ռեկտորի թույլտվության իրավունք չունեն հանդիպելու արտասահմանցիների հետ` հատկապես զրուցելու նրանց հետ. դե մենք չճանաչված պետություն ենք):
Երեկ Արցախում ավարտվեց "Բարքեմփ-Արցախ" 2010-ը և news.am-ի լրագրողուհին հարցազրույց էր վերցրել Արցախի Հանրապետության Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանից: Վերջինս նշել էր, թե Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու համար Ղարաբաղում բարելավվել է ինտերնետ-կապը, համակարգչայնացվում են դպրոցները, ՏՏ ոլորտում ներդրումներ կատարողներին արտոնյալ պայմաններ են տրամադրվում եւ այլն։ Սակայն Ղարաբաղի՝ որպես պետություն չճանաչված լինելը որոշ խոչընդոտներ է հարուցում:
«Ղարաբաղը դեռեւս չճանաչված հանրապետություն է, ինչի պատճառով մի շարք միջազգային բանկեր մեզ վարկեր չեն տրամադրում: Օրինակ` Հայաստանում տարբեր ծրագրեր են իրականացվում, թեկուզ` «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, սակայն Ղարաբաղը որպես չճանաչված երկիր կանգնում է շատ խնդիրների առաջ եւ չի կարողանում օգտվել նմանատիպ ծրագրերից. միջազգային բանկերը վարկեր չեն տրամադրում, իսկ ճանաչված ընկերությունները ծրագրեր չեն իրականացնում այստեղ»,-ասել էր նախարարը:
Ճիշտն ասաց, «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը որևէ կապ չունի միջազգային վարկավորման հետ: Ես եղել եմ ու կամ Արցախում այս ծրագրի ներդնման ամենամեծ ջատագովը, անձամբ եմ հանդիպել ու պայմանների մասին խոսացել ծրագրի հայաստանյան նախաձեռնողներից "Ձեռնարկությունների ինկուբատոր" հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանի հետ, վստահեցնում եմ, Արցախում ծրագրի ներդնման համար ընդամենը ցանկություն է պետք, այն չի առընչվում ֆինանսական խնդիրների հետ, առավել ևս` միջազգային վարկերի ներգրավման:
Ինչ վերաբերվում է ճանաչված ընկերությունների ծրագրեր չիրականացնելուն, ապա սա ևս որևէ կապ չունի չճանաչվածության հետ: Քանզի Թայվանը նույնպես չճանաչված պետություն է, սակայն ոլորտի համաշխարհային առաջատարերից մեկն է: Որպեսզի ճանաչված ընկերություններն աշխատեն Արցախում, նախ և առաջ պետք է տվյալ ոլորտում կրթությունը լինի բարձ մակարդակի, մասնագետներ պետք է պատրաստվեն: Այնինչ Արցախում այդ ոլորտ տարեկան դիմում է ընդամենը 14-15 հոգի, որոնք էլ բավականին ցածր մակարդակի կրթություն են ստանում և լավագույն դեպքում աշխատանք գտնում` որպես համակարգչային օպերատոր: Միայն լուրջ մասնագետների ներգրավմամբ, նրանց նախաձեռնությունները ողջունելով կարելի է հասնել արդյունքի` համագործակցել ոլորտի առաջատարերի հետ, արտադրել արտահանվող ՏՏ արտադրանք:
Որպեսզի Արցախում ՏՏ-ն զարգանա, նախ պետք է ինտերնետ ունենալ, նորմալ ինտերնետ, հասանելի երկրի ամբողջ տարածքում և մատչելի, ոչ թե 1 մգբթ-ի դիմաց ամսեկան 350 հազար դրամ վարձով, ինչը անտրամաբանական, խելագար գին է: Կարևոր մի բան ևս` նախարարի նշած համակարգչայնացված դպրոցներում, ինչպես նաև ԲՈւՀ-երում պետք է, որ այդ համակարգիչները կահույքի, լավագույն դեպքում գրամեքենայի ստատուսից անցում կատարեն համակարգչի կարգավիճակի:
Մի խոսքով, սիրելի' տիկին նախարար, չճանաչվածությունն այստեղ որևէ կապ չունի: Ցանկություն է պետք... աշխատելու ցանկություն...