(no subject)

Oct 21, 2018 16:40

Երևանը սիրում ենք, նույնիսկ նրանք ովքեր ավելի շատ գյուղը կամ բնությունը, հանգիստ սարերը ու անտառները նախընտրում են մեծ քաղաքի փոշուն ու աղմուկին, էլի սիրում են Երևանը։
Որպես մայրաքաղաք, որպես մի վայր որտեղ կան բոլորը․ և արարատցիք, լոռեցիք, վանեցիք, վրացահայերը, և ղարաբաղցիք, հայրենադարձերը, ու մարդիկ, որոնք հաճույքով մոռացել են թե պապերը որտեղից են, որ ասեն, թե բնիկ երևանցի են։

Սիրում ենք մեր պատկերացրած սիմվոլի համար, մի առասպելի, որը պետք է որ լինի, ու որը ստեղծել ենք։
Դե ստեղծել ենք, ուրեմն կա, իրական է։
Քաղաքը իհարկե առաջին հերթին մարդիկ են, ոչ թե քարերը։

Բայց մարդիկ ձևավորվում են միջավայրի մեջ։ Երբ ռուս գավառական չինովնիկը ընգնում է Կրեմլ, կայսրության փոշին ընգնում է ականջներից աճող ուսադիրներին ու ինքը միանգամից հասկանում է, թե ինքը ում ժառանգն է և ինչպես պիտի իրեն պահի ու գործի։

Իհարկե, ոչ իդեալական կերպար է դառնում, բայց իդեալը հասկանում է միանգամից։
Այդ իսկ պատճառով Գյումրիի կամ Գորիսի բնակիչների սեփական տները ու վարքը հստակ կապված են իրենց քաղաքի ոգուն ու միջավայրին։

Մեր Երևանը լավն է, իր հմայքով։
Բայց չի կրում այն առասպելը, որը մեզ պետք է։
Խորհրդային վերածննդի, նախկին արդյունաբերության, հավաքական կաթսայի ու միաժամանակ սովետական կոսմոպոլիտ նմանակման խորհրդանիշ է, իսկ ազգային պետության արմատական սիմվոլ չէ։ Չէր էլ կարող լինել, պատմականորեն այդպիսին չի կառուցվել։

Մեր գյուղից եկած նորահարուստը Երևանի կենտրոնում սեփական տուն է կառուցում, այգիով ու լավ է որ ոչ հավաբնով, պոմիդոր֊վարունգի մարգերով, որ հոգեհարազատ գյուղը ծիրանով֊խաղողով տեղափոխի քաղաք, ոչ թե դառնա քաղաքացի, ու Մանումենտի այգու երկայնքով չինական մեծ պարիսպ է կառուցում, որ առանձնանա ատելի ռամիկ֊համաքաղաքացիներից, որոնց հետ չի ուզում առնչվել։ Այդ շքեղ տների պերճանքը բոլորի համար չի, պատերի հետևում է, ու մերձավոր, նեղ վերնախավի մեջ իր դիրքը ցուցադրելու համար է, միայն իրենց կարծիքն է կարևոր, քաղաքը կամ համաքաղաքացիները չկան ու պետք չեն։ Այդ իսկ պատճառով միլիոնավոր դոլարների նորագույն կառուցապատումը ոչ թե գեղեցկացրեց քաղաքը, այլ այլանդակեց այն։

Որովհետև, մեր ընկալման մեջ Երևանը դեռ մայրաքաղաքների երկար շարքի մի կանգառն է, ու ոչ ամենափառահեղը ու նշանակալին, առանց դոմինանտ ու վերջնականը լինելու վճռականության, ագրեսիայի ու վստահության։ Երևանը ինքն իր մեջ է, չունի ներքին ուժ մարտահրավեր նետելու ոչ Լոսին, ոչ Մոսկվային, ոչ Թիֆլիսին, ոչ նույնիսկ Անիին, որին չի փորձում համեմատվել ու նմանակել։ Այդ իրողությունը զուգակցվում է տուրիստների սրճարանային հարմարավետ սերվիս կենտրոնի, ամառը արձակուրդ եկած հայերի հյուրանոց֊գովազդային կերպարով։

Երևանը առավելապես նախկին փայլի խորհրդանիշն է, անցյալի իրեղեն ապացույց, այն էլ կիսատ ու ներամփոփ։
Էլի, օբյելտիվորեն այդպես պիտի լիներ։ Չի եղել Երևանը այլ բան պատմության ընթացքում, Անի չի,Վան չի, Տիգրանակերտ չի, Թիֆլիս ու Պոլիս չի, նորագույն գոյության կոնտեքստն էլ մերժված Սովետականությունն է։ Կարար լիներ մայրաքաղաքը Ալեկսանդրապոլը, կամ Արտաշատը կամ Վաղարշապատը, ոչ պակաս հիմքերով։ Եղավ Երևանը, իսկ հիմքերի հարցը մնաց։

Ու մենք դա գիտենք, ու քանի որ գիտենք, ինքներս արդեն մտովի տալիս ենք ստորադաս կարգավիճակ նոր մայրաքաղաքին, քանի որ համարում ենք , որ ոչ մի քաղաք չի կարող համեմատվել առասպելի հետ, իբր անհնար գործ է։
Եվ հետևաբար չենք համարձակվում նոր համարժեք առասպել ստեղծել։
Բայց այդ առասպելը պետք է։ Ոչ սահմանափակ приблатненный «քաղաքի տղայի» բիդոնվիլների կամ Լոսի գետտոյի ֆիլիալի տեսքով, այլ ապագան ստեղծողի տեսքով։

Մենք այդ Երևանը դեռ չունենք, բայց ստեղծել պարտավոր ենք։ Կունենանք այդ մայրաքաղաքը՝ կունենանք նաև այդ մայրաքաղաքին համարժեք երկիրը։ Ի վերջո մայրաքաղաք կառուցել մենք գիտեինք, պետք է ուղակի հիշել, թե ինչպես ենք անում։ Ոչ թե փող աշխատելու վայր, ոչ թե սեփական յուղով տապակվելու, երկրի նահանգներից առանձնանալու ու մեկուսանալու համար, այլ գործառույթներ իրականացնելու, պետականաստեղծ մշակույթ ստեղծելու համար։

Քոչարյան֊Սարգսյան զույգը փորձեց քանդել հին Երևանը, ու կառուցել նորը, որ դառնան հարազատ խորթ քաղաքին։ Պարսկաստանը 33 մայրաքաղաք է ունեցել՝ նոր տիրակալը երկրի իր տելականի հաստատման համար նոր մայրաքաղաք էր հիմնադրում, որ նորովի շարունակի պետականության ճյուղը, կտրելով հին խանգարող ավանդությունը։ Պետրոս Մեծը ևս կառուցեց նոր մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգը ի հակակշիռ ավանդապաշտ Մոկվային, և այլ, և այլն։
Մեզ քանդել ու կտրել պետք չի, հակառակը պետք է վերգտնել կապը հնի հետ, տալով ապագան այդ հնի համար նոր մայրաքաղաքում։

Քաղաքի տերը պիտի լինի ոչ տուրիստը, ոչ ռեստորանները, ոչ մեծահարուստները։ Երևանը պիտի լինի խիստ կայսերական քաղաք, չոր կրակի պարտադրող իր ոճով, թող խոնավ կրակը մնա лубочный Թիֆլիսում։ Հայկական բարձրավանդակի ու հայության գլխավոր քաղաքը պիտի ունենա ավելցուկ հզորություն ու ձգողականություն, կամ չի դիմանա մրցակցությանը ու կդառնա մասնաճյուղի մասնաճյուղ։
Քաղաքը պիտի լինի հարմարավետ աշխատելու ու ապրելու համար, կրթվելու ու գիտությամբ զբաղվելու համար, քաղաքը պիտի չինական պատը կառուցի զվարճանքի ու փող աշխատելու ստորադաս վայրերի ու իր բնականոն գոյության միջև, լինելով բաց երկրին ու աշխարհին։ Եվ այդ միջավայրը, մակերևույթը ստեղծելու համար իհարկե, քաղաքաշինությունը վճռական դերն ունի։ Ինչպես մարդիկ են ազդում քաղաքի կառուցման վրա, այդպես էլ ապրելու, աշխատելու, կրթվելու ու զվարճանալու միջավայրն է ազդում երկրի քաղաքացիների ձևավորման վրա։

Հայք, Անդրանիկություն, Հայաստան, Հայկական հեթիաթ

Previous post
Up