Հարկային բարեփոխումների ծրագրի գլխավոր կետ արդարացիորեն հայտարարվել է եկամտային հարկը, որի նվազեցման տարբեր սցենարներ են քննարկվում: Սակայն, ի վերջո բոլոր հաշվարկները կատարվում են հարկային մուտքերի՝ պլանի կատարման և շահութահարկի և շահաբաժինների հարկման դրույքաչափի հետ ուղղակի ազդեցության հանգամանքը հաշվի առնելով:
Մտահոգություն կա, որ եկամտային հարկի դրույքաչափի նվազեցումը թույլ է տալու ձեռնարկություններին ավելացնել (բացահայտել) վճարվող աշխատավարձի գումարը, հետևաբար շահութահարկի հաշվարկման նպատակով ավելանալու են ծախսերը և հետևաբար, վտանգ կա, որ կնվազեն ոչ միայն եկամտային հարկի մուտքերը, այլև կնվազեն շահութահարկի մուտքերը:
Այս մտահոգությունն իմ կարծիքով մասամբ տեղին է:
Ի վերջո հարկային բարեփոխումը մեզանում ներկա փուլում դժվարանում է բարեփոխման կիսատության, անավարտության պատճառով, որովհետև մեկ հարկատեսակի փոփոխությունն առանց ամբողջական և համապարփակ լուծման մի կողմից չի ունենալու այն արդյունքը, որը ծրագրվում է, մյուս կողմից ունենալու է սահմանափակումներ և այս կամ այն ձևով պահպանելու է ստվերը: Մինչդեռ, իմ կարծիքով, վերջնական նպատակը պիտի լինի ստվերի վերացումը, ինչը թույլ կտա նվազ դրույքաչափերով ապահովել բյուջեի կատարումը պահպանելով սոցիալական բաղադրիչը:
Վատ կառավարվող, վատ վարձատրվող ապարատի պայմաններում, կոռուպցիոն ռիսկերը բարձր են, և հետևաբար բարդ համակարգերի ներդրումը և վերահսկումը դժվար է: Իդեալական լուծում կլիներ, իհարկե, համընդհանուր հայտարարագրման մեխանիզմի ներդրումը՝ եկամտահարկի սահուն և աճող սանդղակով, ինչը նաև թույլ կտար իրականացնել ճշգրիտ հասցեական սոցիալական քաղաքականություն: Սակայն եթե տեխնիկապես երկիրը և հարկային համակարգը այդ քայլին պատրաստ է, ապա վարչական և քաղաքական առումով որոշումը չի կայացվում:
Հարկային մարմինների մոտ կա մտահոգություն, որ եթե եկամտային հարկի դրույքաչափը այս կամ այն սցենարով 20 տոկոսից՝ շահութահարկի դրույքաչափից պակաս լինի, ապա բիզնեսը կնախըտնտի ավելացնել աշխատավարձերը, միգուցե նաև ստանանք ներկա իրավիճակի հակառակ պատկերը և չենք ունենա թաքցված աշխատողներ, այլ դեռ ավելցուկ մեռյալ հոգիներ, որոնց վրա դուրս կգրվի աշխատավարձ, ինչն ի վերջո նվազեցնելու է շահութահարկի և շահաբաժինների հարկման գումարները: Այս իսկ պատճառով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 9-ին լայվով ներկայցրած քննարկվող երկու տարբերակներում էլ. 23 տոկոս միասնական համահարթեցված դրույքաչափով և երկաստիճանի 20 տոկոս (մինչև 250 հազար ամսական եկամուտի դեպքում), և 25 տոկոս (250 հազար ամսական շեմը գերազանցող եկամտի համար) սանդղակով եկամտահարկի մոդելները նպատակ ունեն ստերիլացնել եկամտահարկի ազդեցությունը շահույթի վրա և պահպանել շահութահարկի մուտքերը:
Շրջանառության, արտոնագրային կամ հաստատագրված հարկով աշխատող ձեռնարկությունների համար նման խնդիր չի առաջանա, սակայն խոշոր ընկերությունների մասով նման մտահոգություն առկա է:
Վարչապետի բարձրաձայնած երկրորդ տարբերակին կարծես թե երկիրը դեռ պատրաստ չէ, իսկ առաջին՝ ունիվերսալ 23 տոկոս դրույքաչափով հարկումն այնուամենայնիվ շահութահարկի դրույքաչափից բարձր է և ցույց է տալիս հարկային մարմնի առաջնահերթություն՝ պլանի կատարումը:
Իմ կարծիքով, սպասվող հարկային մուտքերի փոխհատուցման համար անհրաժեշտ է վերանայել ոչ միայն եկամտային հարկի դրույքաչափերը, այլև՝ գույքահարկի: Եթե երկիրը անցնում է անուղղակի հարկերի վրա հիմնված հարկային համակարգից դեպի ուղղակի հարկերի վրա հիմնված հարկահավաքություն, ապա եկամտային, շահութահարկի հարկերի հետ մեկտեղ անհրաժեշտ է մեկ միասնական մոտեցման ներքո բարեփոխման մեջ նեռարել նաև մյուս ուղղակի հարկը՝ գույքահարկը:
Կարծում եմ, որ անհրաժեշտ է կատարել մի քանի քայլ:
1. Թույլ տալ ներկայացնել քաղաքացիներին տնային տնտեսությունների միասնական հարկային և գույքային հայտարարագիր, ներառելով այդ տնային տնտեսության մեջ ապրող ընտանիքի անդամներին՝ աշխատող և ոչ, խնամառու և խնամակալ, մերձավոր բարեկամներին, որոնք սպառումն իրականացնում են միասնաբար, այսինքն երախաներին, տատեր-պապերին, այլ մերձավորներին որոնք ապրում են միասին կամ մեկ խնամառուի եկամտուների հաշվին: Հասկանալի է, որ Դուբայում ապրող և աշխատող եղբայրը այդ ընտանեկան տնտեսության հայտարարագրի մեջ չի կարող ներառվել: Այս հանգամանքը հատկապես կարևոր է գյուղական բնակավայրերում ապրողների համար, իհարկե արտադրական գույքի առանձին հաշվարմամբ:
2. Սահմանել անձնական գույքի գույքահարկի աճող և էֆեկտիվ սանդղակ շարժական և անշարժ (ավտոմեքենաներ, նավակներ և այլն) գույքի մասով, այդ թվում թույլ տալ քաղաքացուն հարկվել որպես տնային տնտեսություն: Օրինակ. մեկ շնչին/քաղաքացուն ընկնող, ենթադրենք՝ 50 հազար ԱՄՆ դոլարից բարձր գույքը ենթակա է հարկման 1 տոկոսի դրույքաչափով, 100 հազար ԱՄՆ դոլարից բարձրը՝ 2 տոկոսով, մեկ միլիոնը՝ 5 տոկսով: Եթե քաղաքացին ուզում է այդ գույքահարկը նվազեցնել իր ընտանիքի անդամների քանակով, ապա պիտի ունենանա հնարավորություն ընտանեկան տնտեսության միասնական հայտարարագիր ներկայացնելու, ներառելով այդ ընտանեկան տնտեսության բոլոր անդամների գույքը և եկամուտները և օգտվելով ամեն շնչին բաժին ընկնող նվազեցման իրավունքից: Այսպիսի մեխանիզմը թույլ կտա իրականացնել ինչպես արդյունավետ հաշվառում՝ բացահայտելով պատկերը, այնպես էլ գույքահարկի հարկման տիրույթից դուրս կթողնի ցածր եկամուտներ ունեղոցներին և միջին դասակարգը, հարկային բեռը կենտրոնացնելով հարուստների վրա:
Այս գույքահարկի հարկման մեխանիզմը ի վերջո պիտի հիմք հանդիսանա նաև եկամտային հարկի հարկման մեխանիզմի կայացման համար: Պարզ ասած, չորս անձ ունեցող ընտանեկան տնտեսության համար մինչև 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք չհարկվող գույքը ողջամիտ շեմ է միջին դասակարգի համար, իսկ ներդրված համակարգը թույլ կտա իրականացնել ապագայում և եկամուտների բազմաստիճան հարկումը, և իրականացնել արդյունավետ հասցեական սոցիալական քաղաքականություն՝ տրանսֆերներն ուղղելով իսկապես անապահով ընտանիքներին:
Նաև, որպես հետևանք անհատների սեփականություն հանդիսացող և վարձով տրվող արտադրական, հասարակական նշանակության գույքը քաղաքացիները ստիպված ներդնելու են աշխատող ձեռնարկությունների գույքի կազմի մեջ՝ գույքահարկի գումարը նվազեցնելու նպատակով: Ի վերջո, ստվերի վերացման տեսակետից, իրավական պատկերը սկսելու է մոտենալ իրական տնտեսավարման հարաբերություններին:
3.Սահմանել, որ անշարժ և շարժական գույքը ենթակա են պարտադիր ապահովագրման, և գույքահարկի գումարի հաշվարկման նպատակով հարկման բազա է ընդունվելու ոչ թե կադաստրային կամ այլ արժեքը, այլ ապահովագրական ընկերությունների գնահատված ամբողջական փոխհատուցման արժեքը: Հասկանալի է, որ տվյալ դեպքում անշարժ գույքի հարկային բազայի մեջ մտնելու են տան կենցաղային տեխնիկան, շքեղ վերանորոգումը, ի վերջո՝ շուկայականին մոտ գնահատականները, անկախ կադաստրային արժեքից:
Եթե հարկային համակարգը դեռ պատրաստ չէ համընդհանուր հայտարարագրման մեխանիզմին, ապա վերը նշված մեխանիզմով կարելի է հայտարարգրումը պարտադիր դարձնել առավել ռիսկային խմբերի համար անկախ պետական պաշտոնյա լինելու հանգամանքից: Մասնավորապես, մեծ գույքահարկ վճարող անձինք ամեն տարի պիտի կարողանան ներկայացնել այդ գույքահարկի վճարման համարժեք եկամտի աղբյուրները, ինչը ձեռնարկությունների եկամուտների և իրական բաժնետերերի բացահայտման խթան կհանդիսանա, իսկ սեփականատերերը ստիպված են լինելու բացահայտել գույքահարկի վճարման համար աղբյուր հանդիսացող եկամուտները, հետևաբար՝ ձեռնարկությունների իրական շրջանառությունը, շահույթները և դիվիդենտները:
Նաև անհրաժեշտ է սահմանել ժամանակացույց, որով քաղաքացիների տարբեր կատեգորիաներ պիտի անցնեն եկամուտների և գույքի պարտադիր հայտարարագրման, արդեն իսկ արտոնելով կամավոր հայտարարագրման հնարավորությունը՝ տնային տնտեսությունների սկզբունքով:
Հարկային բարեփոխումների ուղին ճիշտ է որդեգրած, սակայն ընտրված ճանապարհի ներքո արդեն իսկ կարելի է ներդնել ուղենիշներ, որոնք ցույց կտան հետագա զարգացման ընթացքը ու հստակ սիգնալ կհանդիսանան և ներդրողների, և հարկատուների համար: Ի վերջո այդ մեխանիզմը՝ հայտարարգրումը, բազմաաստիճան տարբերակված հարկումը ու հասցեական սոցիալական աջակցությունը պիտի վաղ թե ուշ ներդրվի, և անկախ տվյալ պարագայում գույքահարկի մուտքերի ծավալներից՝ ռազմավարության ներկայացումը կդարձնի բարեփոխումները ինչպես կանխատեսելի, այնպես էլ հանրային աջակցության տեսակետից հաջողած ու անդառնալի:
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Paylak Tadevosyan