(no subject)

Aug 03, 2018 16:02

Ուրեմն ազգը Լավրովի հայտարարությունն է քննարկում, ինքնիշխանության, ազգային պետության սուվերենության մասին է խոսում, այսինքն լրիվ ազգայնական օրակարգի մեջ է, իսկ Tatul Hakobyan-ը օտար ուժ հրավիրողին անվանեց ազգայնական, իսկ քաղաքացուն հակադրեց հայրենասերին:

Ինչ որ մանիակալ մոլուցք կա մեզանում՝ հակադրել ազգի և պետության ինքնպաշտպանության գլխավոր մեխանիզմը առօրյա քաղաքական անցուդարձին:
ՈՒ գրել բաներ, որ տարրական տրամաբանության հետ խնդիր ունի:

Ի տարբերություն դասային հասարակարգի՝ ժողովուրդի ոչ դասայաին կազմակերպման ձևը կոչվում է քաղաքական ազգ, ուզում եք երակներդ կտրեք: Եվ այդ անցման գաղափարախոսությունը ազգայնականությունն է, որը հռչակում է կոլեկտիվ առաջընթաց, ազգի բոլոր անդամների համար կառավարման մասնակցելու հնարավարություն ու պարտավորություն, ֆեոդալական և կղերական համակարգի ոչնչացում, ազգի բոլոր անդամների հավասար իրավունքներ և պարտականություններ, կոլեկտիվ սոցիալական պատասպանատվություն և այլն: Ազգայնականությունը սա է, ուրիշ ոչինչ:

Ազգայնակությունն է որ ստեղծում է ունիվերսալ լեզու և հանրային լուսավորություն, մշակույթ, նույնիսկ ազգի պատմության դասագիրք, կանոններ ու նորմեր՝ տեղական, դասային և համայնքային առանձնահատկությունները նվազեցնելու և միասնական ազգ ստեղծելու համար:

Եթե մարդիկ այդ դեպի ազգ անցման ու ազգի կայացման դեմ են հանդես գալիս, ապա փաստացի դաշնակիցն են քյարթ, հետադիմական, ավատատիրական, նախամոդեռն համակարգին:

Գլոբալիզացման շրջանում տրանսնացիոնալ կորպորացիաների և կայսրությունների միակ հակակշիռը ազգային պետություններն են: Եթե մարդիկ այդ ազգային պետությունների դեմ են հանդես գալիս, ապա հանդիսանում են այդ ՏՆԿ-րի ու կայսերականության դաշնակիցը և նեոգաղութացման կողմնակիցը:

Խոսքը նույն սուբյեկտի մասին է, որը չի կարող իր իրավունքները պաշտպանի ներսում, և չպաշտպանի դրսում, և հակառակը: Նույն սուբյեկտն է, որը իր ճակատագրի տերն է և պիտի ունակ լինի դիմագրավելու մարտահրավերներին և դրսում, և ներսում:

Չի կարող քաղաքացին լինել ազատ, եթե իր պետությունը ազատ չի, և հակառակը: Չի կարող երկրի քաղաքացին չլինել հայրենասեր, և հայրենասերը չլինի իր երկրի քաղաքացին (խոսքը անձնագիր-քաղաքացի լինելու մասին չի): Երկրի քաղաքացի՝ ի վերջո հենց հայրենասեր էլ նշանակում ու ընկալվում:

Դժվար բան չի: Բայց չէ, էլի ու էլի փորձում են հակադրել, տրոհել, նենգափոխել, ու արդյուքնում պարզվում է դրսի ուժը հանուն իր փողի հրավիրող նեո-ավատատիրական, քրեական ուժը իբր թե հայրենասեր է, իսկ պետության ինքնիշխանության համար պայքարողը՝ իբր ազատական:

Էս մտավոր աջաբսանդալից չե՞ք հոգնել:
Դժվար է իրերը իրենց անունով կոչե՞լ: Ինչն է՞ ձեր խնդիրը:

Էշիզմ, Քարվաճառ, Հայք, Անդրանիկություն, Հայաստան

Previous post Next post
Up