(no subject)

Jun 08, 2018 21:08

Խոշոր ներդրողին Ազգային անվտանգության ծառայության աշխատակից կցելու քայլը շատ վտանգավոր է. մեծ ռիսկ կա, որ խոշոր կապիտալը ու հատուկ ծառայությունները կարող են սերտաճել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հայկ Բալանյանը: «Մենք հիմա ենք փորձում քանդել բիզնեսի ու քաղաքականության սերտաճումը, իսկ հատուկ ծառայությունների պարագայում վտանգը շատ ավելի մեծ է։ Պետք է հիշել, որ մեր հատուկ ծառայությունները դեռ չեն կայացել որպես ինստիտուտ»,- նշեց նա: Տնտեսագետի կարծիքով՝ կառավարությունը պետք է օրենքի գերակայությունն ապահովի անկախ դատարանների միջոցով, ոչ թե «զանգ ԱԱԾ-ին» սկզբունքով։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկմանը հայտարարել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունում ստեղծվելու է ներդրումներն ապահովող բաժին և յուրաքանչյուր խոշոր ներդրողի կցվելու է ԱԱԾ աշխատակից, ում պատասխանատվությունը կլինի արագ արձագանքել ներդրողի բոլոր ահազանգերին և լուծել այդ խնդիրները:
ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը սա շատ վտանգավոր է համարում, ըստ նրա՝ «ոչ ոք չի վստահելու մեզ»: Դուք ի՞նչ կարծիքի եք, այս մեխանիզմը վտանգավո՞ր է, թե՞ կարող է նպաստել ներդրումների ծավալների աճին:

- Ներդրումներին, չգիտեմ, կնպաստի, թե ոչ, բայց որ այս քայլը շատ վտանգավոր է՝ վստահ եմ։ Մեծ ռիսկ կա, որ խոշոր կապիտալը ու հատուկ ծառայությունները կարող են սերտաճել։ Մենք հիմա ենք փորձում քանդել բիզնեսի ու քաղաքականության սերտաճումը, իսկ հատուկ ծառայությունների պարագայում վտանգը շատ ավելի մեծ է։ Պետք է հիշել, որ մեր հատուկ ծառայությունները դեռ չեն կայացել որպես ինստիտուտ և ազգային ինստիտուտ, հակառակ դեպքում թույլ չէին տա հանրապետական կլեպտոման ու կլեպտոկրատ վարչակարգի գոյությունը։

Այդ ծառայությունները բազմաթիվ անգամ մանր սանրով մաքրվել են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից, զտվել են ու հագեցվել են համապատասխան որակի մարդկանցով ու ազգականներով, ուղղակի անձնական ագենտներով ու կատարել են բոլոր հրամաններն առանց առարկության և այդ գործառույթը կրելիս կարող են դառնալ և հետադարձ կապի խողովակ բոլոր հետևանքներով։

Խնդիրների լուծման համար բավարար է մեկ թեժ գիծ, նույն հարկայինում, ասենք՝ ֆինանսական հաշտարարի հետ, դատարաններում և այլն, և այլն, որ այդ ինստիտուտները կայանան։ Իսկ ԱԱԾ-ին նման գործառույթ վստահելը շատ վտանգավոր խառնուրդ է տալու։

-Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անցումային շրջանում գտնվող երկրներում այս մեխանիզմը գործել է և որոշակի արդյունքներ տվել է: Դուք տեղյա՞կ եք, միջազգային օրինակ կա՞, երբ ԱԱԾ աշխատակից է կցվում խոշոր ներդրողին:

- Հայաստանն է այդպիսին եղել։ Նախկին իշխանավորները խոշոր ձեռներեցներին տալիս էին իբր պահակազոր, «ախրանա»՝ վկայականով, զենքով, հաստիքային սպաներին, որ իբր պաշտպանեին այդ գործարարներին։ Իսկ իրականում այդ բիզնեսմեններին էին հետևում ու զեկուցում էին ամեն մի քայլի ու հանդիպման մասին։ Արանքում ծառայում էին ի վերջո իրենք իրենց։

Կարծում եմ՝ ավտորիտար երկրներում ոչ հրապարակային այդ պրակտիկան ընդհանուր է, սակայն ամենուրեք արդյունքը նույնն է՝ սպաները դառնում են բիզնեսմեն, բիզնեսը սերտաճում է հատուկ ծառայությունների հետ։ Վառ օրինակը Ռուսաստանն է, որին այդ կապը ոչ մի լավ բան չբերեց։

Իհարկե, բարեփոխումների համար բազա է անհրաժեշտ ու նաև գործիք, «կախարդական փայտիկ», բայց վատ վարձատրվող ԱԱԾ-ն, որ պիտի աշխատի շատ մեծ փողերի հետ՝ լավագույն լուծումը չէ։

-ՀՀ-ում ներդրումային միջավայրի բարելավման համար ի՞նչ է անհրաժեշտ: Ձեր կարծիքով՝ նոր կառավարությունն ի՞նչ քայլեր պետք է անի այս ուղղությամբ:

- Օրենքի գերակայությունն ապահովել անկախ դատարանների միջոցով, ոչ թե «զանգ ԱԱԾ-ին» սկզբունքով։ Կտրուկ բարեփոխումներ դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականության մեջ։ Անհրաժեշտ է հստակ սահուն ծրագիր գերծանր ազգային տարադրամը արժեզրկելու ուղղությամբ՝ հարակից միջոցառումների համալիրով, նաև անհրաժեշտ է հարկերի մտածված նոր համակարգ, ինչպես նաև վարչական միջոցներ՝ օրենսդրությամբ ամրապնդված։

Օրինակ՝ օրենքով սահմանել արդեն այսօր, որ ասենք 2021թ.-ից արգելվելու է հանքանյութի արտահանումը Հայաստանից, որպեսզի ոսկին ու մոլիբդենը տեղում ձուլվեն, ոչ թե Աֆրիկայի նման ոսկու հանքանյութ արտահանենք Բելգիա, Շվեյցարիա։ Սա ուղղակի կատարյալ աբսուրդ պրակտիկա է։

Հաջորդը՝ օրենսդրորեն սահմանվի, որ ասենք 2025թ.-ից ոսկու և այլ մետաղների արտահանումն է արգելվում և թույլատրվում է միայն արտադրանքի արտահանումը՝ ոսկերչական իրեր, վերջնական արտադրանք, ձուլվածքներ(прокат), և այլն։ Եվ այդպես շարունակ նվազեցնել ցածր ավելացրած արժեք ունեցող արտադրանքի՝ հումքի և կիսապատրաստուկների արտահանումը ու ավելացնել վերջնական արտադրանքի արտահանումը։ Բանակցել ու օգնել բիզնեսին այդ անցումը կատարելու։

Նաև պետական մասնակցությամբ ու նախաձեռնությամբ խոշոր բաժնետիրական ընկերությունների ստեղծումը կնպաստի բլանկային ներդրումների իրականացմանը, կներգրավի նաև փոքր կապիտալ ունեցող մարդկանց փողը։

Եվ հիմնականը՝ պետք է ստեղծել այն խավը իր ինստիտուտներով, որը հետամուտ կլինի նվաճումների պաշտպանությանը իր շահերից ելնելով, կվերահսկի կառավարությունը, դատարանները ու ԱԱԾ-ն։ Միայն այդ խավը՝ մեծաքանակ ու հզոր միջին դասակարգն ի վիճակի է ապահովել իրավիճակի մշտական վերահսկողությունը ու անդառնալիությունը։ Այդ նպատակով մեր հանրության սոցիալ-քաղաքական կառուցվածքի բարեփոխումների ծրագիր է պետք։

http://www.tert.am/am/news/2018/06/08/balanyan/2708102

Սոցիալ-տնտեսություն, Հարցազրույց, Հայաստան

Previous post Next post
Up