Հարություն Ծատրյան` «Ազգային մշակույթի պահպանությունը թիվ մեկ գերխնդիրն է այսօր»

May 23, 2011 21:39


1. -Ի՞նչու որոշեցիք հենց պարարվեստն ու երգարվեստը պահպանել
և ոչ թե ասենք գրական խոսքը կամ երթևեկության կանոններին ենթարկվելու հարցերը:

-Անշուշտ, թե երթևեկության կանոնների պահպանությունը, թե գրական խոսքի անաղարտությունը շատ կարևոր խնդիր է ու շուտափույթ լուծում է պահանջում, բայց մի հարցով պիտի զբաղվեն ոստիկանները, իսկ մյուսով` լեզվաբանները, լրագրողներն էլ պիտի անընդհատ անդրադառնան այդ խնդիրներին` թույլ չտալով, որ այն դուրս մնա հանրայնությունից, բայց մասնակցելով Միտք վերլուծական կենտրոնի դասընթացներին, հասկացա, որ այսօր ինձ նման երիտասարդի համար դրանցից էլ ավելի կարևոր խնդիր կա. մեր ազգային մշակույթի պահպանությունը թիվ մեկ գերխնդիրն է այսօր: Թե ազգային երգարվեստը, թե ազգագրական պարերն այսօր անուշադրության են մատնված հանրության լայն զանգվածների կողմից, ինչն ուղղակի անգիտության պատճառով է եղել, այսինքն` արդի երիտասարդությունը չի գնահատում ազգայինը, քանի որ չգիտի` թե ընդհանրապես ինչ բան է այդ ազգայինը: Ես փորձում եմ որքան հնարավոր է, հասկացնել մարդկանց ազգայինի արժեքը:

2. Ո՞րն է ձեր վերջնական նպատակը, ի՞նչ միջոցներ ենք ընտրել նպատակին հասնելու համար, ովքե՞ր են թիմի մնացած անդամները:

-Նախ ասեմ, որ ես մենակ չեմ, ինձ հետ են իմ ընկերները, որոնց հետ ծանոթացել եմ հենց Միտք վերլուծական կենտրոնի կողմից անցկացված դասընթացների ժամանակ: Բոլոր գաղափարակից ընկերներս էլ շատ վճռական են տրամադրված` մեր առջև ունենալով հետևյալ խնդիրները. այնպես անել, որ ստեղծվի այլընտրանքի տարբերակ այն մարդկանց համար, ովքեր սիրում ու ցանկանում են լսել ազգային երաժշտություն, կամ էլ տեսնել ազգային պար, ինչպես նաև այնպես անել, որ հանրակրթական դպրոցներում կրկին սկսեն գործել ազգագրական խմբերը, իսկ բուհերում էլ` ազգային երգչախմբերը: Այլընտրանքային տարբերակը ցանկալի է, որ կիրառվի հենց հեռուստատեսություն, իսկ այ ռադիոյում դրա կիրառումը ևս վատ չէր լինի, թեև թիվ մեկ նպատակը հեռուտատեսության հետ աշխատանքն է: Նպատակ է նաև մարդկանց հետ աշխատելը, որպեսզի նրանք հասկանան ազգային մշակույթի կարևորությունը, և օտարի կողքին երբեք չստորադասեն սեփականը: Մեր նպատակին հասնելու համար գործադրում ենք ամեն միջոց, թեև գերծանրաբեռնված կերպով աշխատում ենք հատկապես երիտասարդների հետ, այնպիսի երիտասարդների, ովքեր ցանկանում են հայ մնալ ու չօտարվել: Այդպիսի երիտասարդների կարելի է հանդիպել թե համացանցում, թե համալսարանում, թե դրսում, մի խոսքով` ամենուր էլ կան նման մարդիկ:

3. Չե՞ք կարծում, որ առանց պետական աջակցության նման նախաձեռնության պարագայում այսօր դժվար է Հայաստանում  որևէ էական արդյունք ստանալ:

-Իհարկե դժվար է մեր գործը, իսկ մենք հենց սկզբից էլ չենք մտածել, որ հեշտ խնդրի ենք բախվելու:‎ Պետք է այնպես անել, որ հենց պետությունը հասկանա, որ կա ազգայինի պահպանման գերխնդիր, ու սկսի միջոցներ ու լծակներ գործի դնել:

4. Դուք նշել եք, որ չեք ենթարկվում կառավարությանը, չեք համագործակցում շահագրգիռ այլ կողմերի հետ, եթե այնունամենանիվ առաջարկ լինի չե՞ք համագործակցի, գուցե ավելի մեծ արդյուննքերի հասնեք:

-Կարծում եմ մեզ այլ կերպ են հասկացել, մենք ցանկանում ենք աշխատել բոլոր այն մարդկանց հետ, ովքեր շահագրգիռ են միմիայն մշակութային հարցերում, այլ ոչ թե անձնական շահ են տենչում: Մեր գերակա խնդիրն է գտնել շահագրգիռ մարդկանց, իրական հայրենասերների, ովքեր առանց որևէ վարձատրության, ինքնակամ մասնակցեն մի շարք ազգային մշակությանին միջոցառումների ու հանդիպումների. այ այսպես պետք է հասկանալ մեզ:

5. Ի՞նչ շոշափելի արդյունքներ եք ստացել և որո՞նք են ամենաէական խոչընդոտները, որ հանդիպում են ձեր աշխատանքի մեջ:

-Խոչընդոտները հիմնականում անգիտության հետ են կապված, մարդիկ մեզ սրերով չեն դիմավորում, ուղղակի նրանք շատ հարցերում անտեղյակ են, իսկ դա գալիս է սխալ քաղաքականությունից, որը տարվում է մեր հեռուստաեթերով ու ամենուրեք: Զգալի արդյունքներ ունենք, նախ կարևոր է, որ մեր միջոցառումներին մասնակցում են, ինչպես նաև մեր մասին խոսում են մշակույթի նախարարությունում: Մեր նախարարը` տիկին Պողոսյանի հետ զրույցում հասկացա, որ նա ևս ցանկանում է օժանդակ լինել ազգային խնդիրների ու երգ-երաժշտության ու պարարվեստի տարածմանը, բայց դա պետության թիվ մեկ քաղաքականությունն չէ, ցավոք: Ապագայում, նոր հաջողությունների ենք սպասում, և դրան հասնելու արդեն կոնկրետ ծրագիր կա:

Աղբյուրը այստեղ:

ազգային երաժշտություն, ազգային, Հայֆոն, երաժշտություն, հայկական, հայրենասիրություն, հայֆոն

Previous post Next post
Up