Երաժշտության որակն այսօր նվազում է երկրաչափական պրոգրեսիայով: Մենք ունենք լավ երաժշտություն, բայց դա սովետական տարիների մնացորդն է: Այսօր մենք մշակույթի ժողովուրդ չենք և ամեն ինչ անում ենք, որ այն, ինչ ունենք, կործանվի,- այսօրվա ասուլիսում հայտարարեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը: Նա նշեց, որ ֆիլհարմոնիկն այսօր գոյատևում է միայն բարեգործների շնորհիվ, ուստի ինքն ուզում է հանդիպել վարչապետին ու ներկայացնել ֆիլհարմոնիկի խնդիրները: Մեր ֆիլհարմոնիկը ունի անփոփոխ երաժիշտներ, եթե նրանք էլ հեռանան, ինչպես շատերը, ապա ինչ ունենք, այն էլ կկորցնենք,- մտահոգված է ֆիլհարմոնիկի ղեկավարը: Նա դժգոհ է այն փաստից, որ մեր շատ հեռուստաընկերություններ դասական երաժշտությունը մատուցում են միայն հիշատակի օրերին: Դա, նրա խոսքով, անգրագիտություն է և Շտրաուսի վալսը չի կարող ողբերգության հետ կապել: Այսօր բեմում երգող աստղիկների երգերը արվեստ չի կարելի համարել: Ցավոք, նախկինում մշակույթ ունեցող մեր ժողովուդն է դրա պահանջարկը ներկայացնում, ինչը սոսկալի է: Արվեստը չի գնահատվում: Այսօր այս կամ այն ճյուղի զարգացումը կախված է անձերից, իսկ մեր մշակույթի շատ հանրաճանաչ մարդիկ մտնում են այս կամ այն կուսակցություն դրամի համար,- ասաց նա: Դիրիժորը սակայն հավելեց, որ նրանց չի մեղադրում. Եթե մեր յուրաքանչյուր աշխատող ստանում է 25 հազար դրամ, ապա դրանով ինչպես ապրի, այդ գումարը գոյությունը քարշ տալու համար էլ բավական չէ: Իսկ հարևան պետությունները մեր երաժիշտներին առաջարկում են կլորիկ գումարներ, նրանք էլ ունենալով դրա կարիքը, չեն հարժարվում:
Աղբյուրն
այստեղ: