Աշուղական երգարվեստի քարոզչությամբ պետք է զբաղվեն ոչ միայն անհատները, այլ նաեւ մշակույթի նախարարությունը, որը, սակայն, այսօր նման գործառույթ գրեթե չի իրականացնում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանը։
Նրա խոսքով, Հայաստանի մշակույթի նախարարությունն այսօր առավելապես աջակցում է նրանց, ովքեր ցածրորակ, իրենից ոչ մի արժեք չներկայացնող երաժշտություն են մատուցում։ «Այդ փրփուրի նման երգերը կգան ու կանցնեն, բայց Սայաթ-Նովան ու Կոմիտասը հավերժ կմնան»,- համոզմունք հայտնեց Պողոսյանը։ Արտիստի տեղեկացմամբ, թեպետ այսօր համերգասրահներ վարձակալելն ու սեփական գովազդով զբաղվելն իրենց մեծ դժվարությամբ է հաջողվում, սակայն իրենք անում են ամեն բան, որպեսզի աշուղական արվեստը չխամրի։ «Ճիշտ է, մշակույթի նախարարությունը մի քանի անգամ օգնել է մեզ համերգասրահներ հայթայթելու հարցում, սակայն միայն դա բավական չէ։ Աշուղական արվեստի հանդեպ ուշադրությունն ավելի մեծ պետք է լինի»,- համոզմունք հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստը՝ միաժամանակ ավելացնելով, որ բացի Երեւանից, աշուղական անսամբլը իր իսկ ուժերով հաճախ համերգներ է կազմակերպում նաեւ հանրապետության մարզերում։ «Վերջերս համերգներ ենք ունեցել Սյունիքում եւ Տավուշում։ Բացի այդ, աշուղական արվեստի պահպանման նպատակով աշուղական երգի դպրոցներ ենք հիմնել ու հիմնում։ Երեւանում՝ աշուղ Ջիվանու դպրոցում, օրինակ, շուրջ 200 երեխա է սովորում։ Հենց այդ երեխաներն էլ մեր աշուղական արվեստի ապագան են»,-նկատեց Թովմաս Պողոսյանը։
«Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավարի հավաստմամբ, առաջներում կային մարդիկ, ովքեր պնդում էին, որ աշուղական արվեստն անկում է ապրում, եւ որ հայ ժողովրդի վերջին աշուղը Ջիվանին է։ «Սակայն հետո եկան աշուղ Հավասին, աշուղ Աշոտն ու աշուղ Շահենը։ Հիմա էլ ժամանակակից ավելի քան 40 աշուղներ ունենք»,-տեղեկացրեց նա։
Ամփոփելով՝ Թովմաս Պողոսյանը նշեց, որ հուլիսի 1-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ժամանակակից 40 աշուղներից 25-ը հանդես եկան համերգով, ուր ներկայացրեցին սեփական ստեղծագործությունները։ Համերգը կրեց «Մեր ժամանակի աշուղները» խորագիրը։
Աղբյուրն`
այստեղ: